Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն 2 միլիարդ դոլար է կորցրել. Վահրամ Ավանեսյան. «Ա1+»

Ապրիլ 23,2020 20:45
Vahram Avanesyan

2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Սա պաշտոնապես հայտարարվել կառավարության նիստում՝ ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության գնահատման արդյունքում ։

Ըստ այդմ՝ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է  Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։

– Պարոն Ավանեսյան, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ճգնաժամը «ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից 2-2,4 տոկոս բացասական ազդեցություն կարող է ունենալ», բայց դուք մոտ 15 տոկոս անկում էիք կանխատեսել: Կառավարությունը մե՞ղմ է գնահատում իրավիճակը:

– Ես չեմ գնահատել 2020թ. տնտեսական աճի մեծությունը, ես գնահատել եմ, թե ինչքան կորուստներ կունենա ՀՀ-ն կորոնավիրուսից: Կորուստները գնահատվել են առանց միջամտությունների, առանց պետական աջակցության, առանց իներցիոն աճի, առանց զարգացման աճի: Դա բազային միջին գնահատականն է: Իմ գնահատականներում հաշվի չեն առնվել, թե կառավարության այս ծրագրերն ինչ ազդեցություն կունենան տնտեսական աճի նվազման, մեղմացման տեսանկյունից: Եվ պետք չէ իմ գնահատականը համեմատել կառավարության գնահատականների հետ: Բայց դա այնքան էլ ցածր թիվ չէ: Եթե բյուջեով 4,9 տոկոս աճ էինք սպասում, իսկ հավակնությունները մինչև 7-8 տոկոսի էին, ապա 2- 2,4 տոկոսը շատ զգալի փոփոխություն է:

– Դուք նաև ասել էիք, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո յուրաքանչյուր օր Հայաստանն ունենալու է 51 մլն դոլարի կորուստ: Այսինքն` Հայաստանն արդեն 2 մլրդ դոլարի կորո՞ւստ է կրել:

– Այո, այդպես է ստացվում, կորցնում ենք: Օրինակ, առաջին երկու ամիսներին տնտեսությունն աճել է, ենթադրում եմ, որ եռամսյակային տվյալներով էլ կաճի, բայց հետո բացասական ազդեցությունն արդեն էական կլինի:

– Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած կանխատեսում մեկ շաբաթ անց վերանայվում է: Վերանայելով Ձեր նախորդ կանխատեսումները` հիմա ի՞նչ նոր դիտարկումներ ունեք:

– Հայաստանի նկատմամբ տրված իմ գնահատականները առաջնային չէին: Եվ այն գնահատականները, որ ես տվել էի աշխարհի տնտեսության կորուստների վերաբերյալ, այն ժամանակ դեռ բնակչության 35 տոկոսն էր ենթարկվում մեկուսացման, մինչդեռ 10-15 օր առաջ` արդեն 55 տոկոսը: Ակնհայտ է, որ հիմա գնահատականները շատ ավելի վատն են: Այն ժամանակ, իմ գնահատականով , աշխարհը օրական 250 մլրդ դոլար էր կորցնում, հիմա արդեն`մոտ 320 մլրդ դոլար: Իհարկե, երկրները սկսել են մեղմացնել սահմանափակումները, բայց, միևնույնն է, կորուստները մեծ են: Ես այն ժամանակ գնահատում էի, որ 20 օր չաշխատելով` աշխարհը կորցնում է 5 տրլն դոլար, հիմա արդեն կասեմ` 10-11 տրլն դոլար: Իսկ ՀՀ դեպքում, այո, 51 միլիոնը բազմապատկած 40-ով նշանակում է, որ կորցրել ենք մոտ 2 մլրդ դոլար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930