Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա առաջին եռամսյակի հարկային մուտքերի ցուցանիշները ներկայացրեց: Վարչապետն անդրադառնալով խոշոր հարկատուների վճարած հարկերին, նշեց՝ աճ է արձանագրվել: Փաշինյանի խոսքով՝ առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 միլիարդ դրամ, 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11.3% աճ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 37.4%:
Վարչապետը, ներկայացնելով համեմատական ցուցանիշները, ասաց՝ խոշոր հարկ վճարողների ցանկի 100 խոշոր հարկատուները վճարել են 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018-ի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով. «Սա, կարծում եմ, շատ խոսուն ցուցանիշներ են: Իհարկե, հիմա ճգնաժամի պայմաններում մեզ մոտ բոլոր պարամետրերը փոխվելու են, բայց սա ինչի համար եմ ասում՝ իմ կարծիքով այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ մենաշնորհային կոռուպցիոն արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք: Եվ հիմա այս գործընթացի արդյունքում հնարավորություն ենք ստացել, այո, առողջապահական ոլորտի ծախսերն ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, թոշակները ավելացնել, կրթաթոշակներն ենք ավելացնում եւ այլն: Բայց մյուս կողմից էլ՝ խնդիր կա, որ մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է 7 չափենք, մեկ կտրենք՝ հասկանալու համար՝ արդյոք գումարը ճիշտ տեղում ենք ներդնում, որն իր մուլտիպլիկատիվ էֆեկտը բերելու է: Բայց չլուծված հարցերն այնքան շատ են, որ այստեղ երբեմն պետք է ավելի հասցեական եւ կարճ որոշում կայացնենք՝ հետագայի համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ