Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի վերակենդանացած «պլանը»՝ ապրիլյան պատերազմից 4 տարի անց

Ապրիլ 23,2020 10:30

Սկիզբը՝ այստեղ:

Բանակցային այս փուլում կարգավորման տարբերակի գաղտնազերծումն իրականացրեցին նախ՝ Ադրբեջանի, ապա՝ Ռուսաստանի իշխանությունները

Ապրիլի 21-ին կայացավ Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը, որի ժամանակ ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Կոնֆերանսն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ։

«Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարեւորեցին իրենց հայտարարությունը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը», ասվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: Արդեն համանախագահների տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերը անդրադարձել են արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին` համաձայն 2020թ. հունվարի 30-ին Ժնեւում արված համատեղ հայտարարության, ինչպես նաեւ համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ կոչ են արել ստեղծված իրավիճակում զերծ մնալ սադրիչ գործողություններից, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել` հետագա լարվածությունը թուլացնելու համար:

Ապրիլը, կարծես, ղարաբաղյան կարգավորման գործընթացի պատմության համար վերջին շրջանում դարձել է բավական խորհրդանշական ամիս: 2016թ. ապրիլյան պատերազմից 3 շաբաթ անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երեւան: Այդ շրջանում համառ խոսակցություններ էին շրջանառվում, որ քննարկվում է «Լավրովի պլանը»:

Պաշտոնական Երեւանը համառորեն հերքում էր դրա գոյությունը, ինչը հիմքեր տվեց հետագայում մտածելու, որ պաշտոնական Երեւանն ավելի վաղ արդեն մերժել էր Լավրովի առաջարկները: Հետագայում, մի առիթով նույնիսկ Լավրովն արձանագրեց, որ նման առաջարկներ չկան, սակայն ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի քննարկման ժամանակ հաստատել էր, որ գոյություն ուներ «Լավրովի պլան»:

Ինչեւէ, երեկ մինչ կազմակերպվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսը՝ Լավրովը կրկին շտապեց գաղտնազերծումներ անել, փաստորեն, պաշտոնական Երեւանի պնդումներին հակադրվելով: Նա նշեց, որ անցյալ տարի ապրիլին Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների ժամանակ ներկայացվել են առաջարկներ: Հիմա արդեն հստակ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները առնվազն մեկ տարի կոնկրետ առաջարկներ են քննարկում, բանակցում են եւ դրանք կարգավորման փուլային տարբերակ են նախանշում: Թե ինչ է ավելացել «Լավրովյան պլանին», ինչ է պակասել՝ դժվար է ասել:

Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությանը: Լրագրողները նրան հարցրել էին՝ ի՞նչ փաստաթղթի եւ փուլային ի՞նչ կարգավորման մասին է խոսքը. «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ եւ մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձեւով: Հիմա ավելի կոնկրետացնեմ: Քանի որ կոնկրետ բաների մասին է խոսք գնացել, ավելի կոնկրետ կխոսեմ հետեւյալի մասին: Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչեւ վերջերս: Նշվել է նաեւ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում: Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., եւ այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ եւ գնահատմամբ: 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկնաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր: Որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»։

Մնացականյանը հավելում է, որ կարեւորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի՝ դա ինքնորոշման սկզբունքն է, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է բանակցային գործընթացում: «Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն եւ կարգավիճակ, եւ հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել եւ չեն լինելու: Հայկական կողմերը որեւէ դեպքում երբեւէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել եւս, որ այդ սպառնալիքը դեռեւս մնում է ռեալ եւ էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում:

Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության եւ կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել եւ մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին եւ սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան եւ որեւէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել եւ չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- նշել է Մնացականյանը:

Երրորդ կարեւորագույն տարրը, ըստ Մնացականյանի այն է, որ հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում եւ ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով եւ իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը. «Միեւնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ՝ ստացած Արցախի ժողովրդից: Արցախում վերջերս ավարտվեցին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Եվ եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ մշտապես սերտորեն աշխատել, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս բոլորն, ինչի մասին խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, եւ նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք արդեն ունենք համապատասխան այդ երկխոսությունը: Որեւէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: Սա այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմը աշխատում է այս բանակցային գործընթացում»:

Պաշտոնական Երեւանը շարունակում է իր պատկերացրած սկզբունքների շուրջ մեկնաբանություններ անել՝ առանց փաստորեն մանրամասնելու, թե որ սկզբունքը ինչ կոնկրետ դետալներ է իրենից ենթադրում:

Պաշտոնական Բաքուն էլ իր հերթին բավական հետեւողականորեն վերջին մի քանի ամիսներին ներկայացնում էր կարգավորման՝ Ադրբեջանի համար ձեռնտու նրբերանգները:

Անցյալ տարի հունիսի վերջին մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել էր՝ «Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են»: Նա բանակցությունները շարունակելու գրեթե նախապայման էր ներկայացրել. «Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը եւ նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ: Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո»: Ապա նա հավելել էր. «Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»:

Անցյալ տարի դեկտեմբերին արդեն Մամեդյարովն ավելի էր ընդարձակվել՝ ներկայացնելով մանրամասներ ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Մամեդյարովը հենց այդ շրջանում հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը նրա խոսքով՝ «մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ»: Մամեդյարովը պնդել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ եւ իրական կետեր: Նա ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրեց, որ վերջին փաստաթուղթը, այսպես կոչված՝ «Լավրովի պլանն» է եւ որ այն հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա:

Ադրբեջանի արտգործնախարարը հղում էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019թ. մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է. առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»: Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:

Այսպիսով, ղարաբաղյան կարգավորման «խաղաքարտերը» բաց են՝ ի շնորհիվ Ադրբեջանի, ապա՝ նաեւ Ռուսաստանի իշխանությունների: Բանակցային այս փուլի գաղտնազերծումն արդեն ակնհայտ է: Գնդակն, ինչպես ասում են՝ հայկական դաշտում է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930