Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան գյուղում դաժան սպանություն կատարածը սպանվածի դասընկերն էր

Ապրիլ 23,2020 17:15

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում երկու օր առաջ տեղի ունեցած սպանությանը գյուղում ոչ մեկը չի հավատում:

«Մանկության ընկերներ էին, դասընկերներ, շատ մտերիմ ընկերներ: Ոչ մեկը չգիտի՝ ինչ խնդիր է առաջացել, ու ոչ մեկը չի էլ հավատում, որ նման բան կարող էր լինել: Առավոտից իրիկուն իրար հետ էին, սպանվածն ամեն օր իրենց տնից ճաշ էր տանում, որ այդ մարդը սոված չմնա, դե տանը միայնակ էր»,- Aravot.am-ին պատմեց Վահան համայնքի ղեկավար Արշակ Մկրտչյանը:

Նրան հայտնի չէ, ինչու էր սպանություն կատարած անձը զինված նռնակներով փախուստի դիմել, պրն Մկրտչյանը ենթադրեց միայն. «Երեւի սպանել է, հետո զղջացել, փախել: Երկու հատ նռնակ են հայտնաբերել մոտը: Այդ մարդուց նման բաներ չէինք սպասում, մի քիչ ծանր բնավորություն ուներ, այդքան բան: Չափավոր ալկոհոլ էր օգտագործում»:

Ըստ մեր զրուցակցի՝ սպանության համար մեղադրվողը միայնակ էր ապրում, բայց 5 դուստր ունի, ամուսնալուծված էր. «Սպանվածը դեպքի օրը հյուրընկալվել էր նրա տանը: Սպանվածը նորմալ, հավասարակշռված մարդ էր, ընտանիքի հայր, լավ գյուղացի: Այսօր թաղումն է»:

Համայնքապետն ասաց, որ սպանության վարկածներ էլ չեն շրջանառվում գյուղում, որովհետեւ բոլորն անակնկալի են եկել կատարվածից, իսկ սպանության մասին հենց սպանություն կատարած անձն է հայտնել. «Ինքն է անմիջապես իր տան բանալիները տարել շրջկենտրոն՝ ընկերոջը տվել, ասել, թե այսպիսի բան եմ արել, տար ոստիկանության բաժին, բայց այդ մարդուն չի ասել՝ ինչու է սպանություն կատարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930