Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են բռնության ենթարկված կանայք խուսափում դիմել ոստիկանություն

Ապրիլ 23,2020 12:30

ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի  վարչությունը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի՝ աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց սպանության վայրն ամենից հաճախ դառնում է հարազատ տունը:

2017 թվականին սպանված 87 հազար կանանց ավելի քան կեսը դարձել է իր մերձավորների զոհը: Նրանցից մոտավորապես 30 հազարը զոհվել է զուգընկերոջ՝ ամուսնու կամ կենակցի ձեռքով, եւս 20 հազարը սպանվել է ազգականների կողմից:

Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային երեւույթ է եւ հանդիպում է աշխարհի բոլոր վայրերում եւ հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Հայաստանում: Եվրոպայում այն դատապարտվում է Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայով, որը մարդու իրավունքների պայմանագիր է՝ ուղղված կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին: Այն ստորագրվել է ԵՄ բոլոր պետությունների կողմից: Ըստ Ստամբուլի կոնվենցիայի՝  չի կարող լինել կանանց եւ տղամարդկանց միջեւ իրական հավասարություն, եթե կանանց ենթարկում են բռնության, իսկ պետությունները աչք են փակում այդ հանգամանքի վրա:

Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպայի խորհուրդը կիսում են կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության վերացման ընդհանուր նպատակը: Այդ նպատակին հասնելու համար Եվրոպայի խորհրդի անդամ 34 պետություն վավերացրել է Ստամբուլի կոնվենցիան:

2018 թվականի հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին ոստիկանություն 695 ամփոփագիր է ներկայացվել:

Հերոսուհիս ցանկացավ հանդես գալ անանուն: Բռնության է ենթարկվում ամուսնու կողմից, երբ ամուսինը հարբած է լինում: Սթափ վիճակում ամուսինը իր վրա երբեք ձեռք չի բարձրացնում: Շատ է փորձել համոզել ամուսնուն այցելել վերականգնողական կենտրոն, որպեսզի ազատվի ալկոհոլի հանդեպ կախվածությունից: Գնալու խոստումներ եղել են, բայց այդպես էլ ամուսինը չի համաձայնում բուժվել:  Հարցին՝ ինչու չի դիմում ոստիկանություն, նա պատասխանեց, որ վախենում է եւ ամուսնուց, եւ ամուսնու համար:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի  խոսքով՝  հիմնականում իրենց անձի հանդեպ բռնության մասին խոսում են  միջին եւ միջինից ցածր տարիքի կանայք, քանի որ միջինից բարձր տարիքի կանայք չեն դիմում որեւէ երրորդ անձի կամ կազմակերպության: Հատկապես հայաստանյան իրավիճակում այն տաբու է համարվում: Մարդիկ ամաչում են իրենց խնդիրները լսելի դարձնել եւ բաց դարձնել հասարակության այլ օղակների համար:

Մյուս հերոսուհին՝ Սոնան բռնության ենթարկվելով ամուսնու տանը՝ դանակահարվելով ամուսնու կողմից, հղիության ընթացքում ապաստան է փորձել գտնել հայրական տանը:  Այնտեղ մի քանի օր մնալով՝ ենթարկվել է հոգեբանական բռնության: Հայրն ու եղբայրն անընդհատ նրան մեղադրել են ամուսնալուծության համար, չեն հավատացել նրա խոսքերին եւ նրան որակել են որպես անբարոյական: Աննան այժմ ապրում է իր բալիկի հետ՝ իր վարձած բնակարանում: Ոստիկանություն չի դիմել ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

Ֆիզիկական վնասվածքներից բացի, բռնությունն առաջացնում է վախ, պատճառում տառապանք եւ բերում է ինքնավստահության կորստի: Այն նաեւ բացասաբար է անդրադառնում կանանց ընդհանուր ինքնազգացողության վրա եւ թույլ չի տալիս նրանց լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին: Հոգեբան Սաթեն Գրիգորյանի խոսքով, այժմ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար: Դրանց շնորհիվ կանայք դառնում են ավելի ինքնավստահ, քանի որ գիտեն, որ հարկ եղած դեպքում պաշտպանված են եւ ունեն աջակցություն: Ըստ հոգեբանի՝ բռնությունը հիմնականում ծագում է մանր կենցաղային խնդիրներից: Օրինակ՝ երբ տղամարդիկ փորձում են սահմանափակել իրենց կողակցին շատ հարցերում: Նմանատիպ հարցերը լուրջ խնդիրների են հանգեցնում հատկապես այն ժամանակ, երբ կանայք փորձում են ընդվզել: Այժմ նկատելի է այն միտումը, որ կանայք մեծամասամբ չեն լռում այն ամենի մասին, ինչն իրենց դուր չի գալիս, փորձում են ազատ լինել իրենց դիրքորոշումներում եւ ապրել սկզբունքներին հավատարիմ՝ զերծ դարեր շարունակ փոխանցվող մտածողությունից:

Մայա ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930