Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24,2020 00:05

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով  Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:

Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել  հայ ժողովրդի անվտանգության վրա:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և  արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար:

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է:  Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:

Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930