Aravot.am-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ, Կիեւի Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Մագդան:
-Պարոն Մագդա, COVID-19 համավարակն արդեն շատ հարցերում փոխել է աշխարհը և հետագայում էլ կշարունակի գեներացնել հսկայական տեղաշարժեր համաշխարհային տնտեսության մեջ և միջազգային հարաբերություններում: Այս թեմայով քննարկումներ ընթանո՞ւմ են Ուկրաինայում, ո՞րն է Ձեր տեսլականը և Ձեր երկրի դիրքավորումն այս նոր «հետկորոնավիրուսային աշխարհում»:
-Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհի համար դարձավ լրջագույն փորձություն, և Ուկրաինան բացառություն չէ: Ինչպես հայտնի է՝ կարանտինային սահմանափակումներն ընդգրկել են ամբողջ աշխարհի բնակչության կեսը, և կորոնավիրուսի ազդեցության աստիճանը կարելի է համեմատել Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների ազդեցության հետ: Այս մասշտաբային և ողբերգական իրադարձություններից հետո սոցիալական կարգի փոփոխությունները շատ հարցերում են կանխորոշել մարդկության հետագա զարգացումը: Կարծում եմ, որ կորոնավիրուսի՝ մեր կյանքի վրա ունեցած ազդեցությունը կարելի է համեմատել համաշխարհային պատերազմի հետ և հույս ունեմ, որ գոնե զոհերն այդքան մասշտաբային չեն լինի: Արդյունքում ուժեղներն ավելի կուժեղանան, թույլերը ստիպված կլինեն վճարել իրենց անօգնականության համար: Ցավոք, Ուկրաինան պետական կառավարման համակարգի ճգնաժամ է ապրում, մեր երկրում տնտեսությունն անկում էր ապրում դեռ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը, և կարանտինային մեկուկես ամիսները ցույց տվեցին, որ Դենիս Շմիգալի կառավարությունն (ըստ էության Վլադիմիր Զելենսկիի երկրորդ կառավարությունը) ունի տնտեսական ճգնաժամից դուրս գալու հստակ ռազմավարություն, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով: Եվ սա ավելի լուրջ խնդիր է, քան համավարակի տարածումը:
-Չնայած կորոնավիրուսի համավարակին, Ռուսաստանը շարունակում է ակտիվ քաղաքականություն վարել հետխորհրդային տարածքի բոլոր ուղղություններով՝ նպատակ ունենալով չկորցնել իր ազդեցությունը: Ի՞նչ է տեղի ունենում «ուկրաինական ճակատում» ի՞նչ առաջնահերթ մարտահրավերներ կան:
Կարդացեք նաև
-Ռուսաստանը գործում է «ում համար պատերազմ՝ ում համար էլ օգտվելու առիթ» սկզբունքով: Ռուասաստանի կառավարությունը փորձեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կորոնավիրուսի ֆոնին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձև անցկացնել, բայց ստացավ հակահարված: Ռուսներն ամեն ինչ անում են, որպեսզի ստեղծեն մի խորհրդատվական մարմին՝ պաշտոնական Կիևին տանելով ուղիղ բանակցությունների Դոնեցկի և Լուգանսկի հետ, որոնց ղեկավարները Կրեմլի խամաճիկներն են: Նկատելիորեն Ուկրաինայում ուժեղացել է ռուսական գործակալների, պրոռուսական մեդիայի ազդեցությունը: Պարադոքս է այն, որ Ուկրաինան արգելել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը և ռուսական սոցիալական ցանցերի հարցում դրել է սահմանափակումներ, բայց սա համարյա չի խանգարում ռուսական քարոզչության տարածմանը: Ես չգիտեմ, թե Վլադիմիր Զելենսկին ինչ է տեսել Վլադիմիր Պուտինի աչքերում, բայց վերջին տարվա ընթացքում Ուկրաինան դարձել է պակաս ակտիվ ռուսական հիբրիդային ազդեցության հակազդման հարցում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
-2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո և′ Երևանում, և′ Կիևում բազմիցս խոսվել է այն մասին, որ ժամանակն է վերանայել մեր միջպետական հարաբերությունները, որովհետև դա բխում է երկու երկրների շահերից: Մինչդեռ այն տպավորությունն է, որ դա մնում է միայն խոսքի մակարդակում: Ըստ Ձեզ ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս են պատկերացնում մեր հարաբերությունների հեռանկարը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, առաջին հերթին Արևելյան գործընկերության ձևաչափում:
-Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը շատ հարցերում հիշեցրեց Ուկրաինայում տեղի ունեցած Նարնջագույն հեղափոխությունը, հատկապես իր խաղաղ բնույթով: Հայաստանում ընթացող բարեփոխումները մեծամասշտաբ են և հսկայական պատմություն ունեցող երկրին մեծ խթան են տալիս զարգացման համար: Ինչի՞ կարիք մենք ունենք: Կարծում եմ՝ այստեղ կան մի քանի բաղադրիչներ: Առաջինն այն է, որ Ուկրաինայում Հարավային Կովկասի մասին ոչ պարզ ընկալում կա, ինչպես նաև տարածաշրջանում միջպետական հարաբերությունների հարցում: Վերջերս Հայաստանում սկսեց գործունեություն ծավալել նոր դեսպան՝ փորձառու դիվանագետ Իվան Կուլեբան: Կարծում եմ՝ նա նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Երկրորդ գործոնը տնտեսականն է: Երկկողմ առևտրային հարաբերություններն ունեն աճի լուրջ ներուժ: Ես չեմ տեսնում հայկական կոնյակի և ուկրաինական «գորիլկայի» տարածման սահմաններ (ժպտում է): Թեև տնտեսական այլ ոլորտներ էլ կարող են դառնալ համագործակցության հարթակ: Երրորդը տեղեկատվական ոլորտն է: Մենք կարիք ունենք երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության և շատ հաճախ մենք իրադարձություններն ընկալում ենք ռուսական քարոզչության «սառույցի միջով» (հիշեք «Ձյունե թագուհին» հեքիաթը): Կարծում եմ՝ ոչ միայն ես, այլև ուկրաինացի այլ փորձագետներ և քաղաքագետներ բաց են հայկական լրատվամիջոցների համար: Իսկ ուկրաինացի լրագրողներին խորհուրդ կտամ ակտիվորեն հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Բարեկամության և ընդհանուր շահերի լեզուն հասկանալի է նաև առանց թարգմանչի:
-Ուկրաինայի Գերագույն ռադային պատգամավոր Դարյա Վոլոդինան նախօրեին հանրայնացրեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարի նամակը այն մասին, թե ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորներն ու այլ պետական պաշտոնյաներն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ: Միանգամից նշեմ, որ և′ Հայաստանում, և′ Ուկրաինայի հայերի շրջանում այն թեզիսները, որոն ք շարադրված էին նամակում առաջացրին տարակուսանք իրականության հետ կապված: Միևնույն ժամանակ զարմանք առաջացրին, թե ինչպես կարող է նման շրջաբերական տարածվել մի երկրում, որն ինքն է համարվում realpolitik-ի զոհ, և առաջարկվում է վարվել նույն կերպ այս ցավոտ հարցում` դա հիմնավորելով երկրի ինչ-ինչ «շահերով»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անցյալի ողբերգությունները հաճախ օգտագործում են ներկայի որոշ խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ՝ Հայաստանն ու Ուկրաինան անձնային մակարդակում ոչ միայն հասկանում են, այլև սատարում են միմյանց: Չէ՞ ոչ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը և Ուկրաինայում Հոլոդոմորը մեր երկու ազգերի համար նույն խորության ողբերգություն է: Տիկին Վոլոդինան, որպես խորհրդարանական, իհարկե, ուներ իրավունք հանրայնացնելու Վասիլի Բոդնարի նամակը, բայց այստեղ կա մի «բայց»: Լինելով Ուկրաինայի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ, նա պետք է հասկանար, որ իր այդ քայլով նա հրահրում է դիվանագիտական սկանդալ և սրացում մտցնում Երևանի և Կիևի՝ առանց այդ էլ ոչ պարզ հարաբերություններում (իսկ համագործակցության հեռանկարի մասին ես ասացի վերևում): Չեմ կարող պատկերացնել, որ որևէ հայ խորհրդարանական կարող էր նման կերպ վարվել Հայաստանի պետական իշխանության համակարգի որևէ փաստաթղթի հետ: Ուկրաինայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչու է Հայաստանը միջազգային կազմակերպություններում սատարում Ռուսաստանին: Ցավոք, սա փաստ է, որն ունի իր պատճառները: Դարյա Վոլոդինայի ֆեյսբուքյան գրառումը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրյակին կօգտագործվի նրանց կողմից, որոնց ձեռնտու չէ Հայաստանի և Ուկրաինայի ջերմացումը: Ես առաջարկում եմ աչքերը չփակել գոյություն ունեցող խնդիրների վրա, այլ և դրանք քննարկել ու փնտրել լուծման ճանապարհներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ