Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով». Արմեն Աշոտյան

Ապրիլ 23,2020 16:29

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր թե իր բովանդակային, թե քաղաքական շեշտադրումներով:

Տարակուսելի է այն փաստը, որ երկրի արտաքին քաղաքականության համար տարբեր տրամաչափի պատասխանատուները արդեն երեք օր շարունակ փորձում են տարբեր բառային և բովանդակային աճպարարություններով արձագանքել ՌԴ նախարարի հայտնի հայտարարությանը՝ սովորաբար շատախոս, սակայն այս լրջագույն հարցում բերանը ջուր լցրած Հայաստանի վարչապետի ֆրուստրացիոն լռության ֆոնի վրա:

Տիկնայք և պարոնայք, այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը ձեզանից ակնկալում է 2019 թվականի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում:

«Ոչ ձուկ, ոչ միս» արձագանքները, հատկապես, երբ այսօր կրկին փորձ է արվել մեզ մեղսակից դարձնել ձեր ապաշնորհ և սխալական բանակցային ռազմավարության դառը պտուղները քաղելու գործընթացին, միայն խորացնում են այս հարցով հասարակական և քաղաքական շրջանակների անվստահությունը և հասունացող ներքաղաքական ճգնաժամը:

• Վերահաստատեմ, որ մեր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ մեր կողմից չի քննարկվել, ինչի մասին կվկայեն ԱԳՆ-ում առկա արխիվային փաստաթղթերը:

• Ընդգծեմ, որ մեր օրոք և ոչ մի համանախագահ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ չի ասել, որ քննարկումները ընթանում են փուլային տարբերակով:

• Կրկնեմ, որ 2008-2018 թթ համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին:

• Տարակուսեմ, թե Լավրովի հայտարարությունից ի՞նչու եք այդքան պապանձվել: Չէ՞ որ մեր օրոք համանախագահների կողմից բարձրաձայնված հիմնարար սկզբունքները և տարրերը նույնպես բանակցային բովանդակության բացահայտում էին:

• Հիշեցնեմ, որ երկար ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները հերքում էին բանակցությունների մասին լուրերը, մինչև ԱԳ նախարարը, հակասելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ձևակերպումներին, մի օր ընդունեց ընթացող բանակցությունների փաստը:

• Զարմանամ, որ փորձում եք «կոնֆիդենցիալության» անվան տակ հայ ժողովրդից կրկին թաքցնել, թե այսօր ինչ հիմնարար սկզբունքների և տարրերի շուրջ են ընթանում բանակցությունները: Իհարկե, բանակցային դետալները կարող են դեռ մնալ փակ դռների հետևում (մենք էլ էինք այդպես վարվում), սակայն մեր օրոք ժողովրդից երբեք թաքուն չի պահվել բանակցային հիմնարար սկզբունքների և տարրերի մասին տեղեկատվությունը:

• Մտահոգվեմ, որ արդեն որերորդ անգամ է, ինչ ձեր օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ընդգծված խոսվում է հումանիտար ծրագրերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերի և անհրաժեշտության մասին: Եթե ձեր բանակցածը ընդամենը դա է, ապա սրա ի՞նչը պետք է կոնֆիդենցիալ մնա: Թե՞ սրա անվան տակ ժողովրդին չեք բացահայտում ենթադրվող խաղաղության պայմանները, բաղադրիչներն ու բանաձևը:

• Եվ վերջապես, հուշեմ. Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով:

Թե չէ մնացածը սատանայից է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930