Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը պետք է ձևավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ, որի հիմքում Ցեղասպանության անվերապահ ճանաչումն է. «Ազգային օրակարգ»

Ապրիլ 24,2020 15:12

Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանք, այլև մեր պատմական հայրենիքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։ Մեր ազգը մինչև հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ օտարի իշխանության տակ, իսկ Ցեղասպանությունը վերապրողների սերունդներն էլ ցրված են աշխարհով մեկ՝ զրկված սեփական հայրենիքում ապրելու բնատուր իրավունքից։

Չունենալով սեփական պետություն, և տրվելով օտարների սին խոստումներին, մենք չկարողացանք կազմակերպել մեր երկրի և ժողովրդի լիարժեք պաշտպանությունը, իսկ Ցեղասպանությունից և պատերազմից հետո էլ, կորցրեցինք մեր կորուստների դիմաց իրական հատուցում ստանալու եզակի պատմական հնարավորությունը։ Այսօր, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիան շարունակում է ոչ միայն մերժել Ցեղասպանության իրողությունը, այլև ուժային շանտաժի ենթարկել Հայաստանի Հանրապետությանը, ակնկալելով, որ այն կհրաժարվի հայ ազգի հավաքական իրավունքների համար պայքարից, և պատրաստ կլինի համակերպվել առկա իրողություններին։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է տրվի այդ ճնշումներին, և գործելով սփյուռքի հայության հիմնական կազմակերպված ուժերի հետ համատեղ, պետք է ստանձնի հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգման հավաքական պատասխանատվությունը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձևավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ, որի հիմքում Ցեղասպանության անվերապահ ճանաչումն է, և դրա արդյունքում հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների համար Թուրքիայի Հանրապետության կողմից առարկայական հատուցման տրամադրումը։ Միայն այդպիսի հատուցումը կարող է հիմք հանդիսանալ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, ինչպես նաև Հայաստանի և Թուրքայի միջև միջպետական հարաբերությունների վերականգման համար։

Մինչ այդ, մենք շարունակում ենք սգալ մեր բազմահազար անմեղ զոհերին, և ոգեկոչում ենք նրանց հիշատակը՝ պայքարելու ուժ և տոկունություն տալու բոլոր ապրողներին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930