Լրահոս
Օրվա լրահոսը

Պարիսպդ եթե ամուր եղավ…

Ապրիլ 24,2020 10:00

…Ո’չ մի ժառանգ, ո’չ մի սերունդ, որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց` ապահովագրված է, ավելի լավ` հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր: Եվ միշտ, ամեն լուսաբացի և Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը:

Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու, ո’չ չար, ո’չ բարի, հարևան:

Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը` քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է:

Հայրենիքը… Հայրենիքը դու ես քո ապրած ժամանակի մեջ: Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը, կա քո մահվան թառանչը, հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա:

Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո հաղթիպարտի երգը քո ժամանակի մեջ` չկաս և դու, չես եղել, չի եղել քո ժամանակը: Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել: Պատմությունը մկրատը գցել-նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել է ուրիշների, ուրիշ ժամանակներ: Աշխարհը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով:

Այսօրվա իմ կայուն ներկայությունը պարտադիր է, որպեսզի նույնիսկ եղածը եղելություն լինի: Դե, իմ բացակայությունը այսօրվա մեջ, զինվորիս բացակայությունը այսօրվա մեջ պարտելու, ամայելու և ոչ միայն իմ ապագան իմ երկրում, այլև անցյալս:

Զինվորի իմ բացակայությամբ այդ հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային: Նրանք տեսություն են հորինելու ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում են ու եկողների ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:

Զինվորի իմ վստահ ներկայությունը ոչ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, և որդիները իրենց նորոգ հայրերն են, և նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով և ճիշտ իմ պատկերին են գալիս…

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Անտիպներ. հատոր առաջին. «Ես տեր եմ իմ ժամանակին»:

hrantmatevossian.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930