Հայկական համագումարը հարգանքի տուրք է մատուցում լուսահոգի հայ դեսպան Ռուբեն Շուգարյանին
Միացյալ Նահանգներում Հայաստանի երկրորդ պատվիրակ և առաջին դեսպան՝ Ռուբեն Շուգարյանը, կյանքից հեռացավ անսպասելիորեն: Նա հաջորդեց Ալեքսանդր Արզումանյանին՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպան պաշտոնում՝ արտակարգ և լիազոր դեսպանի լիարժեք նշանակմամբ:
Ի սկզբանե անդամ լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայոց համազգային շարժման, որը վերահսկում էր Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից 1991թ.-ին, Շուգարյանը ժամանեց Միացյալ Նահանգներ 1993թ.-ին և արագորեն նախաձեռնեց ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կառուցումը՝ փորձությունների առաջին տարիներին, որոնք նշանավորեցին Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ի հայտ գալը: Նախկինում նա ծառայել է որպես Հայաստանի խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատակազմի ավագ անդամ և նախագահ Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության գծով ավագ օգնական և խոսնակ:
Գերագույն դատարանի լուսահոգի դատավոր Անտոնին Սկալիան և դեսպան Ռուբեն Շուգարյանը 1995թ. Հոկտեմբերի 5-ին Վաշինգտոնում Հայկական համագումարի ընդունելության ժամանակ, որի ընթացքում մեծարում էին Սկալիային` Հայաստանի սահմանադրական և իրավական փորձագետներին և մասնավոր գործունեություն ծավալող մասնագետներին բարձր մակարդակի վերապատրաստման ծրագրի նպատակով դեպի Հայաստան ԱՄՆ դատավորների պատվիրակությունը գլխավորելու համար:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ Շուգարյանը պատիվ ունեցավ Նախագահ Տեր-Պետրոսյանի ներկայությամբ Վաշինգտոնում բացել այն շենքը, որտեղ շարունակում է տեղակայվել Հայաստանի դեսպանությունը: Շենքը ձեռք է բերվել պարոն Հրայր Հովնանյանի մեծագույն նվիրատվության շնորհիվ:
Շուգարյանը Բիլ Քլինթոնի ադմինիստրացիայի ժամանակ դարձավ մեծ հարգանք վայելող դիվանագիտական ներկայացուցիչ և ջանքեր էր գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այնուհետև 1999թ.-ին նա դարձավ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար և այդ պաշտոնում ծառայեց մինչև 2005թ.: Նա վերադարձավ արտերկիր՝ որպես Իտալիայում Հայաստանի դեսպան, նշանակվելով նաև (դեսպան) Իսպանիայում և Պորտուգալիայում, 2005-2008թթ.:
«Ռուբեն Շուգարյանը Հայաստանի առաջին դիվանագետներից էր, ով ծառայեց շատ երիտասարդ հանրապետությանը մեծ հմտությամբ, ինտելեկտով, մարդասիրությամբ և առանձնահատուկ պրոֆեսիոնալիզմով»,– նշեց Հայկական համագումարի խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը: «Հայաստանի նվիրյալ որդի, նա հետագայում կիրառեց իր գիտելիքներն ու փորձը Հայաստանի հաջորդ սերնդի պետական ծառայողների վերապատրաստման գործում` տնօրինելով Դավիդյան հիմնադրամի հանրային քաղաքականության և կառավարման ոլորտում Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում` ձևավորելով Հայաստանի համար այն արժեքները, որոնցով բոլոր ապագա սերունդները կարող են հպարտանալ»:
Ռուբեն Շուգարյանը ծնվել է 1962թ.-ին և բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական համալսարանում: Վերապատրաստվելով փիլիսոփայության ոլորտում՝ Շուգարյանը հեղինակեց «Դրախտից արևմուտք, շախմատի տախտակից արևելք` չորս փիլիսոփայական հայացք անհայտությանը» աշխատությունը, որն ընդգրկեց նրա տեսակետները մշակույթի, գրականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձևավորող հակասական սոցիալական ընկալումների մի վերլուծություն՝ այդ ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցի կարգավորման հասնելու իր շարունակական ջանքերում: Նա նաև հեղինակեց «Անհրաժե՞շտ է Հայաստանին արտաքին քաղաքականություն» աշխատությունը:
Շուգարյանը մասնակցել էր Հայկական համագումարի մի շարք գիտաժողովների և պարբերաբար իր ուսանողներին բերում էր Վաշինգտոն՝ հանդիպելու Համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի աշխատակազմի հետ: Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպանների՝ Ջոն Էվանսի և Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի ներկայիս դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ միասին, Շուգարյանը մասնակցեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններ պանելային քննարկմանը՝ 2019թ.-ի սեպտեմբերին Համագումարի Ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակներում:
«Ամերիկայի հայկական համագումարը սգում է արտակարգ պետական գործչի և Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպանի կորուստը»,– հայտարարեցին Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Նա հիանալի ընկեր էր, հմուտ դիվանագետ և առանցքային դեր էր խաղացել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հաստատման գործում: Նա շարունակեց ծառայել իր հայրենիքին մինչև իր կյանքի վերջը` որպես ուսուցիչ և դաստիարակ այն երիտասարդ դիվանագետների սերնդի համար, ովքեր սովորում են Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում»,– հավելեցին Բարսամյանը և Գրիգորյանը:
Շուգարյանը կյանքից հեռացավ 2020թ.-ի ապրիլի 21-ին: Նրա հիշատակը վառ կպահեն իր կինը` դաշնակահար Լիլիթը և որդիները` Նարեկը, Տիգրանը և Հայկը:
Գլխավոր լուսանկարում՝ Դեսպան Ռուբեն Շուգարյանը 2019թ.-ին Հայկական համագումարի գլխամասային գրասենյակ այցելության ժամանակ՝ Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի ուսանողների հետ: