Աշխարհում կիբեր-հանցավորության ընդհանուր աճ կա: Առհասարակ նման աճ արձանագրվում է ինչ-որ իրադարձությունների ֆոնին: «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման օրինակ է նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ այսօրվա աճը կապված է համավարակի հանգամանքով:
Իսկ թե կիբեր-հանցագործները վերջին շրջանում ի՞նչ մեթոդների են դիմում, Ս. Մարտիրոսյանը նշեց. «Փորձում են կորզել բանկային քարտի տվյալներ, կա՛մ քարտից գումար տանել, կա՛մ էլ այդ քարտերով գործարք անել: Այլ ձևեր ևս կիրառվում են, օրինակ՝ հայտնիների միջոցով իբրև թե գումար են առաջարկում մարդկանց: Կան օրինակներ, երբ իբրև թե հայկական կազմակերպությունների անունից խաղարկություններ, շահումներ են առաջարկում: Այս ամենը վերջում բերում է մի քայլի, ըստ որի՝ մարդուն առաջարկում են բանկային քարտի տվյալները ներմուծել, ինչը, ի վերջո, լուրջ կորուստների է հանգեցնում»:
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնող երկու հանգամանք է առանձնացնում: «Առաջին՝ չհավատա՛լ ոչ մի շահումի, երկրորդ՝ երբե՛ք բանկային քարտի տվյալները չներմուծել անծանոթ կայքերում: Ավելի ապահով կլինի, եթե մարդիկ այս երկու հանգամանքներին հետևեն: Բացի այդ, պետք է համոզվել, որ միացված է «3D-Secure»-ն, այսինքն գործարքների վավերացումը՝ SMSով»,-ասաց նա՝ հավելելով, որ սա կդժվարացնի բանկային քարտից գումար տանելու փորձը:
Նա ընդգծեց, որ առհասարակ նաև ստացվող վիդեո-զանգերի հետ պետք է շատ զգույշ լինել:
Կարդացեք նաև
«Օրինակ՝ կա տարածված ձև, երբ վիդեոզանգով անծանոթը զանգում է և ձայնագրում այն: Վատագույն դեպքում մարդուն համոզում են ինչ-որ ինտիմ բնույթի բաներ անել, բայց հաճախ այդ վիդեո-զանգերի նպատակը մարդու պատկերը ֆիքսելն է: Հետո արդեն փորձում են ինչ-որ մոնտաժով ստեղծել նման մի տեսանյութ, որի հիման վրա փորձում են շանտաժի ենթարկել մարդուն: Այնպես որ, ընդհանրապես անծանոթների վիդեո-զանգերն ընդունելն անվտանգ չէ, առավել ևս, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ անծանոթն առնվազն էթիկայից ելնելով չպետք է վիդեոզանգ կատարի: Մարդիկ պետք է հասկանան, որ անծանոթի կողմից վիդեոզանգը դուրս է էթիկայի նորմերից և կարող է հետևանքներ ունենալ»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց՝ առհասարակ զգուշավորությունը բնորոշ չէ մեր հասարակությանը. «Դրանում կարող էինք համոզվել մեկ շաբաթ առաջ՝ խանութների հերթերում: Դրանից հետո երևի կարիք չկա սպասել, որ բոլորը գաղտնաբառերին կհետևեն: Ուրիշ հարց է, որ պետք է շատացնել այն մարդկանց թիվը, որոնք ավելի զգուշավոր են: Այդ տոկոսը իրականում աճում է, բայց զուգահեռ աճում է նաև այն մարդկանց տոկոսը, որոնք ավելի ակտիվ են ցանցից օգտվում՝ չունենալով գիտելիքներ: Այնպես որ, շատ են մարդիկ, որոնց հնարավոր է խաբել»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: