Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջականության դասը

Ապրիլ 23,2020 10:00

Մոտ երկուսուկես տարի առաջ «ՀԺ»-ի գործընկերներս, ի թիվս այլ լրագրողների, ինձ նույնպես խնդրեցին հարց գրել՝ ուղղված այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, եթե վերջինս բաց, բոլոր լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս կազմակերպեր: Իմ հարցը, որ կհնչեր այդ ասուլիսին, եթե այն լիներ, հետեւյալն էր՝ ե՞րբ են վերականգնվելու Արմեն Բայբուրթյանի եւ Ռուբեն Շուգարյանի՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանները: Մի երկու օր անց ինձ զանգահարեց պետական պաշտոնյաներից մեկը եւ կշտամբեց՝ «Էս ի՞նչ երկրորդական հարց ես տվել, դա 10 հոգուց ավելի մարդկանց չի հետաքրքրում»: Չգիտեմ, քանի մարդու էր դա հետաքրքրում, գուցեեւ՝ ոչ շատերին: Բայց հարցն ինձ համար երկրորդական չէր՝ պետք է գնահատել պետության համար ծառայելու պատրաստ պրոֆեսիոնալներին:

Ակնհայտ է, որ Ռուբենին եւ մի շարք այլ դիվանագետների ԱԳՆ-ից հեռացնելու պատմության մեջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար պրոֆեսիոնալիզմի եւ պետությանը նվիրվածության հետ կապված որեւէ հարց չկար: Նա մարդկանց չափում էր քաղաքական լոյալության՝ միայն իր համար հայտնի չափանիշով: Եվ երբ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ այդ դիվանագետները (իմ կարծիքով՝ որեւէ կերպ չխախտելով պաշտոնական էթիկան) հորդորեցին իշխանություններին մնալ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում, Քոչարյանն, իր մտածելակերպին համապատասխան, անմիջապես հաշվեհարդար տեսավ նրանց հետ:

Եվ այստեղ ուզում եմ կարեւորել Ռուբենի սկզբունքային վարքագիծը: Իր հետ նման անարդար ձեւով վարվելուց հետո էլ նա նեղացածի կեցվածք չէր ընդունել եւ ընդհանրապես այդ տգեղ դրվագին հրապարակավ չէր անդրադարձել: Ապրելով ու դասավանդելով Միացյալ Նահանգներում՝ նա ամեն ինչ անում էր մեր պետությանը, դիվանագիտությանը օգնելու, «Թավթս» համալսարան ուսման եկած պետական պաշտոնյաներին գիտելիքներ հաղորդելու համար: Եվ դա, իմ ընկալմամբ, ճշմարիտ մտավորականի, տվյալ դեպքում կասեի՝ տոհմական մտավորականի կեցվածք էր:

Մեր այսօրվա պետական, քաղաքական, հասարակական կյանքի ճիշտ ընթացքի համար ամենաանհրաժեշտ հատկանիշներից մեկն է, իմ կարծիքով, մարդու «ամբողջականությունը»: Դրա տակ ես հասկանում եմ հետեւյալը. մարդը պետք է կարողանա հանգիստ, առանց հիստերիաների, առանց գոռալու եւ կուրծք ծեծելու, բայց միշտ, կյանքի բոլոր հանգամանքներում հստակ եւ միանշանակ պաշտպանի այն, ինչին հավատում է եւ մերժի այն, ինչը չի ընդունում: Ահա թե ինչի համար մենք կարիք ունենք Ռուբեն Շուգարյանի նման մարդկանց:

Եվ էլի պրոֆեսիոնալիզմի մասին: Ի պատիվ նոր իշխանությունների՝ Ռուբենի դիվանագիտական աստիճանը վերականգնվեց: Բայց արդյոք ճի՞շտ էին օգտագործվում նրա հնարավորությունները: Եվ քանի՞ տարի է պետք նրա նման դիվանագետ պատրաստելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Եթե անկեղծ լինենք 2008-ին դիվանագետների ու մնացած պետական ապարատի կողմից Լևոնին աջակցելը սկզբունքային լինելու հետ կապ չուներ, ուղղակի իրանք այպես ասած Լևոնական էին։
    Եթե սկզբունքային լինեին 1996-ին էլ ժողովրդի ազատ կամարտահայտությունից կխոսեին, բայց լուռ էին։
    Էսօրվա տերմիններով ասած Գագիկ Ջհանգիրյանը, Գագիկ Մելքոնյանը, Սասուն Միքաելյանը, Վլադիմիր Կարապետյանը ու շատ ուրիշները Լևոնի մնացորդ էին, նախկին թալանչի ռեժիմից մնացած սաբոտաժնիկներ։ Իրենց պատճառով երկիրը ավելի արագ տեմպով չէր զարգանում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930