Բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ էր ընդունվել 2018թ. դեկտեմբերի 25-ից
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանի դատական ակտը Վճռաբեկ դատարան: Նա այդ մասին հայտնել էր «Առավոտին» եւ մենք բարձրաձայնել էինք «80-ամյա ծերունու վտարելու պահանջ ներկայացնողն ո՞վ է» «Առավոտ» օրաթերթի հունվարի 16-ի հրապարակմամբ:
Օրեր առաջ` ապրիլի 9-ին Վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով լսել էր բողոքը, բավարարել է 80-ամյա Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանի բողոքը, սակայն ծերունին չտեսավ իր հաղթանակը, քանի որ նա մահացել է:
2014թ.-ից հաշմանդամ կենսաթոշակառուն երազում էր տեսնել իր նկատմամբ կատարվածի հանգուցալուծումը:
Կարդացեք նաև
Այդ թվականից էլ նրա խնդրով զբաղվում էր փաստաբանը:
Փաստաբանն, ըստ էության, հաղթել էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նրա հայցը բավարարվել էր:
Այդ ժամանակ էլ մահացել էր ծերունու կինը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում անկողնուն գամված ծերունու ներկայացուցիչն էր ու դատարանի ներքին համոզմունք-խիղճը, որը չկար եւ դատարանը բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչու էր ծերունին կանգնել տնից վտարման վտանգի առաջ:
Նախապատմությունը հետեւյալն է:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի 2014թ. հուլիսի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` Երեւան քաղաքի Չայկինայի փողոց, տուն 74 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Ըստ գործի նյութերի, Նաթելլա Մուրադյանի կողմից տրված պարտավորագրի համաձայն, որը ստորագրել է նաեւ Վաչագան Մուրադյանը, վերջինս Սմովիկ Ասլիկյանից վերցրել է 5.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 30-ը: Չվերադարձնելու դեպքում պարտավորվել է իր երեք սենյականոց բնակարանը ընդմիշտ հատկացնել Սմովիկ Ասլիկյանին: Ծերունին մինչ օրս տիրապետել էր տունը, որպես սեփականի: Փաստաբան Լ.Վիրաբյանը դատարանում էլ հայտնել էր, որ պատասխանող կողմը եւ վերջինիս իրավանախորդը երբեւէ չեն հետաքրքրվել իրենց գույքի ճակատագրով, չեն իրականացրել գույքի սեփականատիրոջ պարտականությունները, հետեւաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:
Նաթելլան հակընդդեմ հայց ներկայացրած Սուսաննայի քույրն է եւ հայրը՝ Վաչագանը, ովքեր նույնպես մահացել են: Սուսաննան որպես 2-ի ժառանգ է հանդես գալիս:
Հայցվոր կողմը պնդում էր, որ վեճի առարկա անշարժ գույքը տիրապետվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը, նաեւ երրորդ անձանց հետ հարաբերություններում: Տիրապետումը պետք է լինի 10 տարի եւ անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 1 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.06.2014թ. տեղեկանքի համաձայն՝ Սմովիկ Ասլիկյանը, կինը՝ Դոնարա Մակարյանը, դուստրը՝ Գայանե Ասլիկյանը, 25.12.1998 թվականից փաստացի բնակվել են այդ հասցեում: Մի շարք հարեւանների վկայությամբ, այդ տունը 1998թ.-ից տիրապետում եւ օգտագործում են որպես սեփական գույք՝ կատարելով տան հետ կապված բոլոր ծախսերը: Այն, որ տան բոլոր ծախսերը քսան եւ ավելի տարիներ փաստացի կատարել են տարեց ամուսինները, նրանց խնամքը ստանձնած դուստրը, հաստատվում է Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի թիվ 737106 աբոնենտային համարի շրջանառու ամփոփագրի համաձայն էլ. նշված համարով տվյալ հասցեի բաժանորդ է հանդիսանում Սմովիկ Ասլիկյանը: Պատասխանող Սուսաննա Մուրադյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում, որով դատարանին հայտնել է, որ Երեւան քաղաքի Չայկինայի թիվ 74 տունը սկսած 1998թ. Սմովիկ Ասլիկյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից բարեխճորեն, բացահայտ եւ անընդմեջ չի տիրապետվել եւ չի օգտագործվել որպես սեփական գույք:
Նա նշել էր, որ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի եւ խմելու ջրի վճարումների կատարումը չի կարող հիմնավորել վիճելի գույքի` հայցվորի կողմից որպես սեփականը տնօրինելու փաստը, քանի որ նախ վերոնշյալ վճարումները կատարվել են իրենց կողմից սպառվածի դիմաց եւ եթե դրանք չվճարվեին, ապա կզրկվեին համապատասխան կոմունալ ծառայություններից:
Դատարան ներկայացված ամփոփագրով էլ երեւում էր ծախսված գազի քանակը եւ կատարված վճարումն ըստ ամիսների: Ի դեպ, դատարանի 2014թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ ձեռնարկվել են հայցի ապահովման միջոցներ եւ արգելանք էր դրվել տվյալ անշարժ գույքի վրա: Դատարանի որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր եւ պատասխանող Սուսաննա Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Դատարանը միայն 2015 թվականի դեկտեմբերի 3-ին վարույթ էր ընդունել Սուսաննա Մուրադյանի հակընդդեմ հայցադիմումը՝ Սմովիկ Ասլիկյանին տվյալ հասցեից վտարելու պահանջի մասին: Դատարանը 2017թ. հուլիսի 6-ին վճռել է հայցը բավարարել եւ Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել էր, եւ մերժել էր Սուսաննա Մուրադյանի հայցը՝ վտարելու պահանջի մասին:
Ինչ էր տեղի ունեցել վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Լ.Վիրաբյանը մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ վերաքննիչը հաշվի չէր առել մի շարք հանգամանքներ. «ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին եւ ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տեւական տիրապետում (տես ՍԴՈ-667 2006թ. նոյեմբերի 21-ի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարեւորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը եւ վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ: Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որեւէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից»: Ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել էր. «Դատարանը գտնում է, որ ներկայացված ապացույցներով հաստատվում են նաեւ հայցվորի կողմից ապացուցման ենթակա մնացած փաստերը` գույքը որպես սեփական, 10 տարի, անընդմեջ եւ բացահայտ տիրապետելը»:
Առարկությանը, թե վճարումները կատարել է պատասխանող կողմը, ըստ դատարանի. «Դատարանն անդրադառնալով պատասխանող կողմի այն դիրքորոշմանը, որ վիճելի Երեւան քաղաքի Սիսվանի փողոցի թիվ 74 բնակելի տան եւ հողատարածքի հարկերը սկսած 1999 թվականից մինչ օրս վճարվել են Վաչագան Մուրադյանի, իսկ վերջինիս մահից հետո նրա իրավահաջորդ Սուսաննա Մուրադյանի կողմից` համարում է անհիմն, քանի որ ի հիմնավորումը նշված փաստի ներկայացվել է միայն Կենտրոն վարչական շրջանի 05.11.2015թ. տեղեկանքը, որի համաձայն՝ Վաչագան Մուրադյանը Չայկինայի 74 բն. հասցեի համար հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չունի:
Դատարանն արձանագրում է, որ թեպետ տեղեկանքը տրվել է գրանցված սեփականատեր Վաչագան Մուրադյանի անվամբ, սակայն վերջինս տեղեկանքի տրման պահին մահացած է եղել, իսկ վճարումներ կատարող այլ անձի վերաբերյալ տվյալներ նշված տեղեկանքը չի պարունակում»:
Իսկ Վճռաբեկ դատարանին փաստաբան-ներկայացուցիչը հայտնել էր. «Գործով բացակայում է որեւէ ապացույց առ այն, որ 1998-2008 թվականների ընթացքում Չայկինայի փողոց 74 հասցեի սեփականատիրոջ կամ վերջինիս ժառանգներից որեւէ մեկի կողմից կատարվել են գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել որպես սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացում: Դատարանը հաշվի չի առել, որ Սուսաննա Մուրադյանը չի հանդիսանում սեփականատեր, բնականաբար, չէր կարող նրա կողմից վտարման պահանջ ներկայացվեր»: Վճռաբեկ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405 հոդվածի 1-ին հոդվածի 7-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետեւյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետեւաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2020