Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաճարակի օրերին ամենապատվիրվածը բիզնես, մոտիվացիոն եւ հոգեբանական գրքերն են»

Ապրիլ 24,2020 12:30

Հավաստիացնում է MYbookstore հարթակի հիմնադիր Լեւոն Ստեփանյանը

Կորոնավիրուսի համավարակը եւ դրանով պայմանավորված արտակարգ դրությունը բազմաթիվ փոփոխությունների ենթարկեցին մարդկանց կենցաղն ու կենցաղավարությունը: Մասնավորապես՝ շատ շատերը սկսեցին օգտվել առաքման ծառայություններից, անգամ նրանք, ովքեր երբեք չէին պատվիրել որեւէ բան: Թվում էր, թե այդ պայմաններում գիրքը ամենաքիչ պահանջված առաքումները կունենա, մանավանդ որ՝ մարդիկ շատ քիչ են գրախանութ մտնում, էլ ուր մնաց՝ գիրք պատվիրեն առաքումով: Բայց արի ու տես, որ այստեղ էլ, ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել: Մեր զրուցակիցը գրքասերներին շատ ծանոթ եւ իր բազմաթիվ նախաձեռնություններով սիրելի MYbookstore հարթակի հիմնադիր Լեւոն Ստեփանյանն է:

– Արդյոք կորոնավիրուսը նպաստե՞լ է, որ շատ գրքեր պատվիրեն:

– Արտակարգ դրություն հայտարարելուց մեկ-երկու օր անց արդեն զգացինք տարբերությունը: Դրա պատճառը նախ երեւի այն էր, որ գրախանութները փակվեցին եւ չէին աշխատում, մյուս կողմից՝ հենց այդ օրերին որոշ գրքեր լույս տեսան, որոնց ընթերցողը երկար սպասել էր եւ անհամբերությունից սկսեցին պատվիրել: Բայց երեւի թե առաքումների ավելացման ամենակարեւոր պատճառն այն է, որ այս օրերին մարդիկ սկսել են ավելի շատ գրքեր ընթերցել, քանի որ բավականին շատ ազատ ժամանակ ունեն եւ  ինքնակրթությամբ զբաղվելը ամենալավ զբաղմունքն է այս շրջանում:

– Կանա՞յք են ավելի շատ գրքեր պատվիրում, թե՞ տղամարդիկ:

– Պատվիրատուների մոտ յոթանասուն տոկոսը կանայք են: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նրանց մի զգալի մասն էլ գործարարներ են, եւ պատվիրում են մոտիվացիոն գրքեր, ինչը, կարծում եմ, շատ  խոսուն է: Մյուս կողմից՝ այս օրերին գիրքը դարձել է իսկապես լավագույն նվերներից մեկը: Շատ շատերի ծննդյան օրերն են լինում այս շրջանում, բնականաբար, եւ նրանց ընկերները, բարեկամները, հարազատ մարդիկ, քանի որ հնարավորություն չունեն, այսպես ասած՝ առձեռն նվերներ հանձնելու,  հիմնականում նախընտրում են ծննդյան օրվա նվերը գրքի տեսքով, պատվիրում են մեզ, վճարում եւ մենք առաքում ենք այդ նվերը օրվա հոբելյարին:

– Ի՞նչ գրքեր են հիմնականում նախընտրում պատվիրատուները:

– Ամենաշատը պատվիրում են Միշել Օբամայի «Իմ պատմությունը», Ալբեր Կամյուի «Ժանտախտը», Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը»: Իսկ ընդհանրապես այս օրերին, եթե թեմատիկ առումով դիտարկենք, ամենապահանջվածը բիզնես, մոտիվացիոն եւ հոգեբանական գրքերն են: Անգամ գեղարվեստական գրականություն պատվիրելու դեպքում ընթերցողները հաշվի են առնում այն հանգամանքը, թե հոգեբանական տեսանկյունից որքանով է հետաքրքիր այդ գիրքը: Մյուս կողմից՝ մարդիկ հիմա ունեն ազատ ժամանակ եւ գովելի է, որ այդ ժամանակը փորձում են լավագույնս օգտագործել ոչ միայն ինքնակրթվելու, այլ, ասենք՝ իրենց բիզնես կարողությունները զարգացնելու, ունեցած հնարավորությունները բազմապատկելու ուղղությամբ:

– Միայն Երեւանո՞ւմ եք պատվեր առաքում: Մարզերից լինո՞ւմ են պատվերներ:

– Ընդհանրապես MYbookstore-ն առաքումներ իրականացնում է ողջ Հայաստանի եւ Արցախի տարածքում: Այս օրերին մի փոքր ավելի բծախնդիր ենք աշխատում այն առումով, որ ձգտում ենք ապահովել բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները՝ գիրքն ընթերցողին հասցնելուց առաջ եւ ընթացքում: Առաքումը Երեւանում անվճար է, նախկինում էլ միշտ անվճար է եղել եւ հուսով եմ, որ միշտ էլ անվճար է լինելու: 24 ժամվա մեջ գիրքը հասցնում ենք պատվիրատուին: Իսկ մարզերում եւ Արցախում  նախկինում եւ հիմա առաքումները կազմակերպել ու կազմակերպում ենք 500 դրամով: Այսինքն՝ առիթից չենք օգտվել ու չենք թանկացրել մեր ծառայությունները: Մարզերում եւ Արցախում առաքումներն անում ենք փոստով, եւ պետք է ասեմ, որ այս օրերին մարզերի մեր ընթերցողներն էլ բավական ակտիվ են:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930