Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ: Պարոն Թորոսյան, ի՞նչ վիճակ ունենք կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Հարգելի գործընկերներ, վերջին տվյալները, այսինքն՝ երեկ երեկոյան ամփոփված տվյալները հետևյալն են. հաստատված նոր 50 դեպք, բուժված նոր 26 քաղաքացի։ Գումարային դեպքերի թիվն ստացվում է 1523, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող դեպքերի թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24: Պացիենտների ընդհանուր վիճակի մասով կարող եմ ասել, որ ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի էլի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իր վիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, պարոն վարչապետ, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունը դեռ այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու մասին, երբ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաներում պահելու համար: Սակայն հաշվի առնելով նաև նոր տնտեսական գործունեության տեսակների աշխատանքի թույլտվությունը՝ պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք, և բոլորս՝ թե՛ մեր ազգաբնակչությունը և թե՛ մենք՝ որպես պետական կառավարում, բոլոր գործողությունները շարունակենք, այսինքն՝ թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք այս առումով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Թորոսյան, իսկ աշխարհում ի՞նչ է կատարվում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, տարբեր երկրներում տարբեր իրավիճակներ ունենք, որովհետև այնպես է ստացվել, որ տարբեր երկրներում տարբեր ժամանակ են սկսվել պրոցեսները: Սակայն մեր հարևանների մասով կարող եմ ասել հետաքրքիր տվյալներ, հատկապես Իրանի մասով: Երբ մենք Իրանի Իսլամական Հանրապետության ամենօրյա տվյալները նայում էինք, կարծես թե այսպիսի իրավիճակ է, որ ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախկին օրը: Նույնը վերաբերում է նաև մահերին, այսինքն՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ամեն օր ավելի քիչ են հարաբերականորեն, հիմա տոկոսներ չեմ կարող ասել, քան նախորդ օրը: Եվ այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, և կարծես թե երկիրն աստիճանաբար վերադառնում է բնականոն հունին: Սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ՝ թե՛ ակադեմիական և թե՛ պետությունների միջև, որովհետև խոսվում է երկրորդ ալիքի մասին, խոսվում է թուլացումներից արդեն զգուշանալու մասին: Նույն Եվրոպայում մենք էլ բոլորս տեսնում ենք, որ գնում են աստիճանական թուլացումների, սակայն վստահ չեմ, որ այդ թուլացումները չեն բերելու նորից բռնկումների: Ընդհանուր կարող եմ ասել, որ անորոշություններն էլի մնում են շատ, այսինքն՝ ինչպիսի՞ գործողություններ անեն երկրները, և հաճախ օրական հիմքով որոշումներ են կայացվում, թե ինչպես շարժվել առաջ:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Ավինյան, ի՞նչ-որ բան ունեք ասելու ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են, և մասնավորապես, մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեությունն է, թունաքիմիկատների և այլ ագրոքիմական նյութերի արտադրությունն է, քարի սղոցում, մշակում, հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունը, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը, պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորումների նորոգումը, արդյունաբերական մեքենաների սարքավորանքի տեղադրումը: Մանրածախ և մեծածախ առևտրի մեջ որոշակի ոլորտներ են բացվել: Տեղեկատվության-կապ հատվածում օպերատորների համար հնարավորություն է ստեղծվել, որպեսզի իրենք կարողանան որոշակի սահմանափակումներով իրենց գրասենյակներն աշխատացնել: Ամբողջությամբ բացվել է անշարժ գույքի հետ կապված գործունեության հատվածը: Մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեության հատվածում էլի որոշ տեսակներ, և՛ սպասարկման և՛ այլ ծառայությունների հատվածում կրկին որոշակի գործունեության տեսակներ բացվել են: www.gov.am կայքում ամբողջապես ցանկը կա՝ բավական պարզեցված տարբերակով: Կարծում եմ՝ հնարավորինս փորձել ենք մատչելի սարքել այդ որոշումը, որպեսզի հասկանալի լինի: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը. մարզային անցակետերը հանվել են, և հիմնականում փաստացի, կարելի է ասել, բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում, և միաժամանակ մեր տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, և՛ ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ, մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ