Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվում, կոռուպցիայի 90 տոկոսն այդ մեխանիզմի մեջ է․ օրինագիծը լրիվ անիմաստ է. «Ժամանակ»

Ապրիլ 23,2020 12:08

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման մասով մի քանի ամիս առաջ օրենսդրական փոփոխություն կատարեց, իսկ հիմա նոր իրավական ակտի ընդունման գործընթաց է նախաձեռնել:

Գերատեսչությունն առաջարկում է կառավարության որոշումով սահմանել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոսով և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը»:

Կառավարության որոշման նախագծում ընդգրկված են գերծանրաբեռնված կամ այդ շեմին հասած 25 գետ և վտակ: Դրանց մեջ շատ են նաև կարմիրգրքային ձկների ձվադրավայրեր հանդիսացող գետերը, օրինակ, Սևանա լիճ թափվող Ձկնագետը, Վարդենիսը, Գավառագետը և այլն։

Օրինակ՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի 47 կիլոմետր երկարության 37.7 կիլոմետրը, որը գետի 80.3 տոկոսն է, վերցված է փոքր հէկերի դերիվացիոն խողովակների մեջ: Նրա Կարակայա վտակի 67 տոկոսը նույնպես խողովակների մեջ է: 111 կմ երկարության Որոտան գետի 58.6 տոկոսը և Ազատ գետի Գողթ վտակի 61.8 տոկոսը նույնպես վերցված են խողովակների մեջ:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանն անիմաստ է համարում դերիվացիոն խողովակների մասով արգելքի որոշումը, քանի որ, եթե մի գետը 40 տոկոսով ծանրաբեռնված է, պետք է նախ և առաջ մտածել այդ գետը բեռնաթափելու մասին, ոչ թե էլ ավելի չծանրաբեռնելու։

«Գետի համարյա կեսը խողովակների մեջ է։ Այսպես թե այնպես, դու չես կարող նոր խողովակներ անցկացնել։ Այդ առումով օրինագիծը լրիվ անիմաստ է դառնում։ Ես չեմ կարող հասկանալ՝ ինչի՞ հենց 40 տոկոս։ Ինչի՞ հիման վրա է որոշվում, թե քանի տոկոս ծանրաբեռնվածության դեպքում այլևս չի կարելի։ Իսկ ի՞նչ է, 40 տոկոսով կարելի՞ է ծանրաբեռնել գետերը։ Ինչ վերաբերվում է էնդեմիկ տեսակներին, եթե իրենք ադեկվատ որոշում կայացնեն, եթե լիարժեք հնարավոր լինի պարզել, թե տվյալ գետում էնդեմիկ կամ կարմիրգրքային բուսատեսակները որոնք են, այդ դեպքում, իհարկե, դրական է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով լիարժեք կներկայացնեն այն գետերի ցանկը, որտեղ կա կարմիրգրքային կենսաբազմազանություն»,- նշեց Արթուր Գրիգորյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը շեշտեց, եթե գետը մտնում է խողովակի մեջ, արդեն իսկ հարակից տարածքի միկրոկլիմայական, բուսական, կենդանական կենսաբազմազանության վրա ազդեցություն է թողնվում։ «Օրինակ՝ Իջևանում արջատխլենիների արգելավայր, որը Գետահովիտ գյուղի մոտ է։ Ենոքավանի տակի գետը, որը ծանրաբեռնված է, ազդում է արջատխլենիների արգելավայրի կլիմայի վրա։ Ես չգիտեմ՝ այդ նախագծով իրենք հաշվի առնո՞ւմ են նաև գետի կարևորությունը տվյալ տարածքի բուսական կենսաբազմազանության համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Գրիգորյանը համոզված է, որ նախ և առաջ պետք է հաշվի առնել գետի էկոլոգիական վիճակն ու թողքը։ «Երբ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվում, կոռուպցիայի 90 տոկոսն այդ մեխանիզմի մեջ է։ Հիմա, եթե ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվում մի հէկի, որը սեզոնային է, էկոլոգիական թողքը հաշվարկված է անհասկանալի չափանիշներով ու ցամաքեցնում է գետը, ուրեմն չպետք է թույլատրել շահագործումը։ Ո՞վ է ասել, որ 40 տոկոսով կարելի է ծանրաբեռնել գետերը»,- տեսակետ հայտնեց Արթուր Գրիգորյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930