Լրահոս
Օրվա լրահոսը

Չարժե Ղարաբաղի թեման տեղափոխել հրապարակային բանավեճի դաշտ. ՌԴ ԱԳՆ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2020 23:53

«Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսպես մեկնաբանեցին ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին հարց ուղղվեց 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի մասին՝ նա հայտարարեց. «Ընդունված բանաձեւերը հայտնի փաստաթղթեր են: Դրանք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում եւ անցում բանակցությունների: Դրանցում, այո՛, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց այդ նույն բանաձեւերում կոչ էր հնչում դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների…:

ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել են. «Ռուսաստանը ելնում է նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ձևավորված ֆորմատի շրջանակներում»: Հարցին, թե ինչպիսի բանակցային փաստաթղթեր նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից հստակեցրել են, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ համատեղ հայտարարությունների շրջանակում:

«Մեր դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Կարգավորմանն առնչվող դետալներում, որոնք ընդգրկված են հայտարարություններում, առկա են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշակիացումը՝ ազգաբնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որոնք քննարկվում էին և քննարկվում են, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է դրանք»,- նշված է ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչության պատասխանում:

ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունը ամփոփելով նշել է. «Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թեմային առնչվող կոնսուլտացիաները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին կայացած տեսակոնֆերանսը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ»:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930