Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանության դասերը

Ապրիլ 24,2020 11:00

Այսօր հայոց ցեղասպանության հիշատակի օրն է։ Իհարկե, ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել այն իրականացնողներին, ինչպես նաև «մեղադրել» հայ ժողովրդին ոչ ճիշտ քաղաքականության համար։ Ցանկացած ցեղասպանություն չունի որևէ «բացատրություն»։

Այլ հարց է՝ ցեղասպանության դասերը։ Արդյոք մենք դասեր քաղե՞լ ենք 1915թ․ ցեղասպանությունից, որ այն ոչ միայն չկրկնվի, այլ, ներեցեք, ոչ թե զգացմունքային հիշվի և պահանջվի («հիշում և պահանջում եմ» ), այլ հիշվի և պարտադրվի։

Այդպիսի մտադրություն ունենալու դեպքում՝ ողջ հայ ժողովուրդը պետք է ձեռնամուխ լիներ ուժեղ, հզոր Հայաստան (նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն և Արցախ) կառուցելու կամային գործին, այն հստակ արժանապատիվ գիտակցությամբ, որ որևէ պետություն պարտավոր չէ երաշխավորել մեր անվտանգությունը։

Այդպիսի գիտակցության դեպքում՝ ոչ միայն կկառուցեինք «Խենթի» երազած Հայաստանը, այլ կունենայինք իսկապես դաշնակիցներ, ոչ թե կփնտրեինք հովանավորներ, որոնցից հետո կհիասթափվեինք և կհայհոյեինք՝ իբր մեզ «ծախելու» համար։ Այդպես էլ մենք չհասկացանք, որ պետությունները , անկախ, այսպես կոչված ժողովրդավարական, բռնապետական, քրիստոնեական, թե մուսուլմանական լինելու հանգամանքից՝ շարժվում են ոչ թե մարդասիրական զգացմունքներով, այլ սեփական ազգային շահերով։

Այդպիսի պետություն ունենալու դեպքում, համոզված եմ, բոլորովին անհրաժեշտություն չէր առաջանա տարբեր երկրների համոզել, խնդրել, աղաչել՝ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Համոզված եղեք, որ այդ նույն երկրները, մեզ հարգելով, առանց թախանձանքների այն կընդունեին։

Այս, իմ համոզմամբ, պարզ ճշմարտությունը մենք, ի վերջո, կհասկանա՞նք, թե՞ կշարունակենք մեղադրել ուրիշներին և անիծել մեր բախտը։ Այսօր այդ գիտակցության հիմնական գրավականն Արցախի հիմնահարցն է։ Արցախի հարցում ունենալով վճռականություն, այն պաշտպանելու և ոչ մի գնով չզիջելու պարագայում, կունենանք և հզոր պետություն և դաշնակիցներ և արժանապատվություն և ապագա։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930