Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մկրտչյան. «Ամեն առողջ հասարակություն պարտավոր է ունենալ լավ թատրոն»

Ապրիլ 23,2020 14:19

«Ես Վարդան Մկրտչյանն եմ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը: Բայց նախ եւ առաջ դերասան եմ, մշակութային գործիչ, թատրոնի մարդ, ինչպես Կոստան Զարյանը հայ մարդուն բնորոշելիս ասում էր՝ Արարատյան մարդ, ես էլ թույլ տվեք ասեմ, որ արվեստի մարդ եմ: Սիրով ընդունել եմ Նաղաշ Մարտիրոսյանի հրավերը՝ առցանց հանդիպել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդացած առցանց դասախոսության ժամանակ նշեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նա նախ անդրադարձավ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելուն, ապա շարունակեց իր զրույցը: Հիշեց, թե ինչպես էր իր ուսանողության տարիներին Սերգեյ Յուրսկին եկել Երեւան՝ ներկայացնելու իր մենաներկայացում-համերգը: «Երբ նա մտավ բեմ, որոշակի շփոթվածություն նկատվեց նրա գործողությունների մեջ: Սկսեց խոսել տարածությունից, ժամանակից, ասաց, որ այս տարածության մեջ դեռ չի գտնում իրեն»,- պատմեց Վարդան Մկրտչյանը ու հավելեց, որ թատրոնի մարդիկ այդպես են՝ պետք է զգան մարդկանց, բեմի լույսերը, գծերը, նկարահանման ժամանակ՝ գոնե տեսախցիկը, նկարահանող խմբին, մինչդեռ փոքր ինչ շփոթեցնող է այս վիճակը:

Վարդան Մկրտչյանն ասաց, որ կխոսի թատերարվեստի մասին եւ խնդրեց, որ ունկնդիրներն ակտիվ լինեն հարցադրումներով. «Սա չեմ համարում դասախոսություն, սա պարզապես հանդիպում է՝ թատերական հարցեր քննարկելու համար… Այսօր էլ պատահական օր չէ, ապրիլի 23-ը hամաշխարհային թատրոնի ամենամեծ անվան` Վիլյամ Շեքսպիրի մահվան օրն է, բայց այդ մահով սկսվում եւ շարունակում է զարգանալ թատրոնը, որովհետեւ ընդամենը մահանում է մարմինը»:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը մի հետաքրքիր դրվագ պատմեց իր՝ Համազգային թատրոնում աշխատելու տարիների հետ կապված: Նշեց, որ ժամանակին ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ՝ Սոս Սարգսյանի հորդորով նախաձեռնել էին Շեքսպիրի «Համլետի» բեմականացումը, որտեղ Շեքսպիրը նույնպես պետք է մասնակցություն ունենար ներկայացման մեջ. «Մենք որոշեցինք մեկնել Ստրադֆորդ…Ի դեպ, ես պատիվ եմ ունեցել մարմնավորելու Շեքսպիրին: Շեքսպիրի զգեստով արտաքուստ բավականին նմանվել էի նրան: Եվ ահա նկարահանումներ էինք անում Ստրադֆորդում, որտեղ զարմանալի չէ Շեքսպիրի հագուստով շրջելը:

Որոշեցինք նաեւ որոշ նկարահանումներ իրականացնել Շեքսպիրի տան մոտ, ապա մտանք Շեքսպիրի տան հուշանվերների գրախանութը, որտեղ անսպասելի մոտեցավ մի մարդ, հավանաբար տնօրենը ու ասաց. «Դուք շատ նման եք նրան»՝ մատով ցույց տալով Շեքսպիրի նկարը: Ասացի՝ ես հենց ինքն եմ, որից հետո նա խնդրեց նկարվել միասին: Որոշ ժամանակ այդ նկարը իրենց ֆեյսբուքյան էջում էր, եւ գրված էր, որ Հայաստանի Համազգային թատրոնը բեմադրել է Շեքսպիրի «Համլետը»:

Վարդան Մկրտչյանը հիշեցրեց Հովհաննես Թումանյանի խոսքերը, որ Շեքսպիրը դարձել է մի չափ՝ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար, ու եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանել, նշանակում է տգետ է:

«Ի՞նչ է իրականում թատրոնը, արդյոք բոլո՞րս ենք հասկանում, այն արվեստի ամենաբարդ տեսակներից մեկն է, որն իր մեջ ներառում է գրեթե ամեն ինչ: Շատ հեշտությամբ ոմանք որակումներ են տալիս լավի, վատի, լավ ու վատ դերասանի, լավ ու վատ ներկայացման… Արդյոք ունե՞նք ընդհանրական ընկալում:

Օրինակ, Ֆրանսիացիների համար ընդունելի տեսակետ է, որ ֆրանսիական թատրոնը ծառայում է ֆրանսիական գրականությանը: Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանն ասում է, որ թատրոնը աշխարհի փոքր մոդելն է, ինչը ես կիսում եմ… Շարունակելով այդ միտքը, ասեմ, որ թատրոնը գեղարվեստական հայելի է որեւէ հասարակության համար, որն ուզում է տեսնել իրեն, հղկել իրեն: Այդ հայելին դեղատոմս չպետք է անպայմանորեն առաջարկի, այն ճիշտ չափել հնարավոր չէ, եւ անպայման չէ, որ թատրոնը զարգացման ընթացքում ունենա վերընթաց շարժում… Կարող է ունենալ կարդիոգրամիկ շարժում»,- ասում է Վարդան Մկրտչյանը:

Շեշտում է. «Իմ կարծիքով որեւէ առողջ հասարակություն, պարտավոր է ունենալ լավ թատրոն»:

https://www.facebook.com/494553214359423/videos/312570633038230/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Վարդան ՄԿՐՏՉՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Բայց այդ «Համլետ» ներկայացումը և դերակատարումները թույլ էին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930