Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցը կրկին տնօրեն չունի։ Թեեւ մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ այդ արդյունքները չեղյալ են ճանաչվել։
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 6-ին։ Մասնակիցները եղել են 5-ը, փակ քվեարկությամբ 5 կողմ ձայնով հաղթել է Աշրաֆյանը։
Նշենք, որ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էին կառույցում տեղի ունեցող ներքին խմորումների մասին լուրեր։ Դպրոցի կառավարման խորհրդի ու «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն ավելի ուշ ներկայացրել էր հաստատությունում առկա խնդիրները։ Դրանք վերաբերում էին թե՛ դասասենյակներին, ֆիզկուլտուրայի մարզասարքերին, թե՛ կրթության մակարդակին։
Մրցույթի արդյունքները բողոքարկողը եւս Սողոմոնյանն է։ Նա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին բողոք է ներկայացրել՝ հայտնելով, որ կատարվել են խախտումներ։
Կարդացեք նաև
Նշվել է ժողովրդավարություն եւ թափանցիկություն չապահովելու, հավակնորդներին անհրաժեշտ տեղեկատվական նյութեր չտրամադրելու, քվեարկության ժամանակ կողմնակալ վերաբերմունքի, մրցույթի հայտարարման հետ կապված խախտումների մասին եւ այլն։
Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանից տեղեկացանք, որ դեռեւս նոր մրցույթ հայտարարված չէ, քանի որ քաղաքապետի որոշումը նոր է հրապարակվել։ Նրա կարծիքով՝ հնարավոր է՝ մրցույթ հայտարարվի մի փոքր ուշ՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառով ստեղծված իրավիճակը։
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում