Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի մասին:
«Ունենք կորոնավիրուսի նոր հաստատված 50 դեպք, նոր գումարային դեպքերի թիվը կազմում է 1523, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող անձանց թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24»,-պատասխանեց Թորոսյանը:
Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը, նախարարն ասաց՝ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 10 հիվանդ, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության սարքին է միացված է 5 հիվանդ, նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն. «Բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Մնացածի մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանելով ընդհանուր թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին՝ երբ թեթեւ դեպքերը տանը կմնան: Այսինքն, դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ ձեւերը հյուրանոցային պայմաններում պահելու համար: Սակայն հաշվի առնելով նաեւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ թույլտվությունը՝ պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք, բոլորս՝ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ մենք, բոլոր գործողությունները պետք է շարունակվեն»:
Իսկ աշխարհում ի՞նչ է կատարվում. Թորոսյանից հետաքրքրվեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նախարարն էլ զեկուցեց՝ տարբեր երկրներում տարբեր է իրավիճակը, իսկ Իրանում հետաքրքիր իրավիճակ է՝ ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը, մահերի թիվը՝ նույնպես, եւ տնտեսական սահմանափակումներն ուզում են թուլացնեն. «Սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ՝ խոսում են երկրորդ ալիքի մասին, զգուշանալու մասին: Եվրոպայում էլ գնում են տնտեսական սահմանափակման թուլացումների մասին, սակայն վստահ չեն, որ դա չի բերելու բռնկումների: Անորոշությունները, թե ինչ գործողություններ անել, էլի շատ են, օրական որոշումներ են կայացնում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց՝ երեկ երեկոյան տնտեսական սահմանափակումների մասին որոշումը թարմացվել է, եւ մի շարք ոլորտներում գործունեությունը թույլատրվել է. «Ինչպես խոստացել էինք՝ փուլային տարբերակով գնում ենք դեպի բացում եւ միաժամանակ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում: Այս համակարգն ամբողջապես տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, այնտեղից ե՛ւ համաճարակաբանները, ե՛ւ ԱԻՆ աշխատակիցներն ու ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ: Այս փուլում վիրուսի տարածման միտումը վերահսկելի է եւ եթե նման ձեւով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տեսակներ բացել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ