ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասված է. «Այսօր հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև:
Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:
Կարդացեք նաև
Այսօր նաև երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին:
Փառք նրանց:
Ուղիղ հինգ տարի առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց հայ ժողովրդի միասնական կամքն ու միտքն արտահայտող կարևորագույն մի փաստաթուղթ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մայր օրինակը ի պահ հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն այսօր` հինգ տարի հետո էլ, նույնքան արդիական է և այս հարցում մեր համերաշխության, համախմբվածության խորհրդանիշ ու համազգային պայքարի ուղենիշ:
Այսօր մեր պարտքն է մեր սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:
Պատմական արդարության համար մղվող համազգային պայքարը պարտավոր ենք բացառիկ միասնականությամբ շարունակել:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին` անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ:
Ցեղասպանության հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազում երկրներ և կազմակերպություններ իրենց ձայնն են միացրել արդարության պայքարին։
Ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց անկախ պետականության բացառիկ նշանակությունը։ Պետականություն, որն իր հզորությամբ այսուհետ թույլ չի տա նման հանցագործության կրկնությունը, որի համար կշարունակի գերակա մնալ մեր արդար դատը միջազգային ատյաններում պաշտպանելու պարտավորությունը, և որն այս հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ կդիտարկի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակություն:
Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր, գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի այնքան բաղձալի միասնականությունը:
Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի շուրջ որպես մեր ցավի և պայքարի խորհրդանիշ ամեն տարի խոնարհվող ծաղիկների փոխարեն, hամաճարակի ներկայիս պայմաններում բյուր աղոթքներով հիշենք ու ոգեկոչենք մեր նախնիների հիշատակը և վերահաստատենք Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի հարատևման ամուր վճռականությունն ու կամքը, մեր մշտական պայքարը քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար»: