Քրիստինե Բեժանյանն աշխատում է Ալավերդու համար 2 հիմնական դպրոցում: 25 տարի է՝ աշխարհագրություն առարկան է դասավանդում դպրոցում:
Զրույցս նրա հետ հեռավար կրթությանը, երեխաների, մանկավարժների իրավունքներին է վերաբերում:
– Որքա՞ն ժամանակ է, որ անցել ես հեռավար դասընթացների, քանի՞ դասարան ունես, աշակերտ:
– 8 դասարան, 130 աշակերտ:
Կարդացեք նաև
Համակարգված դասերի անցել ենք մարտ ամսվա 20-ից, մինչ այդ փորձում էինք տեխնիկական խնդիրներ լուծել, զրոյից սկսել էլեկտրոնային հարթակներով ուսուցման գործիքներին ծանոթանալը: Դրա համար նախատեսված ժամանակը մի շաբաթից էլ քիչ էր: Չգիտեմ, Երեւանի ուսուցիչներին կարողացա՞ն մեթոդական օգնություն ցույց տալ, թե ոչ, բայց մարզերի ուսուցիչները շատ արագ, ինքնուրույն գտան հարթակները, հարմարեցրին մեթոդները: Դա նույնն էր, թե հայտնվես մարտի դաշտում, իսկ զենքի մասին միայն կարդացած լինես:
– Բոլոր աշակերտնե՞րդ են ապահովված համակարգիչներով: Քանի՞սն են:
– Սա ամենացավոտ հարցն է: Համակարգիչներով ապահովված է աշակերտների եւ ուսուցիչների հազիվ մի 10%-ը: Բազմաթիվ ուսուցիչներ մեծ դասարանների հետ դաս են անցկացնում հեռախոսով: Դա սարսափելի բարդ է: Այստեղ ուզում եմ շնորհակալ լինել մեր ծնողներին ու ազգիս ուսման նկատմամբ սիրուն, որ ամեն գնով երեխային նստեցնում են հեռախոսի առաջ, իսկ ուսուցիչն էլ փորձում է աշակերտին չկտրել կրթությունից:
– Կա՞ն ծնողներ, ովքեր բողոքում են ուսուցիչներից, թե երեխան հոգնում է, չի կարողանում առավոտյան արթնանալ, արդյոք ունե՞ս նման բողոքներ:
-Չէ, իհարկե՝ չունեմ: Ուրիշ առարկաների համար չեմ կարող ասել, բայց բնագիտական առարկաները շահեցին, որովհետեւ լայն հնարավորություն կա տեսանյութեր, սլայդներ ցուցադրելու: Դաս արտասանելու սովետական մեթոդներն այսպիսի պայմաններում բացարձակապես անպիտան են: Դասը միասին քննարկում ենք, գնահատում եմ թեստերով: Թեստը խաղի նման է, աշակերտին չի լարում: Դաս պատասխանելու այդ ստուգիչ դաժանությունը չկա: Ամեն երեխա գիտի, որ նստած է հեռախոսի առաջ, որ մի բան սովորի, չի շեղվում: Նույնիսկ երբեմն ծնողներն են ներգրավվում, դեմ չեմ լինում:
– Ունե՞ս աշակերտներ, ում տեսողության հետ կապված խնդիրների պատճառով, բժշկական տեղեկանքի համաձայն, արգելված է համակարգչով աշխատելը:
– Ոչ, չունեմ: Հետո չեմ կարծում, որ դասապրոցեսը կարող է ազդել որեւէ աշակերտի տեսողության վրա: Մեր աշակերտներն այնքան են ապրել հեռախոսը ձեռքներին, որ շատ լավ մարզավիճակում են: Նման խնդիրներ տարրական դասարաններում կարող են լինել, որտեղ շատ են գրում:
– Օրեր առաջ հեռավար դասընթացներին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ մի մաթեմատիկայի ուսուցիչ ասաց. «Ամեն անգամ ամեն աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգել, արված սխալներն արտագրել ուրիշ թղթի վրա, նկարել, հետ ուղարկելը տեւում է ամենաքիչը 15 րոպե, եկեք սա բազմապատկենք 20-ով, կստանանք 5 ժամ, սա այն դեպքում, երբ ուսուցիչն ունի 20 աշակերտ: Միայն բերածս տվյալն ապացուցում է, որ սպասելիքների այն նշաձողը, որ դրել եք, ուղղակի աբսուրդ է: Ուսուցիչը առավոտից մինչեւ ժամը 4-ը լավագույն դեպքում աշխատում է օնլայն, իսկ մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելու համար: Հիշեցնում եմ, որ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք: Այստեղից հետեւություն՝ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող ապահովել որակ, ուստի պահանջել իրենից, որ լրացնեն էլեկտրոնային մատյանները, պարտադիր ներկա-բացակա անեն եւ այլն, դա բերում է նրան, որ իրենք սպառնում են աշակերտին՝ եթե չլինես դասին՝ բացակա եմ դնելու, մնալու ես վերաքննության եւ այլն»: Քո մոտ ինչպե՞ս է զբաղվածությունը:
-Ինձ մոտ զբաղվածությունը մի քիչ այլ բնույթի է: Դասարանում դասահարցման ժամանակ եւս հնարավոր է աշակերտին սովորեցնել ուղղորդելով, իսկ այստեղ անհատական լսելու հնարավորություն չկա, ամբողջ ծանրությունն ընկնում է նյութի մատուցման վրա: Ես շատ ավելի երկար եմ դասին պատրաստվում, ամեն դասի համար պիտի սլայդ լինի ու տեսանյութ, ժամերով նստած սարքում եմ, թեստեր եմ գրում օնլայն հարթակների: Ամեն դասի պատրաստվելը տեւում է մի ժամ, եթե աթոռից վեր չկենաս, նույնն էլ թեստը: Բազա չկա: Ախր հեչ պատրաստված չէինք: Բայց ես չեմ դժգոհում: Եթե անում ես, պիտի լավ անես:
– Քրիստինե, արտակարգ դրությունը երկարացվեց եւս մեկ ամսով։ Ստացվում է, որ այս ուսումնական տարում երեխաներն այլեւս դպրոց չեն գնա։ Կրթության փորձագետները կանխատեսում են ուսումնական տարին առցանց համակարգով ավարտելու մասին։ Ի՞նչ ես կարծում, արդյոք այս տարին կավարտեք հեռավարով:
– Կարծում եմ այո՝ կապրենք, կտեսնենք: Մենք հնարամիտ խավ ենք: Մի բան կմտածենք: Կգտնենք գիտելիքների ստուգման ձեւ: Ես այս հարցում լավատես եմ: Վատ է, որ հանկարծակի անցանք հեռավարի, բայց մի օր պիտի այս ձեւն էլ ունենային: Աշխարհի շատ երկրներում կիրառելի է, նույնիսկ համալսարաններ կան հեռավար: Աշակերտը պիտի կրթության բոլոր ձեւերին ծանոթ լինի: Հեռավարը դժվար է կիրառել կրթության ֆորմալ մեթոդներում, իսկ ոչ ֆորմալ մեթոդներից մենք վախենում ենք: Ժամանակն է անցում կատարել ու համատեղել կրթության բոլոր մեթոդները, եթե անգամ կարանտինն ավարտվի: Հարկավոր է հենք ստեղծել:
– Այս տարի ունե՞ս քննություններ:
– Քննություն այս տարի չունեմ, բայց եթե անգամ ունենայի, որեւէ խնդիր չեմ տեսնում, կարելի է օնլայն անցկացնել: Դպրոցում հեշտ է, ընդունելության համար պիտի լավ մտածել:
– Ի՞նչ քեզ տվեց այս հեռավար ուսուցումը: Արդյո՞ք հոգեբանական առումով հեշտ կլինի վերադառնալ դասարան, գրատախտակի մոտ:
-Ճիշտն ասած, արել ենք հեռավար դասեր գյուղերի դպրոցների հետ, որոնք չունեին աշխարհագրության ուսուցիչ, բայց ծիծաղելի վատ: Հիմա ես տիրապետում եմ գործիքներին, հմտություններ ունեմ: Կարող եմ միանալ ցանկացած դպրոցի ու ուսանելի դաս անել: Շատ լավ կողմեր ունի, բայց, ինչպես մեծ չափաբաժնով ամեն լավ բան, կարող է վնասել, օրինակ՝ մարդկային շփումներին: Մարդկանց դարձնել չշփվող, ներփակված, իսկ մարդը սոցիում է, իր նմանների հետ հարաբերվելու կարիք ունի:
Գրատախտակի մոտ հաճույքով եմ վերադառնալու: Երեխեքին կարոտել եմ:
Զրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2020