Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կարող են օգտվել ուսման վարձի՝ կառավարության փոխհատուցումից

Ապրիլ 23,2020 13:42

Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող 14-րդ միջոցառումը: Դրա նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին:

Որոշման նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով՝ պայմանական շահառուներին բաժանել ենք երեք խմբի, նրանք են՝ որոշման հավելվածին կից ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը:

Մյուս խումբն է՝ ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոսը:

3-րդ խմբի շահառուներն են՝ պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները՝ ուսանողական վարկերի մասով։

Այս միջոցառմամբ, ինչպես նախարարն ասաց, սահմանվում է, որ ավարտական կուրսերի համար 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100%-ը փոխհատուցվում է։ Ընդ որում, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով, մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝

ա) մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,

բ) բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։

Ըստ նախագծի, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում՝ աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը), եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվելու է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։ Նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով, եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվելու է հաջորդ կիսամյակների ուսման վարձի դիմաց կատարված վճարում։ Եթե նշված սովորողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը հովանավոր կազմակերպություններն են հատկացրել, ապա այս գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի եւ համապատասխան կազմակերպությունների միջեւ։

Այն սովորողներին, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։ Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հիշեցրեց՝ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը պետք է հեշտացվեն:

Ջավադյանն էլ զեկուցեց՝ այս պահին կա գործող 11 հազար 150 վարկ, եւ բոլորի համար պայմանները բավականին հեշտացնում են, ասենք՝ արդեն հարկավոր չեն վարկեր ստանալու համար ծնողների երաշխավորությունը: Ջավադյանը վստահեցրեց՝ գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար եւ մերժվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. 14-րդ միջոցառման շահառուների ուսհաստատությունների ցանկը՝

1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
2. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
3.« Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
4. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
5. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
6.« Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
7. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ
8. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
9. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
10. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
11. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
12. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ
13. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ
14. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
15. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
16. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամ
17. «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
18. «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
19. «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ
20. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ
21. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930