Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Իշխանությունը տվել է շանս, թող աշխատեն, ծառայեն հեղափոխական համատեքստում». «Հրապարակ»

Ապրիլ 23,2020 11:37

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հեղափոխությունից առաջ զբաղեցնում էր ՃՈ պետի տեղակալի պաշտոնը։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ «Սերժի մնացորդ» արտահայտությունը նաեւ իրե՞ն է վերաբերում, եւ ինչպե՞ս է ընթանալու մնացորդների զտման պրոցեսը։ Պատգամավորը, հիշեցնենք, նաեւ ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ է եւ Սերժ Սարգսյանին մի քանի հարց է տվել։

– Փակ նիստից մեզ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել, Սերժ Սարգսյանը հետախուզության թերացման մասին հարցին ի պատասխան ասել է, թե մեղավորներին ձեր իշխանությունը բարձր պաշտոնի է նշանակել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը նրանց բարձր գնահատել, օրինակ՝ իր խորհրդական Արշակ Կարապետյանին, որն ապրիլյանի նախօրեին հետախուզության վարչության նախկին պետն էր։

– Կարծիք է՝ հայտնել է։

– Դուք համաձայն չե՞ք այդ կարծիքի հետ։

– Դեռ պետք է պարզվի, թե այդ մարդիկ ինչու են ազատվել։ Հնարավոր է նման հարցերը հարակցվեն քննիչ հանձնաժողովի հետ, նույնիսկ հանձնաժողովն անդրադառնա այդ հարցերին, եւ բացառված չէ, որ, այո, գնահատականներ կտրվեն որոշ պաշտոնյաների գործողություններին՝ սկսած խրախուսանքից, պաշտոնի ազատումից, վերջացրած քրեաիրավական գնահատականով։

– Ուզում եմ խոսեք նաեւ Փաշինյանի՝ «Սերժի մնացորդներին» զտելու հայտարարությունից, Դուք էլ էիք Սերժի ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնում, հիմա Ձե՞զ էլ է ուղղված, ո՞ւմ էր ուղղված այդ զգուշացումը։

– Կան պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք իրենց անձնական, տնտեսական, խմբային եւ այլ շահերից ելնելով՝ չեն ծառայում պետությանը, այսպիսի մարդկանցից օր առաջ պետք է ազատվել։ Եթե այդ շահերը բերում են նրանց լավագույն դեպքում պասիվության, օր առաջ պետք է ազատվել նմաններից, հապաղել չի կարելի։ Պետք է վերլուծել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը եւ քննարկել նրանց պաշտոնանկության հարցը։

– Իշխանությունն անընդհատ մեղավորներ է գտնում, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է պետական ապարատում հակահեղափոխականների, դավադիրների, հիմա էլ ինչ-որ «մնացորդների» մասին։

– Որեւէ բան չենք արդարացնում, կան թերություններ, որոնց մասին բարձրաձայնում, քննարկում ենք։ Անսխալական պաշտոնյա, մարդ չի լինում։ Իշխանությունը տվել է շանս, թող աշխատեն, ծառայեն հեղափոխական համատեքստում։

– Իշխանությունը ժողովրդին բազում խոստումներ է տվել, որոնք 2 տարի անց էլ իրականություն չեն դառնում։ Հիմա ինչ՝ իրենք ո՞ւմ մնացորդն են։

– Դե, մի շարք խոստումներ ի կատար են ածվել, բոլորն էլ, վստահեցնում եմ, ի կատար են ածվելու։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930