Մեծ հիասթափության թավիշն ու աստառը
ՀՀ իշխանությունն ամփոփում է գործունեության երկու տարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու լայվերով ներկայացրեց հասարակության «Մեծ հիասթափությունների» պատկերը, որ իր գնահատականով, թերևս, մեծ հիացումների պատճառ պիտի լիներ: Չանդրադառնալով «Մեծ հիասթափության քարտեզի» բոլոր կետերին ու բոլոր «բնակիչներին», որ երկու տարի ամեն օր գործող անձ են եղել հրապարակային ասպարեզում, արձանագրեմ «մեծ հիասթափությունների» աստառը, իմա՝ իրական պատկերը.
- ՀՀ վարչապետը Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում է աշխարհից կտրված, մեկուսի տարածք, անմարդաբնակ կղզի, որտեղ ստերիլ պայմաններ են՝ իր մեծ ծրագրերը կյանքի կոչելու համար, բայց չունի ոչ մի կոնկրետ ծրագիր՝ ոչ Արցախի հարցի լուծման, ոչ տնտեսության զարգացման, ոչ դատաիրավական համակարգի բարեփոխումների: Բոլոր «ծրագրերի» ու «բարեփոխումների» հիմքում ընթացիկ հարցեր լուծելու ցանկությունն է՝ օրվա, բայց ոչ՝ երկրի ու ժամանակի: Իսկ դա բումերանգ է, որ վերադառնալու է:
- ՀՀ վարչապետը մեծագույն հիացմունքով առ սեփական անձը՝ շարունակում է վստահել ու հավատալ միայն ինքն իրեն և իր անսխալականությանը, իմա՝ մեսիա, Հիսուս լինելուն ու իր առաքելությանը, ու դա նրա ոչ միակ մոլորությունն է:
- ՀՀ վարչապետի «հիասթափության մեծ քարտեզի» բոլոր բնակիչները առավելագույնս 1000-2000 մարդ են, համեմատեք ՀՀ բնակչության թվի հետ ու ինքներդ պատասխանեք հարցին՝ ո՞վ պիտի մտածի մնացածների մասին և ու՞մ վարչապետն է նա՝ ողջ գերլեգիտիմությամբ հանդերձ:
- ՀՀ վարչապետը իշխանության երրորդ տարում դեռ չի պատկերացնում, որ իր գլխավոր խնդիրը ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ է, այդ տնտեսության ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, իմա՝ տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, կառավարման համակարգի համապատասխանեցումը գոյություն ունեցող ռեսուրսների թելադրած իրական գերակայություններին, ոչ թե միֆական պատկերացումներին ու տնտեսական ակտիվության միֆական ցուցանիշներին: Անգամ կորոնավիրուսի պարտադրած ճգնաժամով կաթվածահար՝ զբոսաշրջությունը, սպասարկման ոլորտը նրան չհամոզեցին, որ արդյունավետ տնտեսությունն այն է, ինչ արտադրանք է տալիս: Որ Հայաստանը չպետք է լինի հումք արտահանող, ինչպես «նախորդ հանցավոր ռեժիմի» օրոք էր, այլ՝ ԱՊՐԱՆՔ: Եվ հումքից ապրանք շղթան ոչ միայն ավելի ձեռնտու է ֆինանսապես, այլև աշխատատեղ է ապահովում: Նվազագույնը արտառոց է, որ իր մեծ հիասթափությունների քարտեզում վարչապետը բնակեցրել է ում ասես, բայց «մոռացել է» տեսնել ու արձանագրել միջին վիճակագրական հային, որ աշխատանք է ուզում: Դա արդեն հակապոպուլիզմ է;
- ՀՀ վարչապետը հիացմունքով շարունակում է շերտավորել հասարակությունը, բոլոր բաժանումները հիմքում ունեն միայն մեկ ուղիղ գիծ, որից ասդին նա ինքն է, իր քայլածներն ու իրեն փառաբանողները, անդին՝ բոլորը, որ չեն կիսում անպարագիծ հիացումը իր անձով: Նա խորապես համոզված է, որ ով իրենով հիացած չէ ու իրեն չի հավատում, ծառայում է աներփեսայական համակարգի վերարտադրությանը: Սա անհիմն մոլորություն է. բացի նորօրյա Հիսուսից, «ռոբասերժական սպասարկուներից», կան հազարավոր մարդիկ, որ խորապես անտարբեր են բոլորի նկատմամբ, պարզապես ուզում են ապրել ու աշխատել, և համարում են, որ Սահմանադրությամբ ունեն այդ իրավունքը: Կա նաև քաղաքական հատված, որ բնավ չի կիսում ոչ նախկինների, ոչ ներկաների տեսակետները, ունի իր կարծիքը և համարում է, որ տեսակետ ունենալը նույնպես Սահմանադրությամբ երաշխավորված ազատություն է: Վերջապես՝ հազարավոր մարդիկ կան, որ չեն կիսում կարծիքը, թե Հայաստանում, կամ/կամ է՝ կամ Նիկոլը, կամ Սերժը: Ու պետք չէ անվերջ հասարակությանը վախեցնել, սպառնալ, շանտաժ անել նախկինների վերադարձով, գործ անել է պետք՝ նախկին չդառնալու համար:
- Իշխանության երրորդ տարում ՀՀ վարչապետը չի ընդունում, որ ազգային անվտանգության պաշտպանությունը միայն զենքեր գնել չէ՝ ուժեղ տնտեսություն է +արտաքին քաղաքականություն+միջազգային ասպարեզում համագործակցություն+ ազգային շահերի գիտակցություն ու պաշտպանություն՝ ազգային արժեհամակարգով:
Ֆանտաստիկայի ժանրից է, որ իշխանությունը ազգային արժեհամակարգի ձևավորող կդառնա: Նախ՝ իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է ազգայինը:
- ՀՀ վարչապետը, ուրեմն և ամբողջ իշխանությունը, չի ընկալում, որ Հայ առաքելական եկեղեցին միայն Վեհափառի անձը չէ, կամ Մայր Աթոռի ֆինանսները, հայ հավատացյալներն են Հայաստանում ու ամբողջ աշխարհում: Եվ ԱՅԴ եկեղեցու հետ հարաբերությունները սկսում են «Հայր մեր»-ով, ոչ թե «քաղաքացի Կտրիճ Ներսիսյանով»: Հարյուրավոր հեղափոխություններ ու հեղաշրջումներ են եղել աշխարհում՝ ամեն երկիր իր պատմության մեջ տասնյակներով կհաշվի՝ սկսած պալատական հեղաշրջումներից մինչև պետականը, հեղափոխություններն էլ՝ արյունոտից մինչև թավշե, բայց եկեղեցին կա ու լինելու է անսասան սյուն՝ պետականության համար: Ամենուր: Հայաստանում հաստատապես: Հայ առաքելական եկեղեցին միայն հայրապետական թեմերը չեն, զբոսաշրջության խայծ հազարամյա խոնարհված ու հոյակերտ վանքերն ու մատուռները, սրբազան մասունքները չեն, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ է, սփյուռքն է ու յուրաքանչյուր հավատացյալ հայի հույսն ու հավատը առ Աստված: Հիմա Աստծո՞ հետ էլ փոխհարաբերությունների պարզաբանման գործընթաց է սկսվելու, թե՞ կբավարարվենք քրեական գործերով եկեղեցու սպասավորների նկատմամբ: Ոչ մի հեղափոխություն չի նշանակում հոգևոր իշխանության փոփոխություն, դա գերագույն աբսուրդ է, որով տառապել են Կայիափայից մինչև Լենինն ու Ստալինը, բայց ոչ մի ժողովրդավարական երկրի իշխանություն իր եկեղեցուն պատերազմ չի հայտարարել: Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսներին՝ Գրիգոր Լուսավորչից Գևորգ Հինգերորդ, տանջել են, պատանդ են պահել, թունավորել են, խեղդել, մատնագրեր գրել այլևայլ արքունիքներ, թալանել են եկեղեցին, ունեցվածքը բռնագրավել, հոգևորականներին սպանել են, եղել է՝ ու դա պատմություն է, որ պիտի ուսուցանվի, որ չկրկնվի: Իսկ իշխանությունը պարտավոր է նպաստել Հայ առաքելական եկեղեցու հզորացմանը, որովհետև պետականության հզորությունն է:
- ՀՀ վարչապետ, նախկին լրագրող ու խմբագիր Նիկոլ Փաշինյանը ուրիշների պատմելով չէ, որ գիտի ինչպես թերթ պահել: Ժամանակները, իհարկե, փոխվել են, բայց՝ միայն տեխնոլոգիաների զարգացման առումով: Մամուլը թանկ հաճույք է: Այդպես է լրատվամիջոցը դառնում քարոզչամիջոց: Բայց երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրջորեն ասում է, որ մտածում է հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ապագայի մասին, նվազագույնը ծիծաղելի է: Կա աշխարհի փորձ, հեծանիվ հնարել պետք չէ: Լրատվամիջոցը կարող է ինքնածախսածածկումն ապահովել ու նույնիսկ շահույթ բերել, եթե ա) ունի հովանավոր կամ բաժնետիրական ընկերություն է, բ) տպագրում, հրապարակում կամ հեռարձակում է գովազդ: Երրորդ տարբերակ մարդկությունը չի հնարել: Համենայն դեպս՝ այն լրատվամիջոցների համար, որ իրենց տարեգրությունը հարյուրամյակներով են հաշվում: Եթե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջին տարբերակը բացառել, մնում է այնքան զարգացնել տնտեսությունը, որ լինի գովազդի մրցակցային շուկա, ու լրատվամիջոցները ապրեն գովազդի հաշվին: Մամուլին պատերազմ հայտարարելը անիմաստ է, նույնիսկ սոցցանցերի գոյության պարագայում: Այդ պատերազմում ոչ ոք չի հաղթելու, հասարակությունն է պարտվելու՝ կորցնելով հավաստն ու վստահությունը բոլորի նկատմամբ:
- Սփյուռքի հիմնահարցերի լուծման երկու ձև է իշխանությունը մինչև հիմա դրսևորել՝ նախարարության փակում ու հանձնակատարի նշանակում և ՀՀ վարչապետի ելույթները արտասահմանում հայ համայնքի հետ հանդիպումներում: Տարատեսակ հայտարարությունների ու սպասումների հատույթում փոխհարաբերությունների ոսկի միջինը գտնված չէ: Այն, որ սփյուռքը վաղուց համախմբված չէ ազգային կառույցների շուրջ, 20-30 տարվա իրողություն է, և նորություն չէ: Հաստատապես Հայաստանում որոշված չէ նաև գերխնդիրը, որտեղ ակնկալվում է սփյուռքի աջակցությունը՝ հատկապես մեծ համայնքների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի: Հայտնի չէ նաև` ինչ է սփյուռքն ակնկալում հայրենիքից: Չեն կարող լինել ընդհանրական լուծումներ:
- Իսկ օլիգարխիա՞ն: Երկու տարում իշխանությունը միայն տեսակավորել է օլիգարխներին՝ ոմանք համարվում են «նոր ու յուրային» ոմանք մնացել են «հին ու հանցավոր»: Էքսպրոպրիացիայի՝ Վլադիմիր Իլյիչ ՈՒլյանովի տեսության, Հայաստանում իրավիճակային վերականգնման փորձերը շարունակվում են օրենսդրական մակարդակով, որից հետո կսկսվի գործնական մասը: ՈՒ դա վկայում է, որ իշխանությունն իր առաջնահերթությունների մեջ խճճվել է ու չգիտի՝ ո՞րն է գերակա՝ «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքա՞րը, թե՞ տնտեսական զարգացումը: Համադրման գիտակցություն չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: