Հարցազրույց տնտեսագետ, «Երեւան- Աուդիտ» ընկերության ղեկավար Լեւոն Ղոնյանի հետ
Վարչապետ Փաշինյանը պաշտոնավարման առաջին ամսում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հետեւյալ միտքն արտահայտեց, թե ըստ էության մշակույթը երկու անհատի փոխհարաբերություն է։ Ի դեպ, «Առավոտը» վերջին շրջանում մշակութային թեմաներով զրույցի է հրավիրել ոչ միայն արվեստագետների, այլ նաեւ առաջին հայացքից մշակույթի հետ կապ չունեցող ոլորտի մարդկանց։ Մեր հերթական զրուցակիցը երիտասարդ տնտեսագետ Լեւոն Ղոնյանն է։
– Հատկապես համաճարակի ժամանակահատվածում մարդկանց մոտ ոչ միայն վախ, այլեւ անորոշություն է առաջանում՝ կապված ֆինանսական ապահովության հետ, մանավանդ՝ այս օրերին շրջանառվում է այն վարկածը, թե կորոնավիրուսին հետեւելու է տնտեսական ճգնաժամը։
– Այս օրերին առավել արդիական է դարձել ֆինանսները տնօրինելու ունակությունը, որը ներառում է դրանք չկորցնելու եւ հնարավորության դեպքում բազմապատկելու հմտությունը։ Անորոշ ապագայի նկատմամբ վախը հաճախ ստիպում է մարդկանց կամ ստիպելու է վերագնահատել իրենց ֆինանսների նկատմամբ վերաբերմունքը։ Օրինակ, մինչ համավարակը որեւէ ընտանիք չէր կատարում տարեկան ընտանեկան բյուջեի պլանավորում, սակայն ֆինանսների սակավությունը բերում է ծախսերի կրճատման եւ խնայողական ռեժիմի։ Մինչ նման իրավիճակներում հայտնվելը, անհրաժեշտ էր ունենալ ֆինանսական անվտանգության «բարձիկ»՝ առնվազն վեցամսյա հաշվարկով։ Եթե մարդն ինչ-ինչ պատճառով դառնում է գործազուրկ, նա պետք է մինչ նման կարգավիճակում հայտնվելը ստեղծած լիներ ֆինանսական խնայողություն, առանց լրացուցիչ սթրեսի՝ հայտնված անորոշությանը դիմակայելու համար…
– Կարծում եք՝ աշխատավարձով կամ օրավարձով ապրող մարդը կարո՞ղ է նման «ճոխություն» իրեն թույլ տալ։
– Ֆինանսական աշխարհում նույնպես կիրառելի է «խաղաղության ժամանակ պատրաստվիր պատերազմի» աֆորիզմը։ Այլ կերպ ասած՝ խնայել պետք է միշտ, չափավոր։ Եթե մարդ յուրաքանչյուր ամիս աշխատավարձից խնայի առնվազն 5-10 տոկոս, ապա կկարողանա դիմակայել գործազրկությանը՝ մինչեւ աշխատանք գտնելը։
– Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ մարդը պետք է ունենա, այսպես կոչված՝ խնայելու մշակույթ։ Ի դեպ, գոնե մեզանում, հանրության կողմից մշտապես խրախուսվում է առատաձեռնությունը, այլ կերպ ասած՝ «ջոմարդ մարդը»…
– Համամիտ եմ։ Հայերիս բնորոշ է ճոխ ապրելակերպը, ձեր խոսքով՝ ջոմարդ մարդու կերպարը, որն, ի դեպ, պատուհաս է դառնում ճգնաժամային իրավիճակներում։ Հավելեմ, որ մարդուն առհասարակ բնորոշ է դրական սպասումներով ապրելակերպը, որի վառ օրինակ է միայն աշխատավարձով ապրող մարդու կողմից, ասենք՝ 25 տարի տեւողությամբ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելը։
Տնտեսագիտության ոլորտում հայտնի է տնտեսական ճգնաժամերի պարբերական բնույթը, օրինակ՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամը, 11 տարի անց էլ ականատեսն ենք համաշխարհային երկրորդ ճգնաժամի՝ նոր կորոնավիրուսի…
– Ստացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ սպասենք ճգնաժամի…
– Դա ես չեմ ասում, պատմությունն է արձանագրում։
– Վերադառնանք խնայողություններին։ Ենթադրենք՝ մարդը խնայել է, պայմանական՝ 1 մլն դրամ, ինչպե՞ս այն տնօրինի։
– Հայաստանում տարածված է խնայողությունները տնօրինելու երկու մեթոդ՝ ավանդ եւ անշարժ գույքի ձեռքբերում, որոնք ունեն նաեւ մինուսներ, ինչը հաստատ կհետաքրքրի ընթերցողներին։ Տեսեք՝ ավանդի տոկոսադրույքները Հայաստանում անշեղորեն նվազում են՝ մոտենալով գնաճի ցուցանիշին։ Ավանդի դեպքում քաղաքացին լավագույն դեպքում փաստացի պահպանում է սեփական գումարը, այլ ոչ թե բազմապատկում այն։ Անշարժ գույքի դեպքում, եթե այն նախատեսված է վարձակալության նպատակով, մարդը տարիներ շարունակ ետ է բերում իր սկզբնական ներդրումը՝ չստանալով լրացուցիչ եկամուտ…
– Ստացվում է՝ մեզ մոտ ընդունված երկու ֆինանսական գործարքներն էլ արդարացված չե՞ն։
– Կարելի է ասել, որ ֆինանսապես արդարացված չեն, սակայն կիրառվում են՝ փողը անհարկի չվատնելու եւ պարզապես խնայելու համար։ Հավելեմ, որ մոռացանք նշել վերջին շրջանում հաճախ քննարկված շահումով խաղերի ոլորտում (նկատի ունի խաղադրույքները, օնլայն կազինոները եւ այլն) քաղաքացիների կատարած «ներդրումները»։
– Ապահով ներդրումների դեպքում կա՞ կայուն եկամտի աղբյուր։
– Քաղաքակիրթ աշխարհը ստեղծել է այդպիսի եկամտի աղբյուրներ, որոնք ներկայումս ներդրվում են Հայաստանում։ Դրանք են, մասնավորապես՝ պետական եւ մասնավոր հատվածի պարտատոմսերը, ոսկով ապահովված ավանդները եւ արժեթղթերով գործարքները։ Դրանք այն քաղաքակիրթ ֆինանսական մշակույթի բաղադրիչներն են, որոնք մեզ մոտ դեռ սաղմնային փուլում են։
– Ֆինանսական մշակույթ ներդնելու գործում դեր ունի՞ պետությունը։
– Միանշանակ։ Ըստ իս՝ պետության դերը համապատասխան միջավայր ստեղծելն է, այդ թվում՝ օրենսդրական, ինչպես նաեւ լուսավորչական, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը։ Օրինակ՝ Ֆինլանդիայում ֆինանսական գրագիտությունը «ներարկվում» է դպրոցական տարիքից, ինչի արդյունքում փոքրիկ քաղաքացու մոտ ձեւավորվում է ֆինանսների հետ վարվեցողության մշակույթ։
– Վերադառնանք մեր իրականություն, մեր օրեր։ Հաճախ ենք լսում, որ ստեղծված ճգնաժամը նաեւ հնարավորություններ է ստեղծում։ Չի բացառվում, որ հենց այս օրերին մարդ կարող է իր փոքրիկ բիզնեսը ստեղծի կամ ձեռք բերի նոր մասնագիտություն…
– Հարցին պատասխանեմ տնտեսական ակտիվության տեսանկյունից. նոր տնտեսական հնարավորություններ տեսնելու, ինքնակրթվելու եւ լրացուցիչ մասնագիտություն ձեռք բերելու իսկական ժամանակն է հիմա։ Օրինակ, ես սկսել եմ ուսումնասիրել եւս մեկ օտար լեզու ու արժեթղթերով գործարքների իրականացման արվեստը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2020