Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը զուգընթաց՝ պետք է ընթանա ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը

Ապրիլ 24,2020 14:45

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման հետ կապված հանրության շրջանում ծագած մտահոգությունները, 2020թ. փետրվարի 4-ին ձևավորել էր մասնագիտական հանձնաժողով, որն իր մեկ ամսվա աշխատանքն ամփոփել էր համապատասխան արձանագրության մեջ:

Հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար մարտի 17-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես կասեցվել էր:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 23-ին խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները և ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը և թափանցիկությունն ապահովելու նկատառումները՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը և, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, ևս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Գ. Մարտիրոսյանը մասնավորապես շեշտել է հանձնաժողովի արձանագրության մեջ ներառված հետևյալ առաջարկությունների պարտադիր կատարման անհրաժեշտությունը.

1.Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչև 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաև նոր կառուցվող հիդրոէլեկտրակայանների դեպքում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.

2.Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.

3.Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության ջրաօդերևութաբանական ցանցի վերականգնման գործընթացը սկսելու համար.

4.2020թ. մայիս-հունիս ամիսներին կազմել կառավարման պլանների բովանդակությունը և ներկայացնել ԱՀ կառավարության հաստատմանը.

5.Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության գետերի ջրավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը սկսելու համար:

Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա, պետական նախարարի խոսքով, դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները և փորձաքննությունները վերանայելու արդյունքում փոփոխության չեն ենթարկվի:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930