Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաղթանակած ժողովրդին օրակարգ չեն թելադրում». «Միասնական հայրենիքի» խոսնակը Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

Ապրիլ 23,2020 16:05

«Հաղթանակած ժողովրդին օրակարգ չեն թելադրում»,- սա ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանի պատասխանն էր Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս են վերաբերվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանին փուլային տարբերակն է, որ համաձայնեցվել է դեռ մեկ տարի առաջ`Մոսկվայում, ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Անուշ Դոլուխանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Արցախի ժողովրդի համար անընդունելի է իր տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը վտանգող ցանկացած փաստաթուղթ, օրակարգ կամ մեխանիզմ»,- ասաց մեր զրուցակիցը`հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա:

«Միասնական հայրենիքի» խոսնակի կարծիքով, ՌԴ արտգործնախարարի առաջին հայացքից իմիջիայլոց արված դիտարկումը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հայտարարություն, որին, իրենց համոզմամբ պատասխանեց պաշտոնական Երևանը՝ հստակ օրակարգով, այն է՝ չենք զիջելու: Իսկ թե ինչո՞ւ էր Սերգեյ Լավրովը Հայաստանի և Արցախի քաղաքական վերադասավորումների ֆոնին նման հայտարարություններ անում, Անուշ Դոլուխանյանի համար կռահելը դժվար չէ. «Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանն արդիականացնում է իր համար ցանկալի օրակարգ»:

Մեր զրուցակիցը նաեւ հիշեցնում է`բանակցային գործընթացի, ՀՀ նախկին իշխանություններից ստացած ժառանգության և Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականության շուրջ Սամվել Բաբայանն իր տեսակետը առավել մանրամասն ներկայացրել է իր մի հայտարարությամբ: Այս փուլում ինքը` Սամվել Բաբայանը, դեռեւս չի շտապում մեկնաբանություններ անել:

«Այս առումով մենք վերահաստատում ենք, որ բանակցությունների արդյունավետության, այսինքն՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու կարևոր նախապայմանը լիարժեք սոցիալ-տնտեսական կյանքով ապրելն է: Հզոր տնտեսություն, զարգացած ենթակառուցվածքներ, մարտունակ բանակ ունենալու դեպքում միայն Ադրբեջանը հաշվի կնստի Արցախի շահերի հետ: Նման նախադեպ մենք ունեցել ենք 90-ականներին, երբ համայն հայությունը հայցում էր միջազգային հանրության աջակցությունը, սակայն միջազգային կառույցների արձագանքը բացառապես կոչերի և հորդորների ձևաչափով էր: Այնինչ երբ մենք անցանք հարձակման և ինքնուրույն սկսեցինք դիմակայել, Ադրբեջանն այլընտրանք չունեցավ, քան մեր լինելիության հետ հաշվի նստելը: Արդյունքը՝ 1994 թվականի մայիսից անժամկետ զինադադարն է: Պրոֆեսիոնալ բանակ և տնտեսական անկախության. ահա բանակցությունների ելքը»,- ասաց Անուշ Դոլուխանյանը:

Սերգեյ Լավրովի հայտարարությանն անդրադարձել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ բացառելով Արցախի իշխանությունների կողմից միակողմանի կամ անհամաչափ, անհամարժեք զիջումները: «Միասնական հայրենիքում» առայժմ չեն գնահատում Արցախի նորընտիր նախագահի հայտարարությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930