Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք սերունդ, որը ոչ թե զոհ է, այլ պահանջատեր». Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ

Ապրիլ 24,2020 16:12

«Ցավոք, և′ դասագրքերը, և′ դպրոցների մեծ մասում դասավանդումը հնարավորություն չի տալիս, որ երեխաները Հայոց ցեղասպանության հետ կապված ինչ-որ վերլուծական աշխատանք կատարեն և փորձեն հասկանալ այդ ամենն ավելի լայն համատեքստում»,-«Մեդիա կենտրոն»-ում «Ինչպե՞ս է ներկայացված Ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերում» թեմայով առցանց քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը:

Նրա հաղորդմամբ՝ դասագրքերում՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հետազոտությունները ցույց են տալիս, որ դասագրքերում, ընդհանուր առմամբ, լայն համատեքստի պատճառով, կարծես Հայոց ցեղասպանության ներկայացումը ստացվում է թուրքերի հետ կապված իրողություն, դա արձանագրվում է երեխաների մոտ՝ որպես քաղաքական, պետական հանցագործություն, և այս առումով կան որոշակի խնդիրներ:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Հայոց պատմության ուսուցիչ Տաթև Սարդարյանը փաստեց՝ արդեն դպրոց եկող աշակերտը թուրքին համարում է իր թշնամին: Պրակտիկ դասավանդման մասին ասաց. «Միանգամից չենք սկսում 1915 թվականից: Հայոց ցեղասպանության առաջին փուլ է ներկայացվում՝ պանթուրքական ծրագրերը, քրդական ջոկատների կազմավորումը, հայ-քրդական համագործակցության խանգարումը թուրքական իշխանությունների կողմից: Երբ հերթը հասնում է Հայոց ցեղասպանությանը, այստեղ մենք գործ ունենք թեմատիկ առումով Առաջին համաշխարհային պատերազմի, կովկասյան ճակատի, ռուս-թուրքական բախումների հետ, երբ հայ ժողովուրդը դիմում է ինքնապաշտպանության և պատերազմական գործողությունների ընթացքում հայտնվում թուրքական պետական քաղաքականության իրագործման թիրախում»: Նա նշեց, որ դասագիրք կազմողներն ավելի հմտացել են. սկզբում տրվում է ցեղասպանության մասին սահմանումը, ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին տեղեկություն, հետո բերվում է Հայոց ցեղասպանության համատեքստ:

Լուսինե Խառատյանի դիտարկմամբ՝ դասագրքերում, հատկապես հայոց պատմության, քիչ տեղ կա աշակերտների քննադատական մտածողության համար: Ըստ նրա՝ դա է պատճառը, որ երեխաների շրջանում թուրքատյացությունը զարգանում է, չկա ընկալում, որ հայոց պետականություն այդ ժամանակ չկար, որ հայերը, որոնք ապրում էին Օսմանյան կայսրության տարածքում, այդ նույն պետության քաղաքացիներն էին, և սրա պատճառով երեխաների մոտ մի շիլաշփոթ է ստացվում, որտեղ հայեր-թուրքեր լույսն է, որոնք ինչ-որ իրավիճակում կռվում են իրար դեմ:

Տաթև Սարդարյանը հակադարձեց՝ վստահեցնելով, 11-րդ դասարանի դեռահասն արդեն ինքը կարողանում է իր ունեցած հմտություններով վերլուծել, քննադատել ու նշեց. «Նրանք փորձում են նաև քննադատել այն հայերին, որոնք քայլեր չէին ձեռնարկում Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատվելու համար: Վերջին տարիների սերունդներն անգամ քաղաքական կուսակցությունների՝ հատկապես Դաշնակցությանն են մեղադրում Հայոց ցեղասպանության իրագործման, այդ ժամանակ երիտթուրքերի հետ համագործակցության հարցում»:

Հարցին՝ որքանո՞վ է դասագրքերում ներկայացվող տեղեկատվությունը զերծ քարոզչականության բաղադրիչից, ուսուցչուհին պատասխանեց՝ նշելով՝ ուզենք, թե չուզենք քարոզչական տեսանկյունից այդպիսին է ու հիմնավորեց. «Առավել ևս գլոբալիզացիայի տարածվածության պայմաններում մեզ շատ դեպքերում ազգային գաղափարախոսությունն է պակասում»:

Ուսուցչուհին վստահեցրեց` հիմա ունենք այնպիսի սերունդ, որը ոչ թե զոհ է, այլ պահանջատեր ու այս առիթով եզրափակեց. «Փոխվել է Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման վերաբերյալ վերաբերմունքը ուսուցիչների՝ նաև մեծ սերնդի մոտ: Առավել ևս աշակերտները՝ ՀՀ պետականության ապագա կերտողներն իրենց համարում են ՀՀ քաղաքացի և հայոց պահանջատիրության ներկայացնող: Թեման ոչ միայն ուսումնասիրում ենք եղեռնի դասի մեջ, այլև հայկական սփյուռքը, որպես հայոց պահանջատիրության ներկայացուցիչ համատեքստում, նաև շեշտադրվում է, որ դիվանագիտության խնդիրներից առաջնայինը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Երեխաները քննարկում են, թե ինչ պիտի անեն իրենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի ճանաչված իրողություն, և Թուրքիան երկընտրանք չունենա: Բայց նաև աշակերտների մոտ Թուրքիա պետության հանդեպ որոշակի դրական վերաբերմունք է դրսևորվում: Տեսնում են, այնուամենայնիվ, դիվանագիտական կապեր չկան, բայց տնտեսական կապերն առերևույթ թաքցնել հնարավոր չէ: Ներկայիս աշակերտի մոտ զոհի կերպար ձևավորված չէ, այլ պահանջատիրոջ, իր ձեռքում հնարավորություն ունեցող սերունդ ենք դաստիարակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930