Լրահոս
Օրվա լրահոսը

NAY 374-ը՝ ապրիլի 24 -ի խորհրդի, ծոմապահության եւ նոր երգի մասին

Ապրիլ 24,2020 14:23

Aravot.am -ի հետ զրույցում խոսելով ապրիլի  24 -ի խորհրդի մասին՝  Մոսկվայի հայ  համայնքի ներկայացուցիչ Դավիթ Աղաջանյանը, որը Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից է ու որպես ռեփեր հայտնի է NAY 374 բեմական անունով, ասում է` ապրիլի 24-ը հայ մարդու գենետիկ հիշողության մեջ է, հիշողությունն ու պահանջատիրությունը՝ աչքերի ու հայացքի մեջ, ենթագիտակցության խորքում: Նրա խոսքով, սակայն, երեկվա եւ այսօրվա Հայաստանում Հայկական հարցի մասին  մեր քաղաքացիների գիտելիքներն ավելացնելու եւ հստակեցնելու խնդիր կա:

«Մենք պիտի սովորենք Արցախյան խնդրին նայել որպես Հայկական հարցի բաղկացուցիչ մի մասի: Պիտի նաեւ ճանաչենք 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի Լենին-Աթաթուրք ապօրինի պայմանագրերը եւ դրանց դերը մեր ժողովրդի կյանքում: Մենք պիտի ավելի լավ ուսումնասիրենք մեր եղեռնազոհ մեծ մտավորականների կենսագրականներն ու գործը, քանի որ այդ մարդիկ իրենք իրենցով մի Հայաստան էին: Դա այն ժամանակ էր, երբ մենք չունեինք պետականություն: Պիտի նաեւ իմանանք պատմական փաստերով ապացուցվածը»,- ասում է Դավիթ Աղաջանյանը: Նաեւ փաստում  է՝ բոլոր այն վայրերում, որտեղ հայությունը լավ ինքնակազմակերպվել ու միասնական է գտնվել, վճռական պայքար է մղել, այդ տեղերում լայնատարած ջարդերից փրկվել է:

«Ասում ենք՝ ժամանակին կային մեծ նկարիչներ, կոմպոզիտորներ, իսկ հիմա այդքան էլ մեծ չէ նրանց թիվը: Ես կարծում եմ, որ հայրենազուրկ  հայի ցավը, կարոտը, ազատության տենչն արտացոլվում էր մեր տարբեր մտավորական գործիչների ստեղծագործություններում՝ Սարյանի, Մինասի, Արամ Խաչատրյանի, Շիրազի, Երվանդ Քոչարի ստեղծած  բացառիկ գործերում: Այն բարձրությունը, որակը որ ապահովում էին իրենց արվեստում, մի գուցե գալիս էր հայրենիք չունենալու իրենց կարոտից: Ու մի բան էլ՝ պատահական չէր, որ 1966 թ. հենց ապրիլի 24 -ին Երեւանի կենտրոնական բանտում սկիզբ առավ Հայկական Անկախական շարժումը (ԱՄԿ -ն), նկարիչ Հայկազ Խաչատրեանի գլխավորությամբ: Այսինքն, դա այն օրն էր, երբ տարբեր մարդիկ որոշել էին գնալ Կոմիտասի շիրիմի մոտ, ծաղիկ դնել, ինչի համար ձերբակալվեցին: Ես ամեն տարի կազմակերպում եմ այդ երթը հունվարի սկզբին՝ Պանթեոն, Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ:

Ես  միշտ ասում եմ, որ Կոմիտասն իրենով մարմնավորում է Հայոց ցեղասպանության վիշտը, քանի որ ի տարբերություն Վարուժանի, Զարդարյանի, Զոհրապի եւ այլոց, նա չի սպանվել, ինքն ամեն ինչը տեսել է ու հետո ստիպված է եղել այդ հիշողությամբ ապրել: Ու այդ մարդը, որ արտացոլում է Եղեռնի, ոճրի այդ սարսափը, ինչ-որ ձեւով նպաստեց մեր այսօրվա Հայաստանի անկախական շարժմանը: Խորհրդանշական էր, որ ապրիլի 24-ը՝ մեր ազգային սգալու օրը դարձավ մեր անկախական շարժման սկիզբ, ազգային զարթոնքի օր»,-հավելեց մեր զրուցակիցը:

NAY 374-ին նաեւ խնդրեցինք ներկայացնել իր նոր տեսահոլովակը: «Ես երկար տարիներ զբաղվում եմ ռեփ երաժշտությամբ, նաեւ տարբեր ռեփ արտիստների մոտ լսել եմ, որ այդ թեմայով երգեր են ձայնագրում: Ես բավական լավ տիրապետում եմ ռեփ ժանրին, միաժամանակ ահագին տեղեկացված եմ Հայկական հարցի թեմայով՝ փաստաթղթերով, պատմական կարեւոր իրադարձությունների մասին բացառիկ գրականություն ունեմ, որը հաճախ գիտնականներից ոմանք ինձանից խնդրում եմ, պատճենները տրամադրում եմ իրենց:

Դրա համար որոշեցի այնպիսի մի բան գրել, որն ավելի շատ, այսպես ասած՝ «չարացած» երգ լինի: Երգի իմաստն այն է, որ կարիք չունենք ձեր ճանաչմանը, քանի որ մեկուկես միլիոն հայ է սպանվել եւ բոլորդ գիտեք դրա մասին, պարզապես Թուրքիան այսօր հզոր է, ինչ-ինչ քաղաքական խաղերի արդյունքում մոռացվում են մարդասիրության հիմքերը, հայ ժողովրդի վիշտը, կորուստը, հայրենիքի մեծ մասի կորուստը…»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, NAY -ի երգում ասվում է, որ այն ստիպում է սպասել, սակայն Հայաստանի սահմանները փակ են, ու մենք Թուրքիայի հետ շփվում ենք երրորդ կողմի միջոցով, մինչդեռ նրանց հետ պետք է խոսենք երես առ երես. «Երգում ասվում է, որ նրանք սպանում էին մեզ որովհետեւ հայ էինք, սպանում էին, որովհետեւ քրիստոնյա էինք, խլում էին մեր հայրենիքը, ու աշխարհը դրա մասին տեղյակ է: Իսկ այն, որ այսօր չենք հասնում Հայոց ցեղասպանության 100 %-անոց ճանաչմանը, Թուրքիային չենք ստիպում, որ վերացնի Ցեղասպանության հետեւանքները, դրա պատճառը բխում է հաճախ մեր ոչ միասնական լինելուց»:

Ռեփերը հավելում է, որ հարգելով մեր քաղաքական այրերին եւ չլինելով որեւէ կուսակցության անդամ, կարծում է, որ քաղաքական դեմքերից շատերը լինելով պարկեշտ մարդիկ՝ լավ տեղեկացված չեն Հայկական հարցից, պահանջատիրության թեմայից: «Թե չէ մի քանի մտավորականների միջոցով հարցը չի լուծվի»,-ասում է նա:

NAY 374-ը նաեւ մի առաջարկ է անում՝ այն հայերը, որոնք չունեն առողջական խնդիրներ, ապրիլի 24-ին ծոմ պահեն, եւ դա դառնա ավանդույթ՝ ի զորակցություն մեկ ու կես միլիոն սպանված հայերի. «Տարբեր տիպի գրականություն ուսումնասիրելով, մասնագետների հետ շփվելով՝ արդեն քանի տարի է ինքս ծոմ եմ պահում: Ու զգում եմ, թե ինչքան է բարձրանում պարտավորվածությունս ու ինքնագիտակցությունս այդ թեմայով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930