Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշմամբ 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը

Ապրիլ 23,2020 18:18

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ միջոցառումն ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի:

1.Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում: Ընդ որում, եթե սովորողը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին` եթե վճարողը ֆիզիկական անձ է:

2.Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում:

Այն սովորողները, որոնք 2019-2020 թթ. ուսումնական տարում պետությունից արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի վճարում։

Եթե սովորողների 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

3.Ուսանողական վարկեր

Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողները կստանան արտոնյալ, այդ թվում` անտոկոս ուսանողական վարկեր: Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է

առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը ։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավորումը, համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման կազմում էր բարձր մՈԳ

ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:

ԿԲ նախագահը ՀՀ վարչապետին զեկուցել է, որ պարզեցվել և հեշտացվել է նաև վարկերի տրամադրման գործընթացը: Ուսանողական վարկերի մայր գումարի վճարումը սկսվում է ուսումն ավարտելուց հետո` բարձր ՄՈԳ ունեցողների դեպքում ավարտելուց մեկ տարի անց:

Ասպիրանտների կրթաթոշակների բարձրացում` 35 հազար դրամով

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը: Ըստ այդմ` 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն,

բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն,

տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, նախկին 20000 դրամի փոխարեն,

դոկտորանտների համար` 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` այս որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ին` N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրից և նպատակ ունի խթանել մարդկային ներուժի զարգացումը և որակյալ կրթության ապահովումը: «Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930