Aravot.am-ի զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի տեղակալ Դարյա Վոլոդինան:
Նշենք, որ նա մեկ օր առաջ հրապարակել և քննադատել է ուկրաինացի պաշտոնյաներին ու պատգամավորներին ուղղված՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարի նամակը:
Այդ նամակում պաշտոնյան հորդորում է ապրիլի 24-ին ընդառաջ չօգտագործել «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը, այլ կիրառել «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» ձեւակերպումը: Ուկրաինայի արտգործնախարարի նամակում կա արձանագրում, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ միջազգային կառույցներում քվեարկում է նրա օգտին, այդ թվում Ուկրաինային վերաբերող հարցերում, իսկ Թուրքիան իրենց համար է ռազմավարական նշանակություն ունեցող երկիր:
Այս առիթով մի քանի հարց հղեցինք ուկրաինացի պատգամավորին:
Կարդացեք նաև
-Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել եք խնդրահարույց նամակի մասին, որն ուղղված էր պետական կառույցների ներկայացուցիչներին՝ կապված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ: Կարո՞ղ եք մանրամասնել՝ ի՞նչ է գրված նամակում և ո՞րն է ԱԳ նախարարի տեղակալի՝ նման նամակ հղելու դրդապատճառը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, հնարավո՞ր է ծառայողական քննություն կատարվի:
-Իմ տեղեկություններով՝ այսպիսի նամակներ ուղարկվել են նաև նախկինում, այն ուղերձով, որ ուկրաինացի պետական պաշտոնյաները մասնակցություն չունենան այն միջոցառումներին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հիշատակի հարգման հետ: Ես հույս ունեմ, որ ժամանակակից աշխարհում, երբ Ուկրաինայում փոփոխություններ են տեղի ունեցել, երբ իշխանություն է փոխվել, փոխվել են առաջնահերթությունները, սա կհամարվի սխալմամբ տեղի ունեցած մի պատմություն, որն անպայման կուղղվի:
Ինչ վերաբերում է Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությանը, ապա ուզում եմ տեղեկացնել, որ արդեն դիմում-հայտարարություն է պատրաստվել, որը կստորագրվի ուրբաթ օրը՝ ինչպես խմբի անդամների, այնպես էլ այլ պատգամավորների կողմից: Այդ փաստաթղթում կոչ է արվում Ուկրաինայի ԱԳՆ-ին կա′մ հետ կանչել այդ նամակը, կա′մ դրանում շտկումներ մտցնել՝ ներողություն հայցել: Նաև հնարավոր է ԱԳ նախարարի տեղակալի նկատմամբ ծառայողական քննություն տարվի, որն իրեն թույլ է տվել, իմ կարծիքով, ոչ դիվանագիտական արտահայտություններ:
-Ինչո՞ւ հայտնվեց այսպիսի նամակ, ինչի՞ վրա է հիմնված այսպիսի բացասական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ինչո՞ւ են հայ-ուկրաինական հարաբերությունները դրվում կախվածության մեջ հայ-ռուսական հարաբերություններից:
-Սա մեկ կոնկրետ չինովնիկի սուբյեկտիվ կարծիքն է: Եթե վերցնենք ընդհանուր Ուկրաինայի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, ապա վստահեցնում եմ՝ այն դրական է: Ում հետ խոսել եմ խորհրդարանում, բոլորն էլ ինձ այս հարցում աջակցում են: Իմ կարծիքն այն է, որ սա իրականության սուբյեկտիվ գնահատական էր, որը տվեց Վասիլի Բոդնարը: Նա գուցե չէր հասկանում, որ ունի դիվանագիտական պատասխանատվություն և փաստացի Ուկրաինայի խոսնակն է:
Իսկ ընդհանուր առմամբ՝ հայ-ուկրաինական հարաբերությունները դրական են, մենք դրական ենք տրամադրված ապագա համագործակցության հարցում: Կարծում եմ՝ այս իրավիճակը կուղղվի:
-Որքանո՞վ է Ուկրաինայի շահերից բխում այս ռեալ պոլիտիկի խաղը՝ հաշվի առնելով այն, որ շատ անգամներ հենց Ուկրաինան է դարձել ռեալ պոլիտիկի զոհ տարբեր երկրների կողմից, առավել ևս դրան գումարած այն, որ Ուկրաինան գիտի, թե ինչ է ցեղասպանությունը:
-Ես կարծում եմ, որ կան որոշակի շրջանակներ: Մենք հրաշալի հասկանում ենք, որ կա տնտեսական, կա ավելի պրագմատիկ հարթություն, որը քիչ թե շատ հասկանալի է, բայց, համենայն դեպս, ես կուզեի, որ մեր դիվանագիտությունը կառուցվեր ոչ թե կոնկրետ անձի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա կամ կոնկրետ չինովնիկի կարծիքի վրա, այլ հաշվի առնվի այն, որ մենք պետք է որպես ազգ, երկիր հասկանանք այն ցավը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, կիսենք այդ ցավը և բարեկամաբար սատարենք հայ ազգին:
-Ըստ Ձեզ ինչպիսի՞ն է հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարը:
-Մենք ձեր խորհրդարանի ներկայացուցիչների հետ շատ ջերմ հանդիպում ենք ունեցել: Նրանց հետ փոխանակվեցինք բարեփոխումների մասին կարծիքներով, օրենսդրական հարցերով փորձի փոխանակում կատարեցինք:
Ինձ շատ հետաքրքիր էր ծանոթանալ հայ գործընկերների փորձին՝ կապված շահումով խաղերի և խաղատների մասին օրենսդրության ներդրման հետ, իսկ հայ գործընկերները հետաքրքրված էին ներդրումային քաղաքականությամբ, որը վարում է մեր երկիրը: Ես գլխավորում եմ Invest in Ukraine միավորումը, որը զբաղված է հենց այդ հարցերով: Սրանք առաջին քայլերն են համագործակցության, որը պատրաստվում ենք խորացնել:
-Դուք Ձեր գրառմամբ հիշեցրել եք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան և այլք: Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ:
-Սա շատ ցավոտ թեմա է և այն իսկապես իմ սրտում խորապես նստվածք է թողել: Ես կիսում եմ հայ ժողովրդի ցավը, ցավակցում եմ բոլոր նրանց, որոնք տուժել են այս մեծ ողբերգությունից, և ինձ թվում է, որ պատմական հիշողությունը մեզ տրված է նրա համար, որ էլ երբեք չկրկնվեն նման սխալները, որոնք մենք արդեն թույլ ենք տվել: Մենք պետք է այդ հիշողությունը պահենք և փոխանցենք մեր սերունդներին, որ այն երբեք էլ չկրկնվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Դարյա Վոլոդինայի ֆեյսբուքյան էջից