Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը, նախկինում լինելով լրագրող, պետք է շատ լավ գիտակցեր քննադատությունների կարևորությունը իրենց իշխանության նկատմամբ վստահության պահպանման տեսանկյունից». «Փաստ»

Ապրիլ 23,2020 12:57
lurer

Պարադոքսալն այն է, որ իրենց ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած ՀՀ իշխանությունները հաճախ անհանդուրժողական մոտեցում են որդեգրում լրատվամիջոցների նկատմամբ այն պատճառով, որ լրատվամիջոցների կողմից իրենց քաղաքականությունը քննադատության է ենթարկվում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ այս ընթացքում իշխանական շրջանակների կողմից խտրական վերաբերմունք է ձևավորվել մեդիայի ներկայացուցիչների մեծամասնության նկատմամբ, և անգամ լրատվամիջոցներն են տեղավորվում սևի ու սպիտակի տրամաբանության մեջ, նրանց նկատմամբ բացահայտ թշնամանք է տարածվում հասարակության մեջ։

Սակայն Նիկոլ Փաշինյանը, նախկինում լինելով լրագրող, պետք է շատ լավ գիտակցեր քննադատությունների կարևորությունը իրենց իշխանության նկատմամբ վստահության պահպանման տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ հենց մամուլում տեղ գտած քննադատությունների արդյունքում է, որ իշխանությունը ստիպված է լինում զգոն լինել, հասցեական օգտագործել հանրային միջոցները և փորձել իրականություն դարձնել հասարակության ակնկալիքները։

Չէ՞ որ հենց նույն Փաշինյանն էր ամեն պատեհ առիթով հպարտանում, թե Հայաստանում մամուլն ազատ է, բայց հաշվի առնելով Փաշինյանի վերջին ուղիղ եթերների բովանդակությունը, եկել է մի պահ, երբ վերջինիս մոտ տպավորություն է առաջացել, թե իրենք արդյունավետ են աշխատում, սակայն մամուլն ավելորդ հիասթափություն է տարածում հանրության շրջանում։

Այնինչ, եթե հանրությունը գոհ լինի իշխանությունների աշխատանքից, կառավարությունը կարողանա տեսանելի արդյունքներ ապահովել ու քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների հասնել, ապա լրատվամիջոցներում տեղ գտած քննադատությունները չեն կարող հավելյալ հիասթափություն առաջացնել։ Բացի դրանից, եթե քննադատությունները անհարկի ու անհիմն լինեն, ապա դրանք լուրջ արձագանքի չեն էլ արժանանա հանրության շրջանում։

Բայց եթե անհրաժեշտ իրավիճակներում իշխանություններն անգործություն ու դանդաղաշարժություն են դրսևորում կամ չարաշահում են իրենց լիազորությունները, ապա ԶԼՄ-ներում տեղ գտած քննադատությունները արտացոլում են հանրային տրամադրությունները, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն, սթափվեն ու դասեր քաղեն։

Իսկ եթե իշխանություններին թվում է, թե իրենք անսխալական են, և լրատվամիջոցներն ուղղակի պարտավոր են միայն դրական լույսի ներքո ներկայացնել իրենց գործունեությունը, ապա սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ այդ դեպքում կձևավորվի կեղծ լրատվական միջավայր, որը թույլ չի տա, որ հանրության ներսում կուտակված խնդիրները վեր հանվեն, և արդյունքում հասարակության տարբեր հատվածների դժգոհության «գոլորշիները» դուրս գան։

ԱՐՏԱԿ Գալստյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930