Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հարկային արձակուրդ, անտոկոս վարկեր, որպեսզի ներգնա զբոսաշրջությունը չհայտնվի խորը ճգնաժամի մեջ»

Ապրիլ 23,2020 14:00

Հակառակ պարագայում, եթե իրավիճակը կարգավորվի էլ, բիզնեսներն արդեն փլուզված կլինեն եւ միլիոնավոր դոլարներ չեն մտնի մեր երկիր

Այն ոլորտները, որոնք տուժել են եւ շարունակելու են տուժած մնալ երկար ժամանակ, պետք է նրանց համար կառավարությունը հատուկ որոշումներ կայացնի: «Առավոտի» հետ զրույցում ասում է «Armenia Travel» տուրիստական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը: Դրանցից մեկը զբոսաշրջության ոլորտն է: Նրա կարծիքով, այդպիսի ոլորտների բիզնեսները պետք է հարկային արձակուրդ ունենան, որպեսզի վերջնականապես չփլուզվեն: Նա առաջարկում է հարկային արձակուրդ տրամադրել-չտրամադրելու հարցին ոչ թե  մակերեսորեն մոտենալ, այլ՝ խորը ուսումնասիրություն անել՝ հասկանալու համար ո՛ր ոլորտներին պետք է այդ ձեւով աջակցել: Արմեն Գրիգորյանի խոսքով, զբոսաշրջությունն էլ չպետք է ընդհանրացված դիտարկել, քանի որ կան դրա ենթաոլորտներ, որոնք ուղղակի չեն կարող գոյատեւել, եթե կառավարությունը այս պահին աջակցության լուրջ գործիքներ չկիրառի. «Այսօրվա դրությամբ պետությունն ասում է, որ հարկային արձակուրդ չի կարող տալ, որովհետեւ, մեր բյուջեն հարկերի հաշվին է ձեւավորվում: Մենք դա շատ լավ հասկանում ենք, բայց կան ոլորտներ, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, որտեղ սկսնակ ընկերություններին երեք տարով հարկերից ազատում են: Այսինքն՝ այդ նախադեպերը կան եւ կարելի է այդ օրենքի ձեւաչափով կիրառել նաեւ կոնկրետ՝ զբոսաշրջային օպերատորների համար»:

Ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի պատճառով ամենատուժած ոլորտներից է. «Երբ մեր հարգարժան վարչապետը նշում է՝ զբոսաշրջության ոլորտ, ինքն ասում է հյուրանոցներ եւ ռեստորաններ, բայց հյուրանոցն ու ռեստորանը չեն բերում զբոսաշրջիկ, նրանք սպասարկում են զբոսաշրջիկին, որը եկել է, իսկ ո՞վ է ներդրում անում, որ այդ զբոսաշրջիկը գա: Հիմնականում զբոսաշրջային ներգնա օպերատորներն են, որոնք տարիներ շարունակ մեծ ռեսուրսներ են ծախսում՝ տարբեր հարթակներում Հայաստանը գովազդելով ե՛ւ գործընկերների ե՛ւ տարբեր տեխնոլոգիաների միջոցով»:

Արմեն Գրիգորյանի խոսքով, այսօր մեր պետության ռազմավարություններից է արտահանողներին աջակցելն ու խրախուսելը, եւ ներգնա զբոսաշրջային ընկերությունները նույնպես արտահանողներ են համարվում, բայց ոչ թե ապրանք, այլ՝ ծառայություն. «Բայց պետության կողմից նրանց նկատմամբ չկա այդ ուշադրությունը, որը կա արտահանողների նկատմամբ: Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել այն տնտեսվարողներին, որոնք գումար են բերում մեր երկիր: ՀՆԱ-ի վրա ուղիղ ազդող ոլորտներից մեկը ներգնա զբոսաշրջությունն է: Այդ պատճառով է, որ ի թիվս այլ ոլորտների, զբոսաշրջությունը կառավարության համար տարիներ ի վեր եղել է գերակա ոլորտ»:

Կառավարության՝ բիզնեսին աջակցության ծրագրերի մասին խոսելիս էլ, պարոն Գրիգորյանը ճիշտ չի համարում, որ տուրիզմը ընդհանուր, սպասարկման ծառայությունների հետ միասին հայտնվել է մի փաթեթում, որը որ կոնկրետ փոքր ու միջին բիզնեսի համար է. «Այսինքն՝  խոշոր տնտեսվարողները, որոնք պետության համար  մեծ ֆինանսական ներհոսք են ապահովում, արտարժույթի ներհոսք, այս պահին անտեսված են պետության կողմից»:

Ասում է, որ բոլոր այդ խնդիրների մասին դիմումներ են ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին. «Բայց, փաստացի մեր կարծիքը շատ քիչ է հաշվի առնվում: Առաջնահերթ պետք է առանձին միջոցառումներ լինեն, մենք պատրաստ ենք հանդիպումների, տարբեր ձեւաչափով»:

Որպես զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, պարոն Գրիգորյանը կառավարությանը կառուցողական առաջարկներ է անում. «Զբոսաշրջային ներգնա օպերատորների մասով աջակցություն: Մասնավորապես՝ մեր աշխատակիցների աշխատավարձերի գոնե 2/3-րդ մասով սուբսիդավորում՝ առնվազն վեց ամսով եւ մեզ համար էլ հարկային արձակուրդ վեց ամսով,  ինչպես նաեւ այլ վճարների՝ կոմունալների եւ տարածքների վարձավճարների մասով: Եվ, իհարկե, անտոկոս վարկեր էլ են անհրաժեշտ՝ բիզնեսը գոյատեւելու համար: Այլ պարագայում, այս ճգնաժամը վերաճելու է խորը ճգնաժամի, որը որ վերականգնելը շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջելու, որովհետեւ այն հոսքերը, որոնք որ ձեւավորվել են եւ այսօր բոլորը ուրախությամբ հայտարարում են, որ 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ ունենք, այդ ծավալները 25 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում է եղել»:

Պարոն Գրիգորյանի խոսքով, իրենց հիմնական հարցը աշխատակիցներին պահելն է, որովհետեւ նրանք են ձեւավորում այդ արդյունքը. «Եթե ոլորտը փլուզվի, ի՞նչ է լինելու, ուղղակի այդ զբոսաշրջիկները հաջորդ տարի գնալու են այլ երկրներ, հարյուր միլիարդավոր դոլարներ չեն մտնելու երկիր: Այսինքն՝ այսօր պիտի հեռանկարային վերլուծություններ կատարվեն, ռազմավարական որոշումներ կայացվեն այն ոլորտների համար, որոնք որ ապահովում են ֆինանսների ներհոսքը պետության համար: Պետք է այդ ոլորտներին առանձին ուշադրություն լինի, որպեսզի այդ ներհոսքը շատ չտուժի: Բայց տուժվելու է միանշանակ, բայց գոնե դա չվերածվի խորը ճգնաժամի, որը որ տարիներով չի կարող վերականգնվել կամ՝ երկու-երեք տարի է պահանջվելու՝ հավելյալ ռեսուրսներ ներդնելու, որպեսզի այդ թվերին՝ 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկին մենք կարողանանք հասնել»:

Մեր զրուցակցի խոսքով, բիզնեսի աջակցման այն ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել, որոնցով վարկավորում է նախատեսվում, քանի որ բանկերը այսպիսի ընկերություններին ռիսկային հաճախորդ են համարում. «Պատասխանում են, քանի որ դուք կես տարի շրջանառություն չեք ունենալու, մենք նպատակահարմար չենք համարում ձեզ վարկ տրամադրել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930