Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ու թե թուրքը չլիներ, Վանն իմ տունը կլիներ»

Ապրիլ 23,2020 21:35

Իմ գերդաստանի պատմությունը

Տատս պատմում էր, որ իր հայրը ծնվել է Վանի շրջանի Այլուր գյուղում։ Այն իր անունը ստացել է հին դարերում այստեղ եկած առաքյալների հնչեցրած արտահայտությունից՝ «Այլ ու՞ր գնանք»:

Սկսվում են 1915 թվականի կոտորածները, ժողովրդի գաղթը: Այդ թոհուբոհի մեջ մահանում է մեծ պապիս հայրը, մայրը մնում է մենակ՝ նորածինը գրկին: Նա, ինչպես շատ շատերը, մտածում է, որ ամենաապահով վայրը կարող է լինել Աղթամար կղզին: Իմ մեծ պապին՝ 4 տարեկան Վազգենին, թողնում է ամուսնու եղբոր ընտանիքի մոտ, իսկ ինքը՝ նորածին երեխայի հետ, փախնում Աղթամար: Բայց հետո պիտի պարզվեր, որ կղզում ապաստան գտած հայերին կոտորել ու ջուրն են նետել․․․

Փոքրիկ Վազգենը մնում է հորեղբոր կնոջ մոտ։ Վերջինս էլ՝ իր երկու երեխաների հետ (տղան 12 տարեկան, աղջիկը՝ 9 տարեկան), վերցնում է նաև Վազգենին և միանում գաղթի ճամփան բռնած համագյուղացիներին։

1915 թվական․․․ սով, կոտորած, տիֆ, համաճարակ: Ճանապարհին այդ կնոջ տղան է հիվանդանում: Արտասահմանցիների միջոցներով ստեղծված բուժկետում ախտորոշում են տիֆ, անհուսալի վիճակ. առաջին հարվածը խեղճ կնոջը: Նա թողնում է որդուն՝ չիմանալով, թե ինչ կլինի նրա հետ, ու շարունակում ճանապարհը: Չի ուշանում երկրորդ հարվածը. քուրդ ելուզակները փախցնում են աղջկան՝ պոկելով մոր ձեռքերից: Վիշտն ու ցավը սրտում, անտանելի պայմաններում՝ այդ քաջ կինը իմ մեծ պապին հասցնում է Կիպրոս կղզի և նրան տալիս որբանոց, որը հիմնել էին ամերիկացիները՝ հայ գաղթականներին և հիվանդներին պահելու համար:

Վազգեն պապս այնտեղ հանդիպում է իր քրոջը, ում փախցրել էին: Պարզվում է՝ մարդը, ում համար տարել էին աղջկան, բարի է գտնվել և նրան հանձնել է որբ երեխաներ հավաքողներին: Տատիկիս հայրը և այդ աղջիկը՝ Սրբուհին, մեծանում են Կիպրոսի մանկատանը, սովորում են այդ տարի նոր բացված Մելքոնյան վարժարանում:

Վարժարանն ավարտելուց հետո նրանց ճանապարհները բաժանվում են։ Սրբուհին ամուսնանում է իրենց որբանոցի տղաներից մեկի հետ և մեկնում Բեյրութ, երեխաներ ունենում: Նրանք մինչ օրս այնտեղ են:

Իսկ մեծ պապս իր բախտակից ընկերների հետ որոշում է գալ Սովետական Հայաստան:

«Ու գալիս են երիտասարդ, վառ տղաներ՝ գրագետ, լի պայծառ ապագայի հույսով, ավյունով, նորը կառուցելու անսպառ եռանդով: Բոլորն էլ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնում են Երևանը կառուցող առաջին ծիծեռնակները: Նրանց մեջ կային ճանապարհաշինարարներ, կամրջաշինարարներ, ուսուցիչներ․․․»,- պատմում էր տատս մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ։

«Կարող եմ բոլորի անուններն էլ տալ, քանի որ նրանց շրջապատում եմ մեծացել ես»,- ասում էր նա,- բայց մեկն էլ բավարար է: Նրանց մեջ էր Երևանի Տիկնիկային թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Պավլոս Բորոյանը։

Երևանում մեծ պապս որոնեց և գտավ հորեղբոր կնոջը՝ իր կյանքը փրկողին, որ եկել էր Հայաստան, ամուսնացել և ընտանիք կազմել: Հանգամաքների բերումով նրանք շարունակեցին միասին ապրել:

Ամուսնացավ Վազգեն պապս, կազմեց մի լավ ընտանիք՝ իր մոտ պահելով ու մինչև կյանքի վերջը խնամելով այն կնոջը, որին իր գոյությամբ էր պարտական: Գտավ նաև քրոջը, հանդիպեց, նորից ծանոթացավ․․․

Կիպրոսի Մելքոնյան կրթական վարժարանի ղեկավարությունը ևս անտարբեր չմնաց նախկին սաների նկատմամբ: Նրանք հաճախ հետաքրքրվել են իրենց առաջին շրջանավարտների հետագա ճակատագրով: Կազմել են պատվո տախտակ և անուն ազգանունով նշել, թե ով ինչ է անում Սովետական Հայաստանում:

Սա իմ նախնիների պատմությունն է։ Նրանք կորցրին իրենց խաղաղ առօրյան, տունը, ընտանիքը, ծնողներին, հարազատներին միայն այն պատճառով, որ թուրքն այդպես էր ուզում: Բայց նա չգիտեր, որ մեր մեջ ապրում են Թեհլերյանը, Շիրակյանը, Նժդեհը, Անդրանիկը, և 1915 թվականը չէր կարող արգելք դառնալ նոր սերնդի ծննդյանն ու գենետիկ հիշողությանը․․․

 

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

 ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930