Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել. Արթուր Ղազինյան

Ապրիլ 23,2020 16:14

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակն է գործել որպես իշխանություն

Ծայրահեղական ընդդիմությունը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար, իսկ եթե այն փաթեթավորվում է պոպուլիզմի գայթակղիչ գունավորմամբ, ապա դառնում է պատուհաս պետական և հասարակական կարգի համար։

Ուժեղ պետականության և կառավարման կայացած ավանդույթներ ունեցող, ինչպես նաև ինքնաբավ հասարակություն ունեցող պետությունների պարագայում սոլիդ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ իշխանության առկայության պայմաններում այս խնդիրը չեզոքացվում է՝ թողնելով պոպուլիստ ծայրահեղականներին իրենց աջակցող մարգինալ խմբերի տիրույթում։

Սակայն իրավիճակը վտանգավոր է դառնում, երբ մարգինալ փոքրամասնություններին հաջողվում է ինքնակազմակերպվել, գտնել նյութական և տեղեկատվական ռեսուրսներ, արտաքին ուժեղ և հարուստ գործընկերներ։ Նրանք արագ գտնում են իրենց պոպուլիստ առաջնորդներին, միավորվում նրա շուրջ, ատելության թույնով վարակում հասարակության առավել խելամիտ շերտերին և տապալում պետական կարգը։

Այս գործընթացում չափազանց մեծ է նաև իշխանության մեղավորությունը, որը, գտնվելով ինքնաբավության նիրվանայի մեջ և ընկղմված լինելով հասարակական բարիքի ներքին բաշխման աճուրդի մեջ, կորցնում է զգոնությունը, անտեսում մարգինալների և պոպուլիստների կողմից հասարակության լայն շերտերին նետված ատելության թունավոր կերը և ինչ որ պահի կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Պետական կարգի իրական փորձությունը սկսվում է ծայրահեղական պոպուլիստների իշխանության գլխին հայտնվելուց հետո, երբ պայքարը տեղափոխվում է ռացիոնալիզմի և պոպուլիզմի հարթություն, որտեղ ռացիոնալ դիրքերից հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, իսկ ծայրահեղական և պոպուլիստական դիրքերից՝ իշխանությունը։

Սա հիրավի անբնական, էքստրաօրդինար իրավիճակ է, որը քաղաքագիտության մեջ կոչվում է քաղաքական համակարգի ճգնաժամ։ Այսպիսի իրավիճակներում ելակետն ու կանխավարկածը խելամտությունից և ռացիոնալիզմից վերածվում է խելագարության և պատեհապաշտության կանխավարկածի, ինչի պայմաններում հնարավոր չի լինում կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը, տրամաբանությունը, մոտիվն ու նպատակը։

Խեղված իրողությունների պայմաններում ներքին կայունության և համերաշխության միջավայրի պահպանման հիմնական բեռը բաժին է ընկնում ընդդիմությանը, որը, առաջնորդվելով ռացիոնալիզմով և խելամտության բնական կանոններով, պետք է չտրվի իշխանության սադրանքներին, այլ զսպի և հակազդի ծայրահեղական իշխանության նկրտումները, քաղաքական և հասարակական գործընթացները պահի կանխատեսելի միջավայրում, մերժի իշխանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված կեղծ, ագրեսիվ և վտանգավոր օրակարգերի քննարկումը, լեգիտիմացնումն ու էլ ավելի հանրայնացումը։

Ծայրահեղականությունն ու պոպուլիզմը երկար չեն ապրում, քանի որ իշխանության գալուց հետո, զրկվում են թշնամությունն ու ատելությունը սնուցելու և տարածելու կենարար աղբյուրներից, իսկ ընդդիմության գրագետ և կշռադատված վարքագծից ուղղակի ինքնազինաթափվում և ոչնչանում են։

Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել։ Հետևաբար նրան պետք է թողել մենակ և նա կսպանի ինքն իրեն։ Ցանկացած քննադատություն և մեղադրանք նրան նոր ուժ և էներգիա է տալիս, ինչը նա վարպետորեն կարողանում է փոխակերպել իր կենսունակությունն ապահովող էներգիայի։

Հետևաբար, ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։

Մեր երիտասարդ պետականության հիմնական խնդիրները ի հայտ են գալու պոպուլիզմի և ռադիկալիզմի ոչնչացումից հետո, երբ մենք կգիտակցենք, որ տարված լինելով պոպուլիստ «ծեծելու» հաճելի գործով, բաց ենք թողել իսկական պատերազմին պատրաստվելու իրական պահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930