Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը:
Նախագահն ասել էր, որ Երևանի այգիները նրա «թոքերն» են, և, որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ:
Այս համատեքստում նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:
Մանրամասնելով այգու ստեղծման գաղափարը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Տրամաբանությունը հետևյալն է. այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների, և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի, եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ: Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։ Ընդ որում՝ այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ»:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ գծագրի տեսքով ձևակերպել է գաղափարը:
«Սա առաջարկություն է, որ ինչ-որ ձևով հիշենք մեր հսկայական կորուստները՝ և՛ մարդկային, և՛ պատմական, և՛ մշակութային, մյուս կողմից՝ համազգային ձևով, բոլորիս համերաշխ աշխատանքով ստեղծենք այգի, որը հենց մեր անունն էլ ունենա՝ «Հայ պարկ»: Մենք աշխարհին ցույց կտանք, որ այս դժբախտությունից ճիշտ եզրակացություն ենք արել և Երևանին նոր թոքեր կպարգևենք, որ մեր քաղաքն իր բնակիչներով ավելի առողջ պայմաններում ապրի»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ «Հայ պարկ»-ի հիմնման գաղափարը համազգային ծրագիր է. «Կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի տարբեր իմաստներով՝ և՛ ազգային միասնություն ստեղծելու, և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ