Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆորս մաժորը վերացած համարելու ՀԾԿՀ-ի եւ նրան հովանավորող ՀՀ կառավարության որոշումն անհիմն է եւ անհեթեթ. Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Ապրիլ 23,2020 14:38

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր վրդովմունքն ու բացարձակ անհամաձայնությունն է հայտնում այս օրերին ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տեղի ունեցած հանցավոր գործարքի վերաբերյալ, համաձայն որի ՀՀ բնակչությանը փաստացի հետևյալ վերջնագիրն է ներկայացված՝ «ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»։

ՀԵՎԿ-ը հակապետական եւ հակաժողովրդական ցինիկ դավադրություն է համարում Հայոց Եղեռնի եւ Հայրենազրկման 105-րդ տարելիցի նախօրեին, միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում, գազի եւ նավթի աննախադեպ գնանկման դեպքում նման անմարդկային ու լկտի պահանջը։ Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, լինելով ռուսական «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, գործում է իր պետության գաղութային շահերի տրամաբանությամբ, ապա միանգամայն անհասկանալի եւ անընդունելի է ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ս․թ․ ապրիլի 22-ի որոշումն առ այն, որ «կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած»։ Հենց ՀԾԿՀ-ի սույն որոշման հիման վրա է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վերջնագիր ներկայացրել ՀՀ ազգաբնակչությանը՝ զուգորդելով այն արդեն իսկ միջազգային արժեքից հինգ-վեց անգամ բարձր գազի գինը եւս մեկ երրորդով բարձրացնելու լկտի պահանջով։

ՀԵՎԿ-ը համարում է, որ շարունակվող համավարակի, մեկուսացման, գործազրկության, եկամուտների եւ ֆինանսական պետական աջակցության բացակայության պայմաններում ֆորս մաժորը վերացած համարելու ՀԾԿՀ-ի եւ նրան հովանավորող ՀՀ կառավարության որոշումն անհիմն է եւ անհեթեթ։ ՀՀ բնակչությունը չի կարող եւ չպետք է ենթարկվի օտար պետության շահերը ներկայացնող կառույցի նման «գազային հարձակմանը», այն էլ ՀՀ կառավարության համաձայնությամբ։ ՀԵՎԿ-ը համարում է սա Ռուսաստանի կողմից Հայաստանի ու Արցախի ներքին քաղաքական իրավիճակի ապակայունացման եւ մեր երկրի վերջնական գաղութացման հերթական դրսևորում։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը դիմում է ՀՀ կառավարությանը հետեւյալ պահանջներով.

– սանձել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լկտի պահվածքը,
– բանակցություններ սկսել ՌԴ կառավարության հետ «Գազպրոմի» մենաշնորհն ապահովող 2013 թ․ պայմանագրի վերացման եւ ՀՀ մատակարարվող գազի ու նավթի արժեքի վերանայման մասին՝ համաշխարհային շուկայի գներին համապատասխան,
– բանակցություններ սկսել Իրանի կառավարության հետ ՀՀ մատակարարվող գազի եւ նավթի ծավալների ավելացման մասին,
– խստորեն պատժել ՀԾԿՀ ղեկավարությանը անպատասխանատու եւ հակապետական գործունեության համար։

ՀԵՎԿ-ն իրավունք է վերապահում այս պահանջների անտեսման դեպքում դիմել ՀՀ բնակչությանը կոչով՝ չենթարկվել ՀԾԿՀ եւ «Գազպրոմի» շանտաժին եւ չվճարել ավազակային գներով հաշվարկած վարձերը։

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930