Հայաստանից արտագաղթած մի մեծ խումբ հայեր, կարոտների ձեռքը կրակն ընկած, հավաքվեցին իրար գլխի, ժողով արեցին, որ մի հնար գտնեն` ազատվեն այդ անխիղճներից:
Ընտրեցին նախագահ ու քարտուղար:
Նախագահն սկսեց (նախագահելու մեծ փորձառությամբ մէկն էր).
-Այսպես չի լինի, եղբայրներ ու քույրեր, մեղք ենք մենք. մի՞թե չենք կարող ապրել առանց այդ կարոտների: Տանջում են դրանք մեզ ոչ միայն օրը ցերեկով, այլեւ գիշերներն էլ հանգիստ չեն տալիս: Հնարավոր չէ այսպես շարունակել, պետք է մի ճար գտնել ու դրանցից ազատվել: Հիմա, ձեզանից ո՞վ է ուզում ըստ էության արտահայտվել:
-Այո,-սկսեց մեկը,-ճիշտ է ասում ընկեր … ըըըը… ձեր ազգանունը ոնց ա՞…
Սրան ընդհատեցին. «Ոչ թէ ընկեր, այլ` պարոն: Քո «ընկերը» այնտեղ մնաց, հիմա մենք միստրներ եւ միսիսներ ենք, OK?
-Դու լռիր, փըլիզ (please)-ձայնակցեց մի ուրիշը -եթե կուզես իմանալ, էդ քո չսիրած «ընկեր»-ին էլ երբեմն նույնիսկ կարոտում ենք: Քարը գլուխը, ճիշտ է, կեղծ ընկեր-ընկեր էինք ասում, բայց իսկական ընկերությունն այնտեղ մնաց: Ումի՞ց մի բան խնդրեիր` կարեցածի չափ չէր հասնի, չէր օգնի, երբեմն ինքն էլ չունենար` ուրիշից կառներ ու քեզ կտար: Ո՞ւմ դուռը թակեիր` ներս չէր հրավիրի, սեղան չէր բացի: Չէ, քո հոս տեղի միստր-միսիսների նման, վախից դուռն էլ չեն բացում, բացելիս էլ քիչ է մնում` չճանաչեն: Ա՜խ, հալալ չէ՞ր այնտեղի ընկերութիւնը… Ո՜նց եմ կարոտել իմ ընկերներին…
-Յավրում, – խոսեց տարեց մեկը, – հոս հավաքվեր ենք կարոտների դեմն առնելո՞ւ, թէ՞ ավելի կարոտելու, արագ որոշում մը կայացրեք:
-Ճիշտ է ասում,-ավելացրեց ջահել մի կին,-կա՛րոտ, կա՛րոտ, կա՛րոտ…, տըժվըժիկ սարքեցիք, տո…
-Տըժվըժի՜կ,- ծոր տվեց մի ուրիշը,- հիշում է՞ք Ներսիսյանին ու Կոթիկյանին: Բա «Ոսկե ցլի՜կը», բա «01-99»-ը, բա մյուսնե՜րը…Հավաքվում էինք հարեւաններով մեկն ու մեկիս տանը, ճիշտ է` ըստեղի թիվիի նման թիվի չէր, բայց էլի տելեվիզոր էր, նայո՜ւմ էինք, բոլ-բոլ ծիծաղո՜ւմ… Ըստեղ մարդ գլուխ չի հանում` ոչ արեւելահայերեն ա, ոչ արեւմտահայերեն ա… Երեւի նոր լեզու ա` լոսանջելոսահայերեն: Չեմ իմանում, ես իմ տելեվիզորն եմ ուզում, իմ նախկին հարեւաններին եմ ուզում, շա՜տ եմ կարոտել…
-Այսպիսի բա՞ն կլինի,-նեղսրտեց նախկինում (Հայաստանում) «ցեխավիկ» (գործարար, արտադրամասի վարիչ) աշխատած, իսկ այստեղ՝ Լոս Անջելեսում, պետական նպաստ (վելֆեր) ստացող, միջին տարիքի մեկը,- այնտեղի ժողովները սարքեցինք, խոսում, խոսում ենք, բան չենք անում, հո մինչեւ իրիգուն սոված-ծարավ չե՞նք նստելու: Այ ջահել,- դիմեց անկյունում անտարբեր նստած, մտախոհ, ինքն իրենից «բացակա» մի երիտասարդի (որի սիրած աղջիկը մնացել էր Երեւանում),-թռի մի բաժակ ջուր բեր:
-Ջո՜ւր,- դժգոհ փընթփընթաց մի ծեր կին,-հողեմ սրանց գլուխը, ջուրն էլ մի ջուր ըլի: Մարդ է՞լ չկարենա կռանթը բացի ու ջուր խմի: Բա որ իմանայի ըստեղ ջուրն ըսենց ախմախ ջուր ա, էդ հլա մի յան, համ էլ փողով ա` ըսկի չէի գա: Ըսենց բա՞ն կըլնի, ըսենց ջո՞ւր կըլնի` ոչ համ կա մեջը, ոչ բարաքյաթ: Ես իմ Երեւանի ջուրն եմ ուզում…
-Ա’յ տիկին, – բորբոքվեց նախագահը, -ի՞նչ ես կպել` ջուր, ջուր… Դո՞ւ ինչից ես բողոքում. 500 դոլարից ավել թոշակ ես ստանում. այնտե՞ղ ինչքան էին տալիս: Այստեղ ձրի մեդիքերդ կա, ուտելիքը, խմելիքը` լիքը, ապրիր, էլի՜, հո հազար տարի չե՞ս ապրելու:
-Հազար տարի չեմ ապրելու, բայց ես ընդեղ իմ տունն ու տեղն ունեի, իմ հայաթը, իմ բախչեն, իմ ազիզ – ազիզ հարեւանները… Ըստեղ ամիսը յոթ-ութ հարյուր դոլար տան վարձ եմ տալիս, իսկ հարեւաններս` էլ սեւ ու դեղին, էլ մեքսիկ ու հնդիկ, էլ չինացի, կորեացի, ճապոնացի…ախըր սրանց ըսկի իրարից չեմ կարում ջոկել, տո էդ հլա ջհանդամը, ոչ մեկը չի կարում հետս հայերեն խոսա, սաղ անգրագետ են, ինչ ասում եմ, ասում են օքեյ, օքեյ, զահըրմար, էն օրն էլ կատաղեցի, մեկին ասում եմ` թաղեմ բոյըդ, էլի ասում ա օքեյ… Ընդեղ տանս մեջ մարդ էլ սպանեին` հարեւանս չէր իմանա, իսկ ըստեղ իրիգունը ժամը 10-ից հետո փըռըշտաս` հարեւանդ փոլիս կը կանչի, ընդեղ մինչեւ մահս ես իմ տան գլխին կըլնեի, իսկ ըստեղ շուտով ինձ էլ կը տանեն, կգցեն ծերանոց: Ինձ ո՞վ ա ըստեղ բանի տեղ դնում: Թոռներիս էլ, որ մի նկատողություն եմ անում, ասում են` իրավունք չունես, մենք ազատ ենք, դու սուս, թե չէ կզանգենք փոլիս, կգան քեզ կտանեն… Ընդեղ, որ մեր տունը մարդ էր գալիս` ինձ պատիվ էին տալիս, ասում էին` մեր խանում-խաթուն մայրիկն ա: Էկանք ըստեղ, հիմա էլ ասում են` էս էլ, յանի` ես, մեր Իկոնան ա: Իկոնան, ինչքան գիտեմ, էն ռուսական սրբապատկերներն են, իսկ իմ անունը Սիրանուշ ա, ընչի՞ փոխեցին անունս, դրին Իկոնա, հը՞…
Հավաքվածները, մի պահ մոռացած ամեն մի կարոտ, երկա՜ր ծիծաղեցին: Բանն այն էր, որ Ամերիկա ներգաղթած տարեցներին պետությունն անմիջապես թոշակավորում էր, իսկ սրամիտ հայերը այդպիսի տարեցներին անվանում էին «իկոնա»… Ու հաճախ մեկը մեկին հարցնում էր` վիճակդ ո՞նց ա, գոնե «իկոնա», այսինքն` տարեց, թոշակառու մեկը կա՞ տան մեջ…
Ժողովականներից մեկն էլ թե` հըլը լսեք, մի հատ թազա անեկդոտ պատմեմ: Ուրեմն գեղից էկած մի բիձա թոռներին ասում ա` այ խոխեք, ինձ բերեցիք ըստեղ, անլիզու հայվանի պես չեմ կարում ոչ մեկի հետ խոսամ, բա որ մի օր փողոցում կորեմ, ուզենամ մեկին մի բան հարցընել, ո՞նց պըտի ըլի իմ հալը, հը՞… Թոռներն էլ բիձուն ձեռ են առնում, ասում են` այ պապի, հայերենն ու անգլերենը նույն բանն են, էնա բերանըդ ծըռում ես մի յանի վրա, հայերեն խոսում ես` ստացվում ա անգլերեն… էս բիձեն ուրախանում ա, որ արդեն անգլերեն գիտի, հաջորդ օրը դուրս ա գալիս փողոց, որ անգլերեն խոսի… Տենում ա դեմիցը իրա նման մի բիձա յա գալիս, բերանը մի լավ ծռում ա աջի վրա ու հարցնում ա` ըստեղ ապտեկան որտեղ ա, իսկ դիմացինն էլ իր հերթին բերանը ծռում ա ձախի վրա ու ասում ա` ըսենց ուղիղ կեթաս մինչեւ քուչի ռուքը, կթեքվես աջ, մի բոյով ծառ կա, հենց դրա կշտինա… Էս առաջին բիձեն ասում ա` արա՛, կարող ա՞ հայ ես, նա էլ պատասխանում ա` հա՜, իսկ սա էլ թե` արա բա խի՞ ենք անգլերեն խոսում…
Ծիծաղից խեղդվում էին… Տխուր մարդիկ մի փոքր ուրախ բանից տասնապատիկ ավելի են ուրախանում… Բոլորը խոսում էին, հուշեր, դեպքեր վերհիշում, ծիծաղում…, արտասվողներ էլ կային…
Իսկական սովետի ժողով դարձավ… Մեկն էլ ասաց` մի- մի թաս բան չխմե՞նք…
Մեկին ուղարկեցին սուպերմարկետ` գնաց մի քանի շիշ հայերի սիրած «Ստոլիչնայա» վոդկա բերեց, կոկա-կոլա, սեւըն-ափ, հայկական լավաշ, պանիր, բաստուրմա… («Աստեղէն դուրս ելնեմ, կարմիր լոլիկ ալ բիդի չուդեմ»- ասողներ կային ժողովականների մեջ) -հա, կաս-կարմիր լոլիկ էլ բերեց (բայց Հայաստանի լոլիկի համն ուրի՜շ էր), վարունգ, զեյթուն, ջերմո՜ւկ, թարխուն, ռեհա՜ն… «Ռոնս» սուպերմարկետի տերերին (հայեր էին) օրհնի ԱՍՏՎԱԾ, ամեն ինչ ունեին, ամեն երկրից բերում էին ու նաեւ` Հայաստանից…
Ու … սկսվե՜ց…
«Դլե յաման» երգեցին, հետո` «Հայրենիքես հեռացել եմ, խեղճ պանդուխտ եմ, տուն չունեմ», հետո` «Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս», «Քելե լաո»… Ու լաց եղան, հիշեցին Հայրենիքում անցկացրած օրերը, դեպքերը, քեֆերը, հարազատներին, ընկերներին, հիշեցին չգիտես ում «փայ հասած» իրենց տները, բոստանները, այգիներն ու խաղողի թառմաները, հետո` փողոցները, խանութները… , հերթերը…, շա՜տ բաներ` թէ՛ լավը, թէ՛ վատը…, այնուամենայնիվ` իրե՛նցը, հայի՜նը…
Հետո աստիճանաբար հանդարտվեցին, «խելքները գլուխները եկավ» ու հիշեցին, թէ ինչի համար են հավաքվել: Արդեն կիսահարբած նախագահը վերստին անցավ օրակարգի միակ հարցին.
-Ջիգյարնե՛ր, լա՛վ, հերի՛ք ըլաւ, բո՛լ ըլավ, ինչ արել ենք` մեր ձեռով ենք արել, մեզ ոչ ոք զոռով չհանեց մեր երկրից ու չուղարկեց էս երկիրը: Ճիշտ է, թերություններ շա՜տ կային, որտե՞ղ չկան. Մենք էլ հնարավորություն ունեինք գալու ու մեր կամքով վեր կացանք, եկանք: Բայց` Հայրենիքը չլքեցինք, այլ` կարգերից փախանք… Մեր հայրենիքը միշտ էլ մեր հայրենիքն է: Էս խմորը հլա շատ ջուր կքաշի: Հիմա, ինչ եղել-եղել է: Այսօր հավաքվել ենք այստեղ, որ վերջ տանք մեզ տանջող կարոտներին: Եկեք մի մարդու նման խոսք տանք ու երդվենք, որ սրանից հետո թույլ չենք տալու, որ կարոտները մեզ խեղդեն, սպանեն: Ուստի՝ մե՛նք պետք է սպանենք կարոտներին: Լսո՞ւմ էք, սպանե՛նք ու թաղե՛նք…
Մի դագաղ բերեցին, դրեցին սրահում: Բոլորն իրենց կարոտները հանեցին իրենցից, ու դրեցին դագաղի մէջ: Տարան գերեզմանոց: Անձայն, նույնիսկ առանց արտասվելու, թաղեցին ինչ-որ չինացու եւ մեքսիկացու կողքին: Հոգեւորական էլ կար նրանց մեջ, եւ նա պատշաճորեն կատարեց հուղարկավորման արարողությունը: Ու բոլորը միասին վերադարձան ժողովատեղի, որ վերջին անգամ մի-մի ողորմաթաս խմեն: Ներս մտան ու տեսան, որ յուրաքանչյուրի աթոռին, ուր նստած էին ժողովի ժամանակ, նստել էին… քիչ առաջ թաղված կարոտները…
Բոլորը քարացան իրենց տեղերում: Ապա ամեն մարդ մոտեցավ իր կարոտին, խոնավացող աչքերով գրկեց նրան, եւ առանց միմյանց մնաս բարով – գնաս բարով ասելու, իրենց կարոտներն առած, դուրս եկան սրահից…Արդեն դրսում, այն մտախոհ երիտասարդը, ինքն իրեն, հազիվ լսելի շշնջաց` փող ունենայի` հենց վաղը կվերադառնայի…Նրա կողքից քայլող նախկին «ցեխավիկն» ասաց` գնա, ցավդ տանեմ, ես քո տոմսը կառնեմ, միայն թե գնա ըստեղից, ես էլ, քանի էրեխեքս հլա չեն մեծացել, փչացել, հավաքեմ, տանեմ…
Սասուն ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
դեկտեմբեր, 1986թ.,
Լոս Անջելես
«Առավոտ» օրաթերթ
22.04.2020