Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձայն եմ խնդրում…»

Ապրիլ 23,2020 23:30

Արա Բերքյանը հայ մշակույթի, պատմության դեսպանն էր Գերմանիայում

Հայագետ, ճարտարապետ, հասարակական գործչի մասին առաջինը բարձրաձայնողներից մեկը հրապարակագիր, բանասեր կինն էր` Լիզա  Բերքյան-Աբրահամյանը: Նա դոկտորի գիտական աստիճան էր ստացել «Հայկական միջնադարյան ամրաշինությունը» թեզի համար, աշխատում էր Հռենոսի-Մայնի երկրամասում, որպես ճարտարապետ, «Հայ- գերմանական հանդեսի» խմբագիրն էր:

Լիզա Բերքյան-Աբրահամյանի միջոցով տպագրվեց «Արա Յ.Բերքյան.կենսագրություն, հոդվածներ, նամակներ, մատենագիտություն» ժողովածուն, որում զետեղված մասունքների շնորհիվ տեղեկացանք հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի մասին, նրա` Հայ դատին անմնացորդ լինելու, հայ-գերմանական բացառիկ կապերի մասին: Գերմանիայում Արա Բերքյանի շնորհիվ 1965թ-ին հիմնվել էր Հայ ուսանողական միությունը, ապա անցյալ դարի 70-ականներին վերաբացվեց Լեփսիուսի հիմնած գերմանա-հայկական ընկերությունը, տպագրվեցին թռուցիկներ, բարձրաձայնվեց Հայոց Ցեղասպանության, հայ ժողովրդի պահանջատիրության, հատուցման մասին: Արա Բերքյանն իր ավանդը բերեց Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:

Էննո Մեյերի, Արա Յ․ Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև․ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ»  գիրքը զարմանալի վավերագրություն է, նորահայտ էջեր գերմանական իրականության իշխող տրամադրությունների, գիտնականների, մտավորականների պատմաքաղաքական դեմքերի, անձնավորությունների մասին:

Գիրքը գերմաներենից թարգմանել է Լիզա Բերքյան-Աբրահամյանը  («Տիգրան Մեծ» հրատ․ Երևան, 2016 թ) :

Ներկայացնում ենք գրքի «Հայկական հարցի օսմանյան  վերջնական լուծումը» և գերմանական կայսրությունը (1915-1918 թթ.) » խորագրից մի հատված:

«1916 թ. հունվարի 11-ին, հայերի կոտորածների առնչությամբ, պատգամավոր Կարլ Լիբկնեխտը (սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) Ռայխսթագում դիմեց կառավարությանը: Ռայխսթագի արձանագրությունում նշված է.

«Պարոն ռայխսկանցլերին հայտնի՞ է, որ ներկայիս պատերազմի ընթացքում դաշնակից թուրքական կայսրությունում իրենց բնակավայրերից հազարավոր հայ բնակիչների տեղահանում և ոչնչացնում են: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պարոն ռայխսկանցլերը դաշնակից թուրքական կառավարության շրջանում քավության զգացում արթնացնելու, Թուրքիայում մնացած հայ ժողովրդի վիճակը մարդկային արժանապատվությամբ կարգավորելու, վայրագությունների կրկնությունը կանխելու համար:

Նախագահ.

-Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի ղեկավար, կայսերական դեսպանորդ, պարոն դոկտոր ֆոն Շտումին:

Ֆոն Շտում, կայսերական դեսպանորդ, արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի ղեկավար, դաշնային խորհրդի հանձնակատար.

-Պարոն ռայխսկանցլերին հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ մեր հակառակորդի խառնակիչ մեքենայություններն առիթ տվեցին Դռանը հրահանգելու՝ Թուրքիայի որոշ տարածքների հայ բնակչությանն իրենց բնակավայրերից նոր բնակավայրեր փոխադրել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների որոշակի հակազդեցությունների պատճառով այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև տեղի են ունենում մտքերի փոխանակություն: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:

Լիբկնեխտ.

-Ես ձայն եմ խնդրում, հարցման լրացման համար (Աշխուժություն) :

Նախագահ.

-Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին. Լիբկնեխտ.

– Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը ուղղակի Թուրքիայի հայերի բնաջնջման մասին խոսեց (Նախագահի զանգը: Ելույթ ունեցողը փորձում է շարունակել խոսքը: Ձայն: Բացականչություններ՝ «Լռություն. Լռություն»):

Նախագահ.

-Պարոն պատգամավո՛ր, սա մի ուրիշ հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել»:

Դրանով սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից արված փորձը՝ ինչ-որ բան հայերի համար անելու, մերժվեց:

Մեծ հնարավորություն ուներ պատգամավորական կենտրոնից Մաթիաս Էրցբերգերը: 1916թ.փետրվարին ռայխսկանցլեր ֆոն Բեթման Հոլվեգի հանձանարարականով նա գործուղվում է Կոստանդնուպոլիս`զրուցելու Էնվեր եւ Թալեաթ փաշաների, ինչպես նաեւ Գերմանիայի դեսպան Կոմս Վոլֆ Մետերնիխի, վերջինիս ավստրիացի գործընկերոջ` Մարկգրաֆ Պալավիչինի հետ…

Էրցբերգերն այդ զրույցի մասին գրում է. «Էնվեր Փաշան ինձ որոշակի խոստացավ , որ հայերի հանդեպ չեն կիրառվի հետագայում միջոցառումներ, նրանք կվերաբնակեցվեն առանձնացված վայրերում եւ կերաշխավորվեն նրանց կրոնական ազատությունները:Թալեաթ փաշան խոստացավ հայկական եկեղեցու, քահանաների, եւ ուսումնական սեմինարիաների բացումը մի պայմանով, որ թուրքական պետական միտքը չտուժի դրանից: Երկու նախարարները ինձ խնդրեցին, ներկայացնել ցանկալի միջոցառումների հուշագիր, որն անմիջապես կատարվեց…Չնայած նույնիսկ թուրքական իշխանապետերը խոստացան փոքր զիջումներ կատարել, բայց կալացածն իրականություն էր , որ 1916-ին հայկական համայնքը Թուրքիայում արդեն ոչնչացված էր:

Կոստանդնուպոլսում գերմանական դեսպան կոմս Վոլֆ-Մետերնիխի ձեռքերը, թեև կապված էին՝ ի նպաստ հայերի իր կառավարության կողմից ինչ-որ բան անելու հարցում, այնուհանդերձ, Բարձր Դռանը նրա բողոքները հանգեցրին նրան, որ Կոստանդնուպոլսի հայերի մեծ մասը տեղահանվելուց զերծ մնաց, որի շնորհիվ այնտեղ այսօր գոյություն ունի հայկական մեծ համայնք: Հայերին հովանավորելը Գերմանիայի դեսպանին դարձրեց ոչ ցանկալի դիվանագետ Էնվերի և Թալեաթի աչքում: Նրան մեղադրեցին, թե իբր իրեն պահում է ոչ թե Գերմանական կայսրության, այլ՝ հայերի դեսպանի պես: 1916 թ. սեպտեմբերին, երբ Պլեսի (Oberschlesien) գերմանական արևելյան շտաբում կայսր Վիլհել II-ը և ռայխսկանցլեր ֆոն Բետման Հոլվեգը ընդունեցին Էնվերին, վերջինս խնդրեց նրանց՝ կոմս Վոլֆ-Մետերնիխին հետ կանչել: Այդպես էլ եղավ, չօգնեց նույնիսկ պատգամավորական կենտրոնի Մաթիաս Էրցբերգերի բողոքը: Մետերնիխին հաջորդեց (1916 թ. հոկտեմբեր) թուրքերի կողմից առաջարկված դիվանագետ Ռիչարդ ֆոն Կյուհլմանը»:

Պատրաստեց`Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Նկարների մակագրությունը.

1.Արա Բերքյանի այս հոդվածը՝ «TODESGANG DES ARMENISCHEN VOLKES» Über 50. Jahrestag des Genocids an Armeniern (Հայ ժողովրդի մահուղին. Ցեղասպանության 50-րդ տարեդարձի առթիվ) հրապարակվել է Գերմանիայի «Aachener Volkszeitung» թերթի 1965թ. մայիսի 17-ին, որը թարգմանաբար տպագրվել է «Հոգևոր հայրենիք»-ի 2013-ի թիվ 1-ում: 1965-ին Ա.Բերքյանը կրել է դեռևս Բիլեզիկյան ազգանունը: Գերմ. թարգմ.՝ Լիզա Բերքյան –Աբրահամյան:

2.Արա Բերքյանի գիրքը

3.Լիզա Բերքյան –Աբրահամյանը գրքի շնորհանդեսին

4.1993 թ. ապրիլ, Լաչինում, կենտրոնում` Արա Բերքյան, առջևում` Լիզա Բերքյան-Աբրահամյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930