Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շատ բիզնեսներ անցնելու են հարկային տույժ-տուգանքների միջով»

Ապրիլ 24,2020 13:30

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում երկու ամսով  հայտարարված արտակարգ դրության պատճառով շատ բիզնեսներ շարունակում են վնասներ կրել: Թեեւ կառավարությունը աջակցության ծրագրեր է իրականացնում, փորձում է օգնել բիզնեսին, որպեսզի չեզոքացնի կամ մեղմի վնասները, բայց կան ոլորտներ, որոնք այդուհանդերձ, լուրջ խնդիրների առաջ են կանգնած:

Երբ կառավարությունը առեւտրային բանկերին հորդորեց, կոչ արեց անհատներին կամ իրավաբանական անձանց վարկային արձակուրդ տալ, շատ բանկեր հայտարարեցին, որ պատրաստ են ընդառաջել իրենց հաճախորդներին:

«Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գեւորգյանն էլ մոտ մեկ ամիս առաջ դիմել է «Կոնվերս բանկին»՝ վարկային արձակուրդ ստանալու համար, ընդ որում, հենց բանկն է առաջարկել դիմում գրել:

«Առավոտ»-ի հետ զրույցում Գեւորգյանը պատմում է, որ բանկից վատ լուր է ստացել. «Կոնվերս բանկ»-ը հայտնել է, որ «Սպիննակեր Գրուպ»-ին չի տրամադրի վարկային դադար, ու ընկերության հաշվից ողջ գումարն, այսպես ասած՝ քաշել է:

Գեւորգյանն ասում է՝ բանկից մի փոքր հույս են տվել, վստահեցրել են՝ ծրագրային խնդիր է, կշտկվի, ու վարկի մարման արձակուրդ կտրամադրվի: Բայց գործարարը դեռ սպասում է, իսկ հարկեր վճարելու «հաշվիչը» պտտվում է, կանգ չի առնում:

Չորս տարի առաջ հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, գործունեություն է ծավալում նաեւ զբոսաշրջային ոլորտում:

«Մենք ստիպված ենք նորից վարկ ստանալու համար դիմել, սա արդեն պետական աջակցության միջոցառումներից չի լինելու, որովհետեւ կառավարության ծրագրին՝ արտոնյալ վարկեր ստանալու առաջին միջոցառմանը մենք դիմել էինք մինչեւ «Կոնվերս բանկ»-ի հետ ծագած  խնդիրը: Եվ հիմա «Կոնվերս բանկ»-ի վարկն ու այս մյուս վարկն իրար հետ պիտի լրացներ մեր շահութահարկն ու մենք պիտի դա վճարեինք: Ստացվում է այն վարկը, որ պետությունը մեզ տալիս է՝ դա ունենք, իսկ «Կոնվերս բանկ»-ի վարկը, որն այս նույն բանկի ծրագրային խնդիրների պատճառով քաշել է, ուստի այդ գումարը պիտի հայթայթենք»,-պատմում է գործարարը:

Գեւորգյանը վստահեցնում է՝ պետական աջակցության ծրագրերից որեւէ դժգոհություն չունի որպես գործարար, բայց հարկային քաղաքականության հետ խնդիր կա. «Երբ պետությունը վարկը տալիս է, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծվեցին: Օրինակ՝ ապրիլի քսանից հետո հաշվարկվում են տույժ-տուգանքներ, երեւի շատերը կանցնեն հարկայինի այս տույժ-տուգանքների միջով, ու վճարելու են: Բայց պետությունը պետք է մի քիչ մեղմ վերաբերվի:Եթե չեմ սխալվում, կարծես այս ուղղությամբ էլ նախատեսում են մեղմացումներ, բայց չգիտեմ՝ մեր նման մեծ ընկերություններին արդյոք կվերաբերի»,-ասում է գործարարը:

Գեւորգյանը հիշեցնում է՝ բեռնափոխադրումները դեռ փետրվար-մարտ ամիսներից արդեն խնդիրների առաջ էին կանգնած. Վերին Լարսում բեռնատարները շատ երկար ժամանակ կանգնած էին մնում, իսկ դա նշանակում է բեռների տեղը հասցնելը ուշանում էր, իսկ բիզնեսի համար ժամանակը ոսկի է: Գործարարի ներկայացմամբ՝ ընկերության այս ճյուղը, ի տարբերություն զբոսաշրջության, քիչ, թե շատ բարվոք վիճակում է, բայց, վնասներ էլի կրել է, ուստի պետությանն առաջարկում է հարկային մեղմ քաղաքականություն սահմանել:

Ընկերության զբոսաշրջության ոլորտը, կենցաղային լեզվով ասած՝ մեռել է, բայց բեռնափոխադրման հաշվին ծածկելու են զբոսաշրջության վնասը: Զբոսաշրջության ոլորտին կառավարության աջակցության ծրագրով ընկերությունը չի կարող օգտվել, սահմանված շրջանառության սահմանաչափերին չի համապատասխանում, ավելի  շատ է, քանի որ բիզնեսի երկու ճյուղերը իրավաբանական նույն անվան տակ են:

Գեւորգյանը նկատում է՝ կառավարության արտոնյալ վարկերն ուղղակի օգնում են ընկերություններին չսնանկանալ, բայց սա փրկություն չէ, որովհետեւ եթե կա վարկ, այն պետք է վերադարձնես: Զբոսաշրջության ոլորտն ամենախոցելին է, ամենատուժածը, այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ աշխարհում:

Հիմա նույնիսկ դժվար է հաշվարկել, կանխատեսել, թե զբոսաշրջությունը, անգամ ներգնան, երբ ուշքի կգա: Կորոնավիրուսի համավարակը մարդկանց ավելի զգուշավոր է դարձրել, հատկապես երբ առողջապահության ոլորտի  պաշտոնյաները հայտարարում են, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինելու, վիրուսի հետ պետք է ապրենք, մեկ-երկու տարի կպահանջվի վիրուսի «դեմն առնող» դեղամիջոցը կամ պատվաստանյութը հայտնաբերելու համար: Սա նշանակում է՝ մարդիկ կխուսափեն ճամփորդելուց:

Զբոսաշրջության ոլորտը մինչեւ գա իր նախկին եկամտաբեր վիճակին, մեկ տարուց ավել ժամանակ կպահանջվի: Այս ոլորտին աջակցելու համար Գեւորգյանն առաջարկում է գոնե մեկ-երկու տարով ազատել հարկերից, մինչեւ այն կվերադառնա նախկին հունին, կկարողանա շնչել. «Հույս ունեմ կվերանայեն մոտեցումները: Ես չեմ կարծում, որ զբոսաշրջության ոլորտի վճարած հարկերն այնքան շատ են, որ եթե չվճարեն ճգնաժամային մեկ-երկու տարում, բյուջեն տուժելու է: Այդ մեկ-երկու տարին հարկերից ազատելով, զբոսաշրջության ոլորտն ինքնաֆինանսավորման հնարավորություն կունենա, ու լավ կլինի թույլ տան աստիճաբանար վճարի հարկերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930