Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը որ դեպքում չի տուգանի հարկային պարտավորությունը չկատարած տնտեսվարողին

Ապրիլ 23,2020 15:10

Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, հետեւաբար չեն ունենալու հարկային պարտավորություններ: Այսօր կառավարության մամուլի սրահում, պատասխանելով հարցին՝ մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողներին կտրվե՞ն հարկային արտոնություններ, ասաց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը:

Ըստ նրա, կառավարության այսօրվա դիրքորոշումն այնպիսին է, որ հարկային այնպիսի արտոնություններ, որոնք իրենցից ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, այդպիսի հարկային արտոնություններ այսօր չեն քննարկվում. «Կարող են լինել հարկային արձակուրդ տրամադրելու միջոցառումներ, որի վառ ապացույցը նաեւ երեկվա՝ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն էին: Ոչինչ բացառել պետք չի, բայց հարկային արձակուրդ կարող է քննարկվել՝ ելնելով, թե դեպքերի զարգացումն ինչպիսի ընթացք է ստանում»:

Դավիթ Անանյանը ներկայացրեց Ազգային ժողովում երեկ ընդունված օրինագիծը, որն առնչվում է հարկային պարտավորությունները չկատարելու համար նախատեսված տույժ-տուգանքներին: ՊԵԿ ղեկավարի խոսքով, այդ փոփոխություններով սահմանված տույժը կիսով չափ նվազել է, գույքի արգելանքի կիրառման պարագայում էլ 500 հազար դրամի շեմը բարձրացվել է երեք անգամ եւ սահմանվել՝ 1,5 միլիոն դրամ:

Այսպես՝ եթե հարկ վճարողն ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200 հազար դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ: Ըստ Անանյանի, եթե պարտավորությունը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում. «ՊԵԿ-ը վստահեցնում է, որ մինչեւ 1,5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների պարագայում չի հարուցվելու վարչական վարույթ, ինչպես նաեւ չեն իրականացվելու գույքի արգելանքի կիրառման գործառույթներ»,-ասաց պարոն Անանյանը՝ նշելով, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 21-ից:

Ըստ նրա, քանի որ նախագիծը արագացված տեմպերով է կյանքի կոչվել, դեռեւս չեն հասցրել ավտոմատացված համակարգերում փոփոխություններ անել. «Կփորձենք մեկ, մեկուկես ամսում այն իրականացնել: Եթե դուք այսօր կամ մոտակա մեկ, մեկուկես ամսվա ընթացքում կտեսնեք , որ ձեր անձնական հաշվի քարտերում տույժերը դեռ չափվում են 0,75 հազարերորդական տոկոսադրույքով, մտահոգվելու որեւէ առիթ չկա, երբ որ ավտոմատացված համակարգերում համապատասխան մոդուլները ձեւավորված կլինեն եւ ծրագրային փոփոխություններն իրականացված կլինեն, մենք կկատարենք հաշվարկն այնպես, որ ապրիլի 21-ից սկսած, բոլոր տույժերի հաշվարկը լինի օրենքով սահմանված կարգով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930