«Ես այն արվեստագետներից չեմ, որոնք ասում են՝ լավ բան չի կոչումը, մրցանակը: Կեղծ կոչումներն ու կեղծ մրցանակներն են վատ բան, անարժան արված ամեն ինչը արժեզրկում է այդ ամենը, բայց եթե դու համարում ես քեզ ազնիվ, արժանի այդ մրցանակին, դա ստիպում է ավելի լավ աշխատել»,- ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը այսպես պատասխանեց հարցին, թե իր համար ի՞նչ կարեւորություն ուներ ՀՀ նախագահի մրցանակը: Հարություն Խաչատրյանն այդ մրցանակին արժանացել է «Սահման» ֆիլմի համար՝ 2010-ին:
Նրա խոսքով, արվեստագետների համար ամեն մրցանակ էլ կարեւոր է. «Դժբախտաբար, փոքր երկրներում կա՛մ չափազանց մեծարում են մարդուն, կա՛մ չեն նկատում: Հատկապես կինոն մոդայի պես բան է: Շատ քիչ արվեստագետներ կան, որոնք իրենց կյանքի ընթացքում ճշմարտացիորեն արժանանում են պարգեւների: Դրա համար կինոռեժիսորները կամ նկարիչները, որոնք բախտից շատ երես առած չեն, ամեն մի մրցանակ կարեւոր են համարում, այն էլ՝ նախագահի մրցանակը: Սովետի ժամանակ ընտրում էին մի քանի արվեստագետի ու դեպուտատներ էին դարձնում, Լենինի շքանշանակիրներ էին դարձնում, ինչ խոսք, մեջները կային ե՛ւ շատ տաղանդավորները, ե՛ւ անարժանները: Հիմա արվեստագետներին երես չեն տալիս»:
Ռեժիսորը պատմում է, որ ամեն անգամ, երբ սկսում են քննարկել, թե ով էր արժանի մրցանակի ու ով արժանի չէր, դառնում է մի մեծ կռվի առարկա. «Ամեն մեկին թվում է, որ ինքն իսկապես արժանի է: Դժբախտաբար, արվեստագետները երբեք իրենք իրենց շատ չեն քննադատում, իրենց միշտ համարում են շատ արժեքավոր եւ կարեւոր: Շատ քչերը կան, որոնք կասկածանքով են մոտենում իրենց արած արվեստին: Այսօր կարդում եմ մեծ քննադատների, որոնք ասում են՝ հայկական կինո գոյություն չունի: Այն ժամանակ էլ, երբ երիտասարդ էինք, մտնում էինք կինո, կային մարդիկ, որոնք չէին հաջողում, ռեժիսուրայով չէին կարողանում շատ առաջ գնալ ու ասում էին՝ հայկական կինոն ստից կինո է, էլի՛»:
Բազմաթիվ գնահատականներ են հնչել եւ հնչում հայ կինոյի ներկայիս վիճակի մասին, ասում են, որ կինոն վերակենդանացման բաժանմունքում է, հետո եղան տեսակետներ, որ հայ կինոն մահացել է. ո՞ր բաժանմունքում է կինոն հիմա ու ունի՞ փրկություն. «Երբ որ Բեկնազարյանն էր նկարում ֆիլմ, ասում էին, որ հիմարություն են արածները, խեղճ մարդը վերջին րոպեին՝ մոռանալով իր կրկնակոշիկները, հազիվ իրեն գցեց գնացքն ու մեկնեց Մոսկվա, որովհետւ գլուխն «ուտելու» էին այստեղ իր սիրելի հարազատ կինեմատոգրաֆիստները, որոնք շատ լավ «հասկանում» էին կինոյից: Ժամանակին նույն ձեւով հարձակվում էին Դմիտրի Կեսայանցի վրա, որը հետաքրքիր ռեժիսոր էր, Արման Մանարյանի վրա: Եթե մի օր բացեն ԿԳԲ-ի, ՃԽ-ի քարտուղարների արխիվները, կտեսնեք, որ ամենաշատը իրար վնասել են կոլեգաները, որոնք ասել են՝ արվեստ գոյություն չունի, չեն ուզեցել, որ մեկնումեկն առաջ շարժվի: Շատ զարմանալի է, որ Հայաստանում կինո կա դեռեւս, որովհետեւ կինոն հարուստ ապրելակերպ, հարուստ պայմաններ ստեղծած երկրների գործիք է: Փոքր, խեղճ երկրները, որոնք պատերազմի մեջ են, երկրաշարժ են տեսել, որոնք անընդհատ ճնշումների, շրջափակման մեջ են, չեն կարող շատ մեծ գումար հատկացնել կինոյին: Իսկ առանց մեծ գումարի դժվար է կինո նկարելը: Չնայած, փառք Աստծո, կան ֆիլմեր, որոնք այսօր մասնակցում են միջազգային կինոփառատոների, ստանում մրցանակներ… Իտալիայում, Հռոմում արեցինք հայկական կինոյի շաբաթներ, ու իտալացի կինոգետները գրեցին՝ «մեզ համար անհայտ, զարմանալի, հանճարեղ հայկական կինոն»: Միշտ են ասել, որ հայկական կինոն մահացել է, մարդիկ, չգիտես ինչու, մահվան վրա են կայանում՝ իբրեւ թե շատ խիստ եւ բարձր ճաշակի են: Չեն հասկանում իրավիճակը, որ հիասթափեցնում են մարդկանց, երիտասարդներին: Անցյալ տարիներին քանի երիտասարդ նախագահի մրցանակ ստացավ, շատ ուրախալի էր, երիտասարդները ոգեւորվեցին, նախագահի մրցանակից հետո սկսեցին ֆիլմեր նկարել, համարձակությամբ ֆիլմեր ներկայացնել տարբեր միջազգային փառատոների, բերեցին «Ոսկե ծիրան», բերեցին ակադեմիայի մրցանակներ: Այնպես որ, կարծում եմ՝ չարժի շատ լուրջ ընդունել հայկական կինոյի ողբերգակներին ու մահվան տեսիլներ տեսնողներին: Միշտ խոսվել է դրա մասին: Ժամանակին ասում էին՝ Սարյանից հետո հայ նկարչություն գոյություն չունի, բայց ի հայտ եկավ Հենրիկ Իգիթյանը, որը հայտնաբերեց նկարիչների, որոնք համաշխարհային դարձան, ճանաչելի ու հետաքրքիր: Դա կախված է մի քանի մարդուց՝ մի քանի աչք, մի քանի զգացմունք, մի քանի իմաստություն ունեցողից: Շատ հեշտ է մարդուն կոտրել ու վիրավորել՝ ասելով, որ հայկական կինո գոյություն չունի: Նայիր, դառնում ես 65-70 տարեկան, նկարել ես 15-20 ֆիլմ, ստացել 40-50 մրցանակ, մեկ էլ գրում են, որ հայկական կինո չկա: Թվում է, թե առանց մտածելու՝ քո ամբողջ կյանքի արածը համարվում է ավելորդ»:
Կարդացեք նաև
Հարություն Խաչատրյանը չի նեղանում, ասում է՝ ոչինչ, թող սիրեն ամերիկացիների, ճապոնացիների գործերը, բայց իր համար հայկական կինոյում ամեն մի առաջխաղացում մեծ առաջընթաց է, որովհետեւ նրա խոսքով՝ փոքր հնարավորություններով, հոգեցունց պահերով, սեւ ու մութ տարիներով անցած մարդիկ, եթե կարողանում են դեռեւս ստեղծագործել, դա գնահատելի պետք է լինի. «Ես կարծում եմ, հայկական կինոն կա, մահացած չի, վերակենդանացման բաժնում էլ չի: Տարիներ առաջ, երբ ասում էինք, թե ի՞նչը կարող է փրկել կինոն, գտանք ճանապարհը ու ստեղծեցինք կինոփառատոն, որպեսզի երիտասարդները տեսնեն՝ աշխարհում ինչ է կատարվում, մենակ ՌԴ-ով, Վրաստանով չի: Առաջին տարիներին, երբ «Ոսկե ծիրանը» եղավ, մեկ-երկու հայկական ֆիլմ չէինք գտնում, որ ներկայացնեինք, 5-6 տարի հետո հասկացանք, որ հաղթել ենք այդ ժամանակավոր դժվարությունները: Հիմա ֆիլմեր կան, որ չեն էլ ցուցադրվել, որովհետեւ չկա պրոպագանդող, ոգեւորող, գիտե՞ք ինչքան ռեժիսորներ կան վիրավորված, հայհոյում են բոլոր մնացածներին, ովքեր մի քիչ հնարավորություն, ֆինանսավորում ունեն: Մեկ-մեկ ինձ էլ են հայհոյում, քննադատում, մեկ-մեկ ինձ էլ են համարում արդեն ծերացած ու չգնահատվող: Բայց ես գիտեմ, որ շատ վիրավորական է, երբ քո արվեստը, քո չարչարանքը, կյանքիդ գնով արված ֆիլմը չի ընդունվում, մրցանակ չի ստանում: Պետք է հասկանաս ու ներես: Ես այդ շարքում եմ դնում նախագահի մրցանակը, ամեն մի մրցանակ ռեժիսորին նոր ոգի, ուժ ու հնարավորություն է տալիս՝ նորից շարունակելու, վստահելու իր ուժերին եւ առաջ գնալու… Արվեստը նաեւ մեր զենքերից մեկն է, պետք է որոշես ինչ զենք ես օգտագործում՝ հրանո՞թ ես օգտագործում, թե՞ կինո ես օգտագործում, նկարչական ցուցահանդե՞ս, թե՞ «մինամյոտ», երաժշտությո՞ւն ես օգտագործում, թե՞ ականանետ կամ ավտոմատ: Այս բոլորն էլ կարեւոր զենքեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
«Առավոտ» օրաթերթ
23.04.2020
Լավ կլինի, որ հայ արվեստում մատնացույց արվի գեթ մեկ իրական արժեք, որը ընդունված կլինի մեր հասարակության կողմից, որը ստեղծվել է արդի ժամանակաշրջանում, բայց մրցանակ ստացողները՝ ինչքան ուզես … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան