Մայիսի 1-ից Հայաստանում գործող 5 մանկատների աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր` կառավարության նիստում:
Նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նշելով, որ Վանաձորի «Մանկան տուն»-ը լուծարվել է, գումարներ են տնտեսվել, ուստի այս միջոցներից գումար է ուղղվելու աշխատավարձերի բարձրացմանը: Նա ասաց, որ խնամքի հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը նվազագույն աշխատավարձի չափով է, այս նախագծով 230 աշխատակցի աշխատավարձ է բարձրանալու, նրանց միջին աշխատավարձը բարձրանալու է 30 տոկոսով:
Նախարարն օրինակ բերեց դայակների աշխատավարձը, նշելով՝ 2020 թվականին նրանց աշխատավարձը եւս բարձրացել էր նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում եւ այն դարձել էր 68 հազար դրամ, մայիսի 1-ից կդառնա 96 հազար դրամ: Իսկ նշված հաստատությունների տնօրենների աշխատավարձերն, ըստ նախագծի, 143 հազար դրամից դառնալու են 231 հազար դրամ:
Բաթոյանն ասաց՝ ընդհանուր տիպի հաստատություններում միջին աշխատավարձը կդառնա 130 հազար դրամ, այն կբարձրանա 23 900 դրամով, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձը համեմատաբար բարձր լինելով, ավելի քիչ կբարձրանա՝ 18 000 դրամով:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ կառավարությանը մեղադրում են միջոցներ տնտեսելու մեջ, եւ երբ արդյունավետ ենք ծախսում պետական միջոցները, մեղադրում են, որ տնտեսում ենք, դա լավ է. «Բայց մանկատան դայակի 90 հազար դրամը աշխատավարձը նորմալ է, բայց կա օբյեկտիվ ցուցանիշ: Այստեղ խոսքն այն չէ, որ դայակն ուզո՞ւմ է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե՞ ոչ: Հարցն այն է, որ ինքը բավարար գիտելիք կամ հմտություն ունի՞ այդ ծառայությունը մատուցելու համար: Եվ աշխատավարձի հարցը՝ այնպես չէ, որ մենք ուզում ենք մարդկանցից փողով վերաբերմունք գնել: Հակառակը, աշխատավարձի բարձրացմամբ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցողների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել: Հակառակ դեպքում, մանկատան երեխայի, որ պատասխանատուն պետությունն է, իր համար դայակ ենք վարձում ու 60 հազար աշխատավարձ ենք տալիս,այդ երեխային մատնում ենք անտերության»: Բարձր որակավորում ունեցողն, ըստ Փաշինյանի, չի գնա նման ծանր աշխատանքի, ուստի պետք է բարձրացնել աշխատավարձերը, ընդ որում այսպես պետք է անել պետական բոլոր ոլորտներում. «Դժվար ենք գնում, բայց գնում ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ