Լրահոս
Օրվա լրահոսը

48 տարվա մանկավարժը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու իր գրառման մասին

Ապրիլ 23,2020 11:46

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի եւ գրականության ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. «Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ իրենց եւ իրենց ընտանիքը առնել ու մորթել»: Գրառումը բուռն քննադատությունների է արժանացել:

Aravot.am-ը 48 տարվա մանկավարժից, որը նաեւ 5 տարի դպրոց է ղեկավարել, հետաքրքրվեց, թե ինչու է նման գրառում կատարել, եւ արդյոք մորթելու կոչ անող մարդն իրավունք ունի՞ աշխատել երեխաների հետ:

Աշոտ Հոխիկյան

«Ես համացանցով տեսա, որ երեկ մի մորուքավոր տղա էր խոսում, վիրավորում եւ հայհոյում էր իշխանություններին: Մեզ մոտ առակ կա, որ ով շատ ժլատ է, ծախված է, կարող ես փող տալ իրենց՝ իրենց ընտանիքը առնել ու մորթել: Ես 5 երեխա ունեմ, 11 թոռ, ես մարդու մասին ոնց կարող եմ իրականում նման բան ասել:

1972 թվականից դպրոցում եմ աշխատում, կարո՞ղ եմ մարդու մասին նման մտածելակերպ ունենալ: Ամեն ինչը եկել է իմ քննադատական մտածողությունից, որ կան այն կատեգորիայի մարդիկ, որ վճարովի կարող են ինչ-ինչ պատվերներ կատարել: Ես բացարձակ անկախ մարդ եմ, անկուսակցական, Արցախյան պատերազմի մասնակից եմ, ընդհանրապես նման մտադրություն չեմ ունեցել: Իմ ասածը նշանակում է, որ էդ մարդիկ վճարվելու ընդունակ են: Նկատի ունեմ, որ մարդուն կարող է փող տան, իրեն առնեն, որ իրեն տանի՝ մորթեն»,-ասաց նա ու հավաստիացրեց, որ պատկերավոր է ասել:

Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր աշակերտներն այլ կերպ կընկալեն իրենց ուսուցչի՝ մորթելու կոչը, Աշոտ Հոխիկյանը պատասխանեց. «Իրենք ինձ ճանաչում են, իրենք ճիշտ կհասկանան: Ես մի հոդվածով էլ հանդես կգամ ու կասեմ, թե ինչ խնդիր է եղել: Ամաչում եմ, որ իմ ասածը այլ համատեքստում են ներկայացնում: Ես երբեք նման մտքերով հանդես չեմ եկել: Ուղղակի ես երբեք չեմ ընդունել, որ մարդկանց պարտադրել են, չգիտեմ ինչ են արել»:

Աշոտ Հոխիկյանն անընդհատ շեշտում էր, որ անկուսակցական է, իրեն երբեք չեն ստիպել ոչինչ: Հիշեցրինք, որ կոմերիտմիության քարտուղար է եղել, հարցրինք՝ արդյոք այն ժամանակ էլ իրեն ոչինչ չեն ստիպել: «Ես երբեք ոչ մի ստիպողական բան չեմ կատարել»,-ասաց նա:

Կատարվածից զարմացած էր նաեւ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանը: Նա ասաց, որ պատրաստվում է Հոխիկյանին կանչել, զրուցել ու պարզել, թե ինչու է նման գրառում կատարել: Նրանից հարցրինք՝ Աշոտ Հոխիկյանը լա՞վ մանկավարժ է, մանավանդ երկար տարիներ աշխատում է դպրոցում:

«Երկարամյա մանկավարժ է, ջոկատավար է աշխատել երկար տարիներ, կոմերիտմիության քարտուղար է եղել, հետո փոխտնօրեն, 5 տարի տնօրեն է եղել, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում, առայսօր աշխատում է դպրոցում»,-ասաց տնօրենը:

Լիճքի հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Մկրտչյանի հետ էլ խոսեցինք՝ Լիճքը երկու դպրոց ունի: Նա ասաց, որ չի տեսել Հոխիկյանի գրառումը, բայց գիտի, որ բռնության կոչ անելը քրեորեն պատժելի արարք է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930