Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի 10 աշխատակից թեստավորվել է, որից 8-ի պատասխանը բացասական է եկել, երկու աշխատակցի հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը: Այս մասին Aravot.am- հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալական քաղաքականության հարցերով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ աշխատակիցները թեստավորվել են ձեռնարկության նախաձեռնությամբ, քանի որ մեկ աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Հանքավայրի աշխատակիցը Վարդենիս քաղաքի բնակիչ է եւ վարակվել է իր հարեւանից:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Վարդենիսում արդեն 47 հաստատված դեպք կար, 150 անձ էլ մեկուսացվել էր:
Տիկին Գրիգորյանի խոսքով, նախքան թեստի դրական պատասխանը, իրենց աշխատակիցը մի քանի օր աշխատանքի չի գնացել եւ որից հետո միայն նրա մոտ վիրուսը հայտնաբերվել է: Ռուզաննա Գրիգորյանի տվյալներով, այս պահին ընկերության 100 աշխատակից մեկուսացված է, որոնց թվում են նաեւ կենսաթոշակի տարիքի, այսինքն՝ ռիսկի խմբում գտնվող աշխատակիցները. նրանք աշխատում են հեռահար եղանակով:
«Ընկերությունն ամեն օր մոնիթորինգ է իրականացնում՝ ռիսկային խումբ հայտնաբերելու համար: Այդ ռիսկային խմբում դիտարկում են ոչ միայն այն աշխատակիցներին, որոնք շփվել են միմյանց հետ, այլեւ, եթե Վարդենիսում կա դեպք, եւ աշխատակիցներից մեկը շփվել է վարակված այդ քաղաքացու հետ կամ նրա հարեւանի, բարեկամի, նրանց ներառում ենք այդ ռիսկային խմբի մեջ եւ ուղարկում ենք ինքնամեկուսացման: Մեկուսացված 100 աշխատակցի մեջ մտնում են նաեւ կենսաթոշակի տարիքի մարդիկ, որոնք 30-40 հոգի են: Որպեսզի ապահովենք նրանց առողջական բարեկեցությունը»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ երբ համաճարակային իրավիճակ է հայտարարվել, ընկերությունն արդեն սկսել է հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել, աշխատակիցների հետ հանդիպում են կազմակերպել եւ իրազեկման աշխատանքներ տարել. «Մենք բոլորին ասել էինք՝ անգամ թեթեւ գրիպ, ջերմություն, վատ զգացողություն ունենալու դեպքում վերադաս ղեկավարությանը զգուշացնել եւ աշխատանքի չգալ: Եթե որեւէ մեկը ջերմությունով գալիս էր աշխատանքի, մենք նրան իսկույն տուն էինք ուղարկում: Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը տանն է եղել, երբ նրա մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է, աշխատանքի վայրում չի եղել, եւ բոլոր նրանք, որոնք նրա հետ կապի մեջ են եղել աշխատանքի բերումով, ապահովության համար, նրանց ուղարկել ենք թեստավորման եւ թեստերի պատասխանները գալիս են բացասական, երկուսի պատասխանին դեռ սպասում ենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ