Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման ուղղությամբ, Արցախի կառավարության կողմից միջոցառումների չորս ծրագիր է ընդունվել: Այսօր Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը մանրամասնեց այդ ծրագրերը. առաջին ծրագրով միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Երկրորդ ծրագրում ընդգրկված են այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 14 տարեկան երեխաներ: Երրորդ ծրագրում չաշխատող միայնակ հղի կանայք են, ինչպես նաեւ չաշխատող այն հղի կանայք, որոնց ամուսինները 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել եւ նույն թվականի մարտի 31-ի դրությամբ աշխատանքի չեն ընդունվել. այդ ընտանիքները կստանան 100 հազարական դրամի չափով միանվագ ֆինանսական օգնություն:
Առաջին ծրագրով միանվագ ֆինանսական օգնություն է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամի չափով: Այս ծրագրի շահառուներ են հանդիսանում մինչեւ երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե երեխայի ծնողը, կամ ծնողները 2020 թվականի մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից կամ աշխատանք չեն ունեցել: Երկրորդ ծրագրի շահառուներ են հանդիսանում այն ընտանիքները, եթե երեխայի երկու ծնողներն ազատվել են աշխատանքից մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածը, եթե մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել եւ եթե միայնակ ծնողն ազատվել է աշխատանքից նշյալ ժամանակահատվածում: Այս ծրագրով միանվագ նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր երեխային 100 հազար դրամի չափով:
Ծրագրերի համար անհրաժեշտ է դիմել սոցիալական ծառայությունների տեղական գրասենյակներ`ներկայացնելով ծնողի կամ ծնողների անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական երեխայի կամ երեխաների ծննդյան վկայականներ:
Չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ցանկը կճշտվի նախարարության տեղեկատվական համակարգերով: Այս ընտանիքները, առանց որեւէ պայմանի, յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26, 500 դրամ միանվագ օգնություն: Իսկ մինչեւ 14 տարեկան երեխա ունենալու դեպքում, եթե ընտանիքը համապատասխանի երկրորդ ծրագրի չափանիշներն, այդ երեխաների հաշվով կստանան 100 հազարական դրամ:
Կարդացեք նաև
Նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ ֆինանսական օգնություն կստանան այն քաղաքացիները, նաեւ մասնավոր հատվածում աշխատած, ովքեր նշյալ ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, բացառությամբ բանկերում եւ վարկային կազմակերպություններում աշխատած անձանց: Այս ծրագրից չեն օգտվի այն քաղաքացիները, ովքեր երկրորդ ծրագրի շահառուներ կլինեն:
Այս պահին հայտնի տվյալներով, մարտ ամսվա ընթացքում 760 անձ կորցրել է աշխատանքը, 1700-ից ավել ընտանիք կա, որոնք ունեն չորս եւ ավելի անչափահաս երեխաներ:
Գումարները կտրամադրվեն մայիսի 10-ից հետո: Շահառուների ցուցակները կտեղադրվեն եւ նախարարության կայքէջում, եւ ֆեյսբուքյան էջում: Եթե ցուցակներում բացթողումներ եւ անճշտություններ տեղ գտնեն, արագ լրացումներ եւ շտկումներ կարվեն:
Նախարարը տեղեկացրեց, որ մինչ այժմ տարբեր տեսակի սոցիալական աջակցություններ են ստացել այն բնակավայրերի բնակիչները, որոնք մեկուսացման եւ տեղաշարժի սահմանափակումների մեջ են եղել: Սննդի տեսքով 440 միայնակ թոշակառուներ են նախարարության կողմից աջակցություն ստացել: Նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից աջակցություն են ստացել հայրենական պատերազմի զոհվածների, հաշմանդամների եւ նրանց հավասարեցված անձանց ընտանիքները: Խոսքը մոտ 145 ընտանիքների մասին է: 458 միայնակ քաղաքացիներ 50 հազարական դրամ աջակցություն են ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության կողից: Այս կազմակերպությունն ախտահանիչ եւ հիգիենիկ պարագաներ է տրամադրել նաեւ երկու գիշերօթիկ խնամքի կենտրոններին, Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՕԱԿ-ին եւ այլն: Հազար արկղ բարեգործական բեռ`սննդամթերքի տեսքով, նախարարությունը ստացել է Ռուսաստանի հայերի միությունից: Բաշխումը կորոշի նախարարությունը:
Գազի եւ էլեկտրաէներգիայի վճարների փոխհատուցման ծրագրերի մասին հարցին պատասխանելով նախարարն ասաց, որ անկախ այս իրավիճակից, Արցախի բնակչությունն էլեկտրաէներգիայի համար վճարում է 50 տոկոս, այնպես, որ այս մասով փոխհատուցման մասն խոսելն անիմաստ է: Օգտագործած գազի վճարի փոխհատուցման ծրագիր դեռեւս չկա: Նախարարը հավելեց նաեւ, որ Արցախում շատ վաղուց գործում են առաջին եւ երկրորդ խմբի զինհաշմանդամների ընտանիքների փոխհատուցման ծրագրերը, որոնցով մեկ շնչի հաշվով ամսվա կտրվածքով 10 մետր խորանարդի եւ 60 կիլովատ էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցում է կառավարությունը: Այն բնակավայրերում որտեղ գազ չկա, ընտանիքի անդամի հաշվով փոխհատուցվում է 78 կիլովատ էլեկտրաէներգիայի ծախսը: Այս ծրագրերով էլեկտրաէներգիայի փոխհատուցում է ստանում 1360 ընտանիք, գազի`1000 ընտանիք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ