Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշիր, որ մոռանաս․ հայ-թուրքական սիրո պահանջը

Ապրիլ 24,2020 14:00

Ես մի մարդու գիտեի, որն ի սրտե մերժում էր անվստահությունը։ Նա պացիֆիստ էր, անսահման և ամբողջական ազատության կողմնակից էր, անդիմադրելի սիրով սիրում էր ողջ մարդկությանը (…) Տան դռանը նա գրել էր․ «Որտեղից էլ որ եկել եք, համեցեք։ Բարի գալուստ»։ Ու ի՞նչ եք կարծում, ո՞վ ընդունեց այդ վայելուչ հրավերը։ Ֆաշիստները։ Նրանք մտան խաղաղարարի տուն, ինչպես իրենց տուն կմտնեին, ու գլուխը ջարդեցին։ 

Ալբեր Կամյու, Անկում, 1956

Անգլիական անուններով հայ Դենն ու գերմանաթուրք Քեթրինը սիրում են իրար, բայց Դենն իմանում է, որ Քեթրինը թուրքական արմատներ ունի ու սառում է նրա հանդեպ։ Հանրային հեռուստատեսությամբ է այս սերիալը ցուցադրվում։ Անունը՝ «Անատոլիական պատմություն»։

Սերիալից հասկանալի է, որ կինոն ուղղված է հայերի մեջ նվազեցնելու թուրքերի հանդեպ անվստահությունը։ Դենը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դիմաց Քեթին ասում է․ «Հասկացիր, Քեթ, ժամանակին քո ազգը վատ ա վարվել իմ ազգի հետ, համարյա այնպես, ինչպես քո մյուս ազգը՝ հայրական՝ գերմանացիները հրեաների հետ»։ Քեթը պատասխանում է․ «Դա եղել է հարյուր տարի առաջ, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ»։ Եվ իրոք, 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունները ինչո՞ւ պետք է ազդեն 21-րդ դարի երիտասարդների սրտերի վրա․ հիշե՞նք, բայց անցնենք առա՞ջ, չթողնե՞նք, որ էս սիրուն, ջահել զույգը սիրի իրար․ էսպես կմտածի՞ հեռուստադիտողը։

https://www.facebook.com/ArmPublicTV/videos/543242216334073/?v=543242216334073

Այդպես է առաջարկում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից թողնելով միայն «Հիշում եմ»-ը։ Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը նաև առաջարկում է հիշել ոչ միայն զոհի կերպարը, այլև դրական տարրերը՝ [թուրքերի կողմից] ցեղասպանության ժամանակ օգնությունն ու համերաշխությունը։

Թեև թանգարանը չի առաջարկում հուշերից հետևություններ անել, սակայն հետևեմ առաջարկին ու կարգախոսին, սկսեմ հիշել։ Ու հետևություններ անել։

Մեծ տատիս՝ Ազնիվ Ճեպեճեանին, նրա եղբորն ու մորաքրոջը փրկել է իրենց թուրք հարևանը։ Ինչո՞ւ է փրկել։ Շարունակեմ հիշել։ Որովհետև մեծ տատիս մյուս եղբորը, հորն ու մորը սպանել է թուրքական իշխանությունը։ Հիշողություններից հետևություն եմ անում, որ հարևանը (ժողովուրդը) փրկելու պատճառ չէր ունենա, եթե պետությունը չհրահանգեր ոչնչացնել նրանց։

Ուրեմն, ժողովրդից ոչ մի ակնկալիք չկա, ոչ մի կարգախոս ուղղված չէ ոչ նրանց կողմ, ոչ նրանց դեմ։ Ժողովրդին մարդկության դեմ հանցագործությունների մեջ խառնելը բերում են ավելորդ դատողությունների, էությունից շեղման, հանցագործության մեղմացման։ Այսինքն, Դենը սիրում է Քեթին, թող սիրի, բայց ինչու են նրանք սիրում իրար հանրային հեռուստատեսությամբ։

Պարզ է, որպեսզի Դենի ու Քեթի սիրո միջոցով ցեղասպանությունից մնա հուշը ու ժողովուրդը ցեղասպան պետությունից պահանջ չունենա, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունը շարժվելու է այդ ուղղությամբ ու հայ ժողովուրդը պիտի հասկանա, որ եթե ուզում են, որ անգլիական անուններով երիտասարդները երջանիկ լինեն, ուրեմն պիտի հանդուրժեն, որ Հայաստանը Թուրքիայից հատուցում չպահանջի։

Ի՞նչ է հուշն առանց պահանջի․ էքզիստենցիալ մտավարժանք, արդարության ու անվտանգության բացասում, ինքնության ինքնագնահատականի անկում, ինքնատելություն, ապա՝ մոռացություն։ Ցավի հուշն առանց պահանջատիրության՝ անվտանգության ու արդարության բաղադրիչների, ամնեզիա է, հիշողության աստիճանական կորուստ, ինչպես ստալինյան բռնաճնշումներն ընկան մոռացության անդունդը։ Ինչպես երեխային մխիթարելու համար ասում են՝ կմեծանաս կմոռանաս, հայ ժողովրդին, դնելով այդ երեխայի տեղը, բացատրում են՝ մեծացել ես, պահանջը մոռացի, ցավը հիշի, որ ցավն անցնի, ցավը մոռացվի։

Մարդու դեմ հանցագործությունները ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի հուշեր չեն, որ միայն հիշվի ու նոստալգիա առաջացնի։ Երկրաշարժ ու ցունամի չէ, որ աղետից օգնությունը շեշտվի։ Մարդու դեմ հանցագործությունների համար պահանջ ներկայացնելը անվտանգության գոտի ստեղծել է, դրանց կրկնության հավանականությունը բացառելու հարց է։ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության տրամաբանական կրկնությունը եղավ և՛ նախորդ դարի վերջին (Սումբգայիթի, Մարաղայի, Բաքվի, Գանձակի ջարդեր) և՛ մեր դարում (Գուրգեն Մարգարյանի, Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչիի, Կարեն Պետրոսյանի, Մանվել Սարիբեկյանի սպանությունները) և՛ ընդամենը 4 տարի առաջ Ապրիլյան պատերազմում հայկական բանակի զինվորների գլուխները կտրելը (Քյարամ Սլոյանի, Հայկ Թորոյանի, Հրանտ Ղարիբյանի) ու տարեցներին իրենց տան մեջ՝ խոշտանգելով սպանելը (Վալերա Խալափյանին, Մարուսյա Խալափյանին, Ռազմելա Խալափյանին)։ Թուրքական կրկնողությունը հաստատելով՝ Խալափյանների որդին, Գագիկ Խալափյանն, ասաց․ «Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում իմ էրեխեքը տեսան»։ (Թե ինչու է ցեղասպանության կրկնություններում առկա Ադրբեջանի արածները՝ ստորև)։

Պետական շահերը ժողովուրդների բարեկամությունը չեն, բայց ժողովուրդների շահերը բխում են պետության շահերից։ Ու շահում է այն պետությունն ու ժողովուրդը, որի պետական գործիչներն ու ժողովուրդը գիտակցում են դա, և շահող պետությունն է կարող իր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ստեղծել, բնակչին դարձնել հպարտ քաղաքացի։

Այսպիսով, Քեթը կարող է հանգիստ սիրահարվել հրեայի, որոնց իր հորական կողմը՝ գերմանացիներն են ցեղասպանության ենթարկել։ Նա կարող է սիրահարվել առանց Ռոմեո Ջուլիետական պատումի, առանց, դիցուք, հրեա Դավիդի սառնությունը ճաշակելու, առանց Իսրայելի հանրային հեռուստատեսության միջնորդության, որովհետև հրեաները կտրել են Հարություն Մարությանի առաջարկած զոհի կերպարի ցիկլը։ Պահանջելով են կտրել, Հոլոքոստի մասին ամեն ֆիլմ պահանջ է։ Ուրեմն զոհի կարծրատիպը ևս հուշով չեն քանդում, հուշը խորացնում է այդ կարծրատիպը, այն քանդում են պահանջով ու զոհից պահանջատերի վերածված հետևողականությամբ։ Ապրիլյանի ժամանակ թեև զոհ էինք ու տխուր, բայց հպարտ էինք՝ հիշողության պահանջատիրության զգացումով, ու հպարտությունն էր պատնեշը, որ կանխեց Ադրբեջանի առաջխաղացումը՝ ցեղասպանության մասշտաբների ընդլայնումը։

Շարունակելով հետևել Ցեղասպանության թանգարանի առաջարկին՝ կրկին հիշենք՝

2008թ․ Սերժ Սարգսյանի իշխանությունը սկսեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց համաձայն՝ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեին երկու երկրների միջև ու սահմանը բացվեր։ Բայց էականն էր․ առանց նախապայմանների։ Շատերս կողմ էինք, Դաշնակցությունը՝ դեմ ու իշխանական կոալիցիայից դուրս գալով՝ հստակեցրեց դիրքորոշումը։

2010թ․ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրություններին ավելացրեց նախապայման, որ դրանք չեն վավերացվելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի։ Թուրքիան Արցախը արձանագրությունների մեջ ներքաշելու հռետորաբանությունը հետզհետե կոշտացրեց, ի վերջո արձանագրությունները տապալվեցին։

Սերժ Սարգսյանի նախաձեռնածը հիշեցրեց (ինչպես թանգարանն է խորհուրդ տալիս հիշել), որ միամտություն է Թուրքիային ու Ադրբեջանին առանձին դիտարկելը, որ Քեթի ասածին վստահելը, թե՝ դա եղել է հարյուր տարի առաջ, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, ևս միամտություն է, որովհետև դա չի եղել միայն 100 տարի առաջ, դա դեռ շարունակվում է, քանի որ պահանջը դեռ չի բավարարվել կամ քանի դեռ պահանջի մոռացությունը չի միավորել երկու թուրքական պետություններին։ (Էստեղից էլ, թե ինչու վերը՝ ցեղասպանությունների կրկնողությունում առկա է նաև Ադրբեջանի հանցագործությունները)։

Դենը կարող է հիշեցնել Քեթին, որ 4 տարի առաջ, ընդամենը 4 օրում Ադրբեջանը կրկնում էր ցեղասպան վարքը՝ գլուխներ կտրում ու անպաշտպան մարդկանց սպանում, իսկ այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում էր․ «Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ, կրկին ադրբեջանական կդառնա»։ Դենը կարող է ռացիոնալ դրամատիզացիայով շարունակել՝ ասելով Քեթին՝ Ղարաբաղը ադրբեջանական դառնա, որ բոլոր հայերի գլուխները կտրվե՞ն։

Եթե համադրենք «Անատոլիական պատմություն» սերիալը, ցեղասպանության թանգարանի կարգախոսը, Արցախի կարգավորման հարցի փուլային տարբերակի շրջանառումը (հիշենք՝ մեզ հայտնի փուլային տարբերակում Արցախի կարգավիճակն անորոշ է, սակայն շրջաններից հայկական զորքերի դուրսբերումը՝ հստակ), ապա կարելի է հետևություն անել, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիաների հետ կուլիսներում ինչ-ինչ բանակցություններ են վարում, որի արդյունքում նվազել է պահանջատիրությունը։ Ապա, ներկայիս իշխանություններին, ըստ իրենց տրամաբանության, պիտի առաջարկվի՝ հիշիր մարտի 1-ը, բայց մի պահանջիր։ Ու նաև հիշեցնել, որ ի հակադրություն իրենց՝ Հանրապետական կուսակցության օրոք հայ-թուրքական արձանագրությունները բոլորիս աչքի առաջ էին։

Եթե ընկղմվենք իշխանական այս քարոզի մեջ՝ վերացարկվելով սիրո պատումից, ապա ստացվում է, որ Քեթը Դենին համոզում է մոռանալ, որ իր ինքնության համար իրեն սպանել են ու սպանում են ու, կատարելով Էրդողանի կանխատեսումները, վերադառնալ թուրք-ադրբեջանական սիրո լծի տակ ու սպանվել։ Քարոզն ակնարկում է՝ սերը զոհեր է պահանջում և սիրո այդ պահանջը հիշողության կերտած պահանջատիրությունից հրաժարվելն է։

Այդ սիրո զոհ են շատ հայրենակիցներ, այդ թվում՝ Իմ քայլից մի շարք մարդիկ։ Թուրքերին ատելու իրենց ազգակիցների մոտեցումներին ընդդիմանում են թուրքերի հետ ընկերանալու միջոցով, դրոշների՝ ցեղասպանողների սիմվոլների ներքո լուսանկարվելով, իսկ Թուրքիայի դրոշն այրողներին՝ կշտամբում։

Դժվար է տալ ընկերության սահմանումը (հատկապես նրանց համար, ովքեր բանակում չեն ծառայել), սակայն մեկ շաբաթյա, երկու շաբաթյա թուրքերի և ադրբեջանցիների հետ արտասահմանյան վարժանքների շփումները, արտերկրում պատահաբար նրանց հանդիպելը հեշտ ու հանգիստ սահմանում են՝ ընկերություն ու հպարտությամբ դրա մասին հայտարարում։

Կրկին որպես հակադրություն՝ Հայաստանում առկա է մեծամասշտաբ հակառուսական տրամադրություններ, սակայն տարածված չէ այդ տրամադրությունների դեմ՝ ըմբոստանալ ռուսների հետ ընկերանալով ու հպարտորեն դրա մասին հայտարարելով ու լուսանկարվելով ռուսական դրոշի ներքո։ Այդպես կկոչվեն ստրուկ, ինչպես թուրք-ադրբեջանականի դեպքում՝ դավաճան։ Եվ, առհասարակ, եթե այստեղ փորձ արվեր տալու ընկերության սահմանումն, ապա դրանից դուրս կմնար հանրության առաջ ընկերներով հպարտանալու հմտությունը։

Չընդունված ազգի ներկայացուցիչների հետ հարաբերությունը հեշտ ու հանգիստ ընկերություն կոչելը, դրոշի ներքո լուսանկարվելու ըմբոստությունը ամենևին խիզախություն չէ, ազատություն չէ, այլ բարդույթ է իր իսկ ինքնության հանդեպ, անկախ նրանից դրոշն ու ընկերը Թուրքիայի են, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ամերիկայի, թե Եվրամիության։

Ե՞րբ է հնարավոր ժողովուրդների ընկերությունը, եթե մի ժողովրդի պետությունն ուզում է ոչնչացնել մյուս ժողովրդին։ Այն ժամանակ, երբ Հրանուշ Խառատյանի ցանկությունն իրականանա, երբ այն թուրքն իրեն վատ զգա։

Իսկ այդ թուրքն իրեն վատ կզգա, երբ իր պետությունն իրեն վատ զգա, իսկ պետությունն իրեն վատ կզգա, երբ Հայաստանը, միայն հիշելով, գլուխը չկախի ու վերջնարդյունքում մոռանա, մոռացնել տան, այլ հուշը պահանջ դարձնի։ Ի վերջո հայերը շատ թուրքերի հետ կարողացել են ընկերանալ, որովհետև այն թուրքերին են հանդիպել, որոնք իրենց վատ են զգում, իսկ վատ են զգում հենց հայերի հիշելու ու պահանջելու արդյունքում։

Ուրեմն ժողովուրդների ընկերության համար անհրաժեշտ է պահանջել, որ թուրքական պետություններն էլ իրենց վատ զգան, որպեսզի Քեթն ու Դենը երջանիկ լինեն ու կոչվեն իրենց անուններով։

Նկարում 5 տարեկանում որբացած մեծ տատ է, իր մոր, հոր, մորաքրոջ ու հորեղբոր հետ։

Նա հիշում էր, որ նրա հարուստ ծնողներին սիրում էին թուրքերը։ Նրա հիշողությունները փոխանցվել են։ Հայաստանի Հանրապետության գործն է Թուրքիայից պահանջել հատուցումը, որպեսզի ապահովվի մեծ տատերի ժառանգների անվտանգությունն ու հպարտությունը։ 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930